Բունդեսլիգան լավ օրից չէ վերսկսվել․ մի շարք ակումբներ սննկացման եզրին են

Բունդեսլիգան լավ օրից չէ վերսկսվել․ մի շարք ակումբներ սննկացման եզրին են

18/05/2020 - 13:13

Հիշո՞ւմ եք՝ որքան լավ էր ամեն ինչ փետրվար ամսին. մարդիկ ապրում էին բնականոն կյանքով, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը մեկ ամիս անց ողջ աշխարհում ահագնանալու է կորոնավիրուսի համաճարակը, նոր-նոր մեկնարկել էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ը, իսկ եվրոպական թոփ առաջնությունները պատրաստվում էին թեժ վերջաբանի։ Այս ամենը տեղի է ունեցել ընդամենը երեք ամիս առաջ, սակայն, թվում է՝ անցել է մեկ հավերժություն, իսկ դրանից հետո ամբողջ աշխարհում կյանքը գլխի վայր շուռ է եկել։ Կորոնավիրուսը փոխել է մարդկանց կյանքը 180 աստիճանով։

Գերմանական Բունդեսլիգան տարեց տարի զարգանում է՝ ամրապնդվելով եվրոպական թոփ առաջնությունների շարքերում։ Բունդեսլիգան տնտեսական և ֆինանսական տեսանկյունից կարելի է համարել Եվրոպայի ամենազարգացող առաջնությունը։ Վերջերս առաջնության ղեկավար մարմինները հրապարակեցին «ամենահպարտ» հաշվետվությունը։ Գերմանական ակումբների ֆինանսական կայունության գործակիցը ամիսներ առաջ գրանցել է պատմության ամենաբարձր ցուցանիշը՝ 48%։ Բունդեսլիգայի ակումբներում աշխատատեղերի թիվը տարեց տարի աճում է, իսկ երկու Բունդեսլիգաների ակումբների ընդհանուր շահույթը վերջին մեկ տարում կազմել է 5 մլրդ եվրո։ Արդեն 15 տարի այդ արդյունքն ամեն տարի ռեկորդային արդյունք է գրանցում։

Այդ հաշվետվության ներկայացումից ընդամենը մեկ ամիս անց տեղի ունեցավ Բունդեսլիգայի պատմության առաջին հանդիպումը, որն անցկացվեց առանց հանդիսականների ներկայության։ 2020 թվականի մարտի 11-ին առաջնության դադարից առաջ Մյունխենգլադբախի «Բորուսիան» դատարակ տրիբունաների ներքո «Բորուսիա Պարկ» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Քյոլնին»։ Այդ օրը շատերը դեռևս չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Դատարկ էին ոչ միայն «Բորուսիա Պարկի» տրիբունաները, այլև թե՛ ֆուտբոլիսների, թե՛ մարզիչների և թե՛ ակումբների ղեկավարների և այլ մասնագետների սրտերը։ Անհասկանալի էր, թե ինչպես կարելի է ապրել առանց ֆուտբոլի կամ էլ խաղալ առանց երկրպագուների մասնակցության։

Մարտի 11-ին Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 424 դեպք։ Վարակման դեպքերը ներկայումս տատանվում է 400-800-ի սահմաններում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ հիվանդության պիկը միանշանակ անցել է ապրիլ ամսին։ Գերմանիան այն քիչ երկրներից է, որտեղ վարկման և մահացության դեպքերի գործակիցը բավականին ցածր է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Գերմանիայում ամեն 100 մարդուց մահանում է 4,5-ը, և իմանալով Գերմանիայի առողջապահական համակարգի հնարավորությունները, միանշանակ, այդ թվերին կարելի է հավատալ, սակայն պետք է նշենք, որ Գերմանիայում Բունդեսլիգայի մեկնարկն այնքան էլ կապված չէ վարկման դեպքերի նվազման հետ։

Գերմանական առաջնությունը Եվրոպայում համարվում է ամենապահպանողական առաջնություններից մեկը։ Բունդեսլիգայի ակումբների մեծամասնությունը, այսպես կոչված, ավանդական են, և որպեսզի կարողանան պահպանել հին գաղափարները։ Բունդեսլիգայի ղեկավարները չեն թույլատրում որևէ ներդրողի ձեռք բերել գերմանական ակումբների բաժնետոմսերի 49%-ից ավելին։ Ճիշտ է՝ կան որոշ բացառություններ, սակայն դրանք այնքան քիչ են (ամենահայտնին «Հոֆֆենհայմի» օրինակն է):

«50+1» հանրահայտ կանոնը Գերմանիայում ստեղծվել է, որպեսզի խուսափեն այնպիսի խնդիրներից, ինչի առաջ կանգնել են շատ ակումբներ, ինչպիսիք են «Անժին», «Մալագան» և այլ ակումբներ, որոնց բաժնետոմսերը ժամանակին ձեռք են բերվել միլիարդատեր համարվող գործարարների կողմից, սակայն այդ ակումբներն այդպես էլ չեն արդարացրել բոլոր սպասելիքները։ Գերմանիայում միանշանակ շատ լավ հասկանում են, որ ցանկացած բիզնես այնքան դինամիկ է, որ ցանկացած պահի կարող է ամեն ինչ փոխվել։

Սակայն, ո՞վ կմտածեր, որ մեկ օր այդ ոսկյա կանոնրը կարող է «մահացու» վտանգավոր դառնալ գերմանական որոշ ակումբների համար՝ վերածելով կորոնաճգնաժամի։ Այս համատարած ճգնաժամի պայմաններում գերմանական ակումբներն ավելին քան երբևէ ունեն լրացուցիչ ներդրումների կարիք։ Ֆրանսիայում արագ հրաժարվեցին շարունակել մրցաշրջանը, սակայն Լիգա 1-ի ակումբները հիմնականում պատկանում է տարբեր շեյխերի, միլիարդատեր բիզնեսմենների կամ որևէ ընկերությանը։

Ըստ KPMG Football Benchmark-ի տվյալների՝ հեռուստահեռարձակումների իրավունքի վաճառքից Բունդեսլիգան վաստակում է 1,5 մլրդ երվո, ինչը երրորդ արդյունքն է անգլիական Պրեմիեր լիգայից և իսպանական Լա լիգայից հետո։ Գերմանական ակումբներն իրենց եկամտի 33-37% վաստակում են հենց հեռուստահեռարձակումների իրավունքի վաճառքից։ Որոշ փորձագետներ հաշվարկներ էին կատարել, ըստ որի եթե Գերմանիայում առաջնությունն այդպես էլ մնար անավարտ, ապա գերմանական 36 ակումբներ միասին վերցրած կկորցնեին 750 մլն եվրո, սակայն ամենասարսափելին այն է, որ փողերի հետ միասին գերմանական ֆուտբոլն այդ կերպ կկորցներ ոչ միայն գումար, այլև 13 ակում, որոնց անունները չի հրապարակվում։ Գերմանական ֆուտբոլային լիգան միանշանակ հաշվի է առնում, որ ներկա պահին ցանկացած ակումբ յուրաքանչյուր պահի կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնել։

Ամենայն հավանականությամբ՝ մեդիաիրավունքների վաճառքը մոտ ապագայում կկորցնի իր հեղինակությունը գերմանական ակումբների հիմնական եկամուտներում, սակայն, պետք է նշենք, որ ընդհանուր առմամբ Բունդեսլիգան վերսկսվել է դրա վաճառքից ստացված գումարների համար։ Հետագայում որևէ մեկը չի կարող բացառել կորոնավիրուսի երկրորդ ալիքի կամ նման այլ վարակի բռնկմումը, սակայն, եթե այժմ չվերսկսվեր առաջնությունը, ապա վատագույնը դեռ առջևվում կլիներ, քանի որ այս իրավիճակում ակումբները որևէ եկամտի աղբյուր չունեն, իսկ մեդիաիրավունքների վաճառքից ստացված գումարները թույլ կտա մեղմել իրավիճակը։

Տպավորիչ ֆինանսական հաշվետվությունը մարդկանց աչքին թոզ փչելու ձև է։ Այո՛, որպես տնտեսական և ֆինանսական համակարգ Բունդեսլիգան բավականին արագ տեմպերով զարգանում է, սակայն յուրաքանչյուր ակումբ ունի սեփական խնդիրները։ Գերմանական ակումբների ներքին խոհանոցը հիշեցնում է դպրոցական կյանք․ գերազանցիկները գնահատվում են հինգով, անգործները՝ երկուսով, ինչն էլ նպաստում է, որ միջին դասի աշխատակիցները սկսեն գերակշռել։ Ներկա պահին իրավիճակն այպիսին է․ առաջին և երկրորդ Բունդեսլիգաների 36 ակումբներից 8-ը չեն կարողանում վերարտադրտվել և վճարել աշխատավարձերը։ Ավելի հանգիստ վիճակում են թոփ ակումբները՝ «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը» և «Բայերը»։ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության գերմանական ակումբների ներկայացուցիչները վերջերս դրամահավաք են անցկացրել՝ հավաքելով 20 մլն եվրո գումար։ Եթե որևէ ակումբ ունենա դրա անհրաժեշտությունը, ավելի հարուստները կսկսեն օգնել իրենցից թույլերին։ Հենց սա է կոչվում գերմանական համերաշխություն։

Հետ գնանք 2002 թվական, երբ գերմանական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչենրից՝ «Բորուսիա Դորտմունդը» կանգնել էր ֆինանսական լուրջ խնդիրների առջև, իսկ 2004 թվականին մոտ էր նույնիսկ սնանկ ճանաչվելուն, սակայն ակումբը դուրս եկավ այդ դժվար իրավիճակից, քանի որ օգնության ձեռք էր մեկնել նույնիսկ«Բավարիան»։ Ո՛չ, ո՛չ, չենք ասում՝ «Բավարիայի» ղեկավարությունը ժլատ է կամ չկամ, պարզապես ամեն պահ չէ, որ որևէ թիմ կօգնի իր հիմնական մրցակիցներից մեկին։

Ներկա պահին ավելի վատ վիճակում են գտնվում ավելի ցածր դիվիզիոնները և սիրողական լիգաները ներկայացնող ակումբները։ Գերմանիայում ցածր դիվիզիոնների և կանանց առաջնության շարունակումը կախված է, թե որքան հաջող կընթանան առաջին երկու Բունդեսլիգաների շարունակությունը։ Փոքր ակումբներն ավելի շատ են կախված մեդիաիրավունքների վաճառքներից և հովանավորներից ստացվող գումարից, սակայն ներկա պահին գրեթե բոլոր պայմանագրերը խզման եզրին են, քանի որ ինչպես ակումբները, այնպես էլ ցանկացած բան արտադրող ընկերություն կամ հեռուստաընկերություն կանգնած են ֆինանսական լուրջ խնդիրների առջև և չեն կարող պահանջվող գումարները վճարել ակումբներին։

Եկեք պատկերացնենք հետևյալ իրավիճակը․ գարեջուր արտադրող մի ընկերություն գնում է ակումբներից մեկի մարզադաշտում հովանավորչական պաստառներ/գովազդային վահանակներ ունենալու իրավունքը։ Տվյալ ակումբը պետք է գարեջրի գովազդը սեփական մարզադաշտում ցուցադրեր հաջորդ 10 հանդիպումների ընթացքում, սակայն կայացել է միայն 6 հանդիպում, ու քանի որ 10 հանդիպումների համար նախատեսված գումարը վճարվել է նախօրոք, ակումբը պարտավորվում է վերադարձնել մյուս չկայացած 4 հանդիպումների համար նախատեսված գումարը վերադարձնել։ Ներկա պահին գերմանական բազմաթիվ ակումբներ կանգնած են նման խնդրի առջև, ինչն էլ առաջացրել է ֆինանսական ճգնաժամ։

Գերմանական փոքր ակումբները ներկա պահին մրցակցում են յուրօրինակ ձևով։ Հիմնականում նրանք վաճառում են վաուչերներ, որոնք կարելի է փոխանակել խաղերի տոմսերի, գարեջրի և նրբերշիկների հետ, եթե ցածր դիվիզիոններում առաջնությունը նույնպես վերսկսվի։ Եթե առաջնությունը չվերսկսվի, ապա այդ վաուչերները կդառնան ակումբների փրկության հիմնական աղբյուրներից մեկը։

Լայպցիգը ներկայացնող «Լոկոմոտիվ» ակումբը, որը ներկայացնում է Գերմանիայի նշանակությամբ չորրորդ դիվիզիոնը, վերջերս գեղեցիկ ակցիա իրականացրեց։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոյի նախաձեռնությամբ կազմակերպվեծ տոմսերի առցանց վաճառք «անտեսանելի» մրցակցի դեմ խաղի համար։ Վաճառվեց ավելի քան 180 հազար տոմս, որոնց արժեքը 1 եվրո էր։ Կարամբյոն 1987 թվականին «Բորդոյի» կազմում մրցել է «Լոկոմոտիվի» դեմ։ Այդ խաղում գրանցվել է երկու ակումբների հաճախելիության ռեկորդ․ խաղին ներկա են եղել ավելի քան 120 հազար երկրպագուներ։

Գերմանիայի արևմտյան ռեգիոնալ լիգան ներկայացնող «Էսսենը» և «Ալեմանիան» նույնպես նման ակցիա են անկացրել։ Կողմերը առցանց ընկերական հանդիպում էին կազմակերպվել, որի համար վաճառվել է հինգ հազար տոմս, տասը հազար գարեջուր և հինգ հազար նրբերշիկ։ Եթե առաջնությունը վերսկսվի, երկրպագուները գնված առցնաց տոմսերը, գարեջուրը և նրբերշիկները կարող են փոխանակել իրական ապրանքների հետ։ «Էսսենը» կորցրել է բյուջեի 1/3-ը։

Գումարային առումով երկրպագուների բացակայությունը ակումներն մեծ վնաս չի հասցնի։ Ակումբները տոմսերի վաճառքից և հանդիպումների ժամանակ վաճառվող ապրանքներից վաստակում են իրենց եկամտի միայն 13%-ը, և ամեն տարի այդ շահույթը նվազում է։ Երկրպագուները դեմ էին մրցաշրջանի վերսկսմանը, քանի որ ցանկանում էին իրենք էլ ներկա գտնվել խաղերին, սակայն խաղասեղանին դրված է ակումբների «կյանքի ու մահվան» հարցը։

 WDR  ռադիոընկերությունը հարցում է անցկացրել ֆուտբոլային երկրպագուներից դուրս շրջանակում, և ըստ այդ հարցման արդյունքների՝ գերմանացիների 60%-ը ցանկանում էր կրկին ֆուտբոլ դիտել, սակայն այստեղ կարելի է քաշել նաև հակադարձ կարծիք։ Տեղի հասարակությունը ֆուտբոլը կարող է դիտարկել որպես, այպսես կոչված, «գողական» բիզնես և առաջնությունը վերսկսվել է միայն ակումբների դրամապանակը կրկին լցնելու և վնասները հետ վերադարձնելու համար։ Այս պարագայում Բունդեսլիգայի նկատմամբ վստահությունը կսկսի նվազել, իսկ դա լուրջ հարված է գերմանական ֆուտբոլի հեղինակության համար։

Մեդիաիրավունքների վառաքից և գովազդային պայմանագրերից ստացված գումարներից հետո գերմանական ակումբների եկամտի հիմնական երրորդ աղբյուրը խաղացողների վաճառքից ստացված գումարն է, սակայն այս հարցում էլ միանշանակ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Կորոնավիրուսն առաջացրեց ֆինանսական խոշոր ճգնաժամ, ինչն էլ հանգեցրեց ակումբների տրանսֆերային բյուջեի նվազման և խաղացողների արժեքների անկման։ Այս իրավիճակը մեծ հարցականի տակ են դրել խոշոր գործարքները, որոնք նախատեսվում էին սույն թվականի ամռանը։ Ավելի փոքր ակումբները կվաճառեն իրենց աստղերին, որպեսզի կարողանան գոյատևել։ Ակումբներն այս իրավիճակում պետք է լավ մտածեն, թե որ խաղացողներին վաճառելու, և թե որոնց պահելու ակումբում, պետք է հաշվի առնեն տվյալ խաղացողի մարկետինգային նշանակությունը, քանի որ կորոնավիրուսի համաճարակի թեթևացումից հետո հավանական է, որ ակումբներ կլինեն, որոնք խաղաշապիկների վաճառքից, հնարավոր է, վաստակեն այնքան գումար, որը բավարար կլինի գոյատևել այնքան ժամանակ, մինչև կկարգավորվի ֆինանսական իրավիճակը։

Այս ֆինանսական ճգնաժամի իրավիճակում գերմանական ակումբենրը սկսում են հասկանալ, որ ֆինանսական դեմոկրատիան ներկա պահին իրենց թշնամին է՝ ակտիվացնելով և գրգռելով նաև «50+1» կանոնի հակառակորդներին։ Նրանք այս իրավիճակում ստացել են հզոր արգումենտներ, որպեսզի վերջապես ազատվեն այդ կանոնից։ Այդ մասին ուղիղ ակնարկում է նաև «Բավարիայի» նոր նախագահ Հերբերտ Հայները․

«Փոքր ակումբները պետք է իրենք որոշեն, թե քանի տոկոս բաժնետոմսեր են ցանկանում տրամադրել ներդրողներին։ «Բավարիայում» այդ կանոնն ավելի խիստ է. մենք տրամադրում ենք բաժնետոմսերի միայն 30%-ը, սակայն ոմանց անհրաժեշտ է ավելի շատ եկամուտ, իսկ ոմանց էլ անհրաժեշտ չէ։ Մենք ներկայումս ակնհայտ տեսնում ենք, թե ինչպես է այդ կանոնը վնասում ակումբներին։ Յուրաքանչյուր ակումբ իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ է իրեն հարկավոր»,- նշել է Հայները։

Ակնհայտ է, որ Covid-19-ը կստիպի գերմանական ակումբներին նոր բարեփոխումներ իրականացնել ֆինանսական ոլորտում։ Այս համաշխարհային ճգնաժամը գերմանական ակումբներին ցույց տվեց, որ պետք է ունենալ լրացուցիչ գումարներ գոյատևելու համար, այլ ոչ թե հույսը դնել «համերաշխության» ֆոնդի վրա։ Պետք է ունենալ նաև մասնավոր եկամուտ։

Փոխօգնության մտածողությունը միանշանակ հիանալի գաղափար է, սակայն դա կարելի իրագործել նաև այն դեպքում, երբ որևէ ակումբ ունենա մեկ բաժնետեր կամ առավելագույնը երկու-երեք, և նրանցից մեկը տիրապետի բաժնետոմսերի 50%-ից ավելին՝ դառնալով դոմինանտ բաժնետեր։ Այս իրավիճակում գերմանական Բունդեսլիգան վերսկսվեց, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, խաղասեղանին դրված է մի շարք ակումբների գոյատևման հարցը։ Ոչ ոք արդեն հաշվի չի առնելու, որ պայքար է գնում նաև մարդկային կյանքի համար։ Կոպիտ է հնչում, սակայն այդ նույն մարդիկ ցանկանում են փրկել նաև տարիներ առաջ ստեղծված ավանդույթները, ցանկանում են կրկին տեսնել ֆուտբոլ և միանշանակ չեն ցանկանում կորցնել ոչ միայն որոշ ակումբներ, այլև հսկայական գումարներ, սակայն մեկ բան պարզ է. այս հաշխարհային մարտահրավերի հաղթահարումից հետո լուրջ տնտեսական փոփոխություններ են տեղի ունենալու

Ստացվում է՝ Բունդեսլիգայի իդեալական ֆինանսական համակարգը այս համատարած ճնգաժամի պայմաններում ամենախոցելին է` դառնալով սեփական թշնամին։ Սպասենք փոփոխությունների։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով և առողջ եղե՛ք !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023