Իտալական անցուդարձ․ ի՞նչ է կատարվում Ա սերիայում🎥

Իտալական անցուդարձ․ ի՞նչ է կատարվում Ա սերիայում🎥

14/12/2020 - 13:01

Անցնող հանգստյան օրերին կայացավ իտալական Ա սերիայի 11-րդ տուրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան։

Ա սերիայի մասին խոսելիս չենք կարող չանդրադառանալ «Ռոմայի», իսկ ավելի կոնկրետ՝ Հենրիխ Մխիթարյանի փայլուն մրցելույթների մասին։ Հենոն ժամանկի ընթացքում դարձավ հռոմեական ակումբի իսկական առաջատարը։ 11-րդ տուրի շրջանակում «գայլերը» հյուրընկալվելիս պարզապես «չնկատեցին» «Բոլոնիային»՝ հաղթելով 1։5 հաշվով։

Որքան էլ զարմանալի է, բայց բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Պաուլու Ֆոնսեկայի թիմից մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն, Լորենցո Պելեգրինին, Ժորդան Վերետուն և Հենրիխ Մխիթարյանը, իսկ Անդրեա Պոլին գրավեց սեփական դարպասը։ «Բոլոնիայի» միակ գոլն էլ ինքնագոլի տեսքով գրանցվեց Բրայան Քրիստանտեի անվան դիմաց։

Հենոն այս խաղում իր անվան դիմաց գրանցեց նաև մեկ գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ 31-ամյա հայ ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանից բացի, «Կալչիոյի» շրջանակում գոլ+գոլային փոխանցում անվանակարգում 11 միավոր վաստակել է միայն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ ընդհանրապես մեր տղան առաջնության լավագույն ասիստենտն է։

«Ռոման» այս հաղթանակից հետո 21 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնիան» 12 միավորով 12-րդն է։

Առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ միավորներ կորցրեց «Պարմայի» դեմ խաղում, ընդ որում, «ռոսոներիները» գերկամային ջանքերի շնորհիվ պարտությունից փրկվեցին միայն 90+1-րդ րոպեին։

Ստեֆանո Պիոլիի սաների համար հանդիպումը բավականին անհաջող մեկնարկեց։ Նախ 5-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով խաղը չկարողացավ շարունակել «Միլանի» պաշտպան Մատեո Գաբիան, իսկ 13-րդ րոպեին Էրնանին առաջ մղեց «Պարմային»։

56-րդ րոպեին հանդիպման հյուրերը Յասմին Կուրտիչի ջանքերի շնորհիվ կրկնապատկեցին խաղի հաշիվը, սակայն «կարմրասևերի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսն ընդհանրապես համաձայն չէր պարտության մտքի հետ, ով նախ 58-րդ րոպեին կրճատեց, իսկ 90+1-րդ րոպեին վերականգնեց հաշիվը՝ անչափ կարևոր միավոր փրկելով իր թիմի համար։

«Միլանը» 27 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Պարման» 11 միավորով 14-րդն։

Ա սերիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Ջենոային» դեմ։

Անդրեա Պիռլոյի սաներն առաջին խաղակեսում ունենալով առավելություն՝ միայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։

61-րդ րոպեին շատերի համար անսպասելիորեն տատներերը «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ստեֆանո Ստուրարոյի ջանքերի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, սակայն, 78 և 89-րդ րոպեներին Կրիշիտանու Ռոնալդուն երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, 1։3 հաշվով հաղթանակ պարգևեց «ծեր սենյորային»։

Այդ դուբլի շնորհիվ 35-ամյա ֆուտբոլիստը լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին․ այժմ երկուսի անվան դիմաց էլ կա 10-ական գոլ և գլխավորում են լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Բյանկոներիները» օգտվեցին «Միլանի» ոչ-ոքիից և այժմ ընդամենը 4 միավորով են զիջում առաջատարին։ «Յուվեն» 23 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 6 միավորով՝ նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։

«Ինտերն» էլ հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթեց «Կալյարիին»։

«Ներաձուրիների» համար խաղը բավականին անհաջող ընթացք էր ստանում մինչև 77-րդ րոպեն, քանի որ 42-րդ րոպեին սիցիլիական ակումբը Ռոբերտո Սոտիլի խփած գոլի շնորհիվ հաղթում էր։

Երկրորդ խաղակեսում Անտոնիո Կոնտեն կարողացավ փոխարինումների շնորհիվ ակտիվություն մտցնել իր թիմի խաղում և բեկել հանդիպումը։ Հանդիպման հերոսը դարձավ միլանյան ակումբի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, ով 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Դանիլո Դ’Ամբրոզիոյին։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին էլ հանդիպման վերջակտեը դրեց Ռոմելու Լուկակուն։

«Կապտասևերը» վաստակեցին 24 միավոր և ընթանում են 2-րդ հորիզոնանում, իսկ «Կալյարին» 12 միավորով 11-րդն է։

Առաջատարների թվում ընթացող «Նապոլին» էլ կարողացավ բարդագույն խաղում 2։1 հաշվով կամային հաղթանակ տանել «Սամպդորիայի» նկատմամբ։

Կլաուդիո Ռանիերիի ողջ խաղի ընթացքում ունեցան հատուկենտ գոլային պահեր, որոնցից մեկը 20-րդ րոպեին վերածեցին գոլի․ աչքի ընկավ Յակուբ Յանկտոն։

Ինչպես Անտոնիո Կոնտեն, այնպես էլ Ջենարո Գատուզոն, երկրորդ խաղակեսում փոփոխություններ կատարեց, որոնք էլ բեկումնային եղան խաղում։ Այս հանդիպման հերոսն էլ դարձավ «Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոզանոն, ով, դուրս գալով փոխարինման, դարձավ գոլի և գոային փոխանցման հեղինակ։ Նեապոլիտանական ակումբի կազմում հաղթանակ գնդակը 68-րդ րոպեին խփեց Անդրեա Պետանյան։

«Նապոլին» կայացած 11 խաղերից հետո վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Սամպդորիան» 11 միավորով 13-րդն է։

«Ատալանտան», որը վերջին շրջանում բավականին անհաջող էր հանդես գալիս, վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։

Բերգամոն ներակայցող ակումբը «Ֆիորենտինայի» դեմ կայացած տնային խաղում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթեց 3։0 հաշվով։ Ջանպիերո Գասպերինիի սաներին հաղթանակ պարգևեցին Ռոբին Գոսենսի, Ռուսլան Մալինովսկու, ինչպես նաև Ռաֆայել Տոլոյի խփած գոլերը։

Այս հաղթանակը թույլ տվեց «Ատալանտային» մի փոքր շտկել ստեղծված իրավիճակը և 17 միավորով բարձրանալ 8-րդ հորիզոնական։ «Ֆիորենտինան» լավ օրեր չի ապրում և իր ակտիվում ունի ընդամենը 9 միավոր՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը։

Ընթացիկ մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում են «Սասուոլոն» և «Վերոնան»։

Եթե «Բենեվենտոյի» նկատմամբ սեփական հարկի տակ 1։0 հաշվով «Սասուոլոյի» տարած հաղթանակը անակնկալ չէր, ապա հյուրընկալվելիս «Վերոնայի» կողմից «Լացիոյին» հաղթելը, միանշանակ անակնկալ կարելի է դիտարկել։

«Սասուոլոն» 8-րդ րոպեին Դոմենիկո Բերարդիի գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով, սակայն 47-րդ րոպեին Լուկաս Հարսալինը կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից, ինչից հետո հանդիպման հյուրերն ունեին լուրջ առավելություն, սակայն փրկել խաղը չհաջողվեց։

«Սասուոլոն» այս հաղթանակից հետո 22 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Ֆիլիպո Ինձզագիի սաները 11 միավորով 15-րդն են։

Ինչ վերաբերվում է «Վերոնային», ապա Իվան Յուրիչի սաները ծանրագույն խաղում 1։2 հաշվով հաղթեցին «Լացիոյին»։

Ճակատագրական եղան հռոմեական ակումբի պաշտպանների անփույթ խաղը։ 45-րդ րոպեին Մանուել Լացարիի ինքնագոլի շնորհվի վերոնական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 58-րդ րոպեին Ֆելիպո Կայսեդոն հավասարեցրեց հաշիվը, սակայն 67-րդ րոպեին «արծիվենրի» պաշտպան Ստեֆան Ռադուն անհաշվենկատ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո գնդակը հայտնվեց «Վերոնայի» հարձկավող Ադրիեն Թամեզին, ով շրջանցեց դարպասապահին և գրավեց դատարկ դարպասը։

Խաղավերջում «Լացիոյի» ֆուտբոլիստները լավ պահեր ունեին, որպեսզի փրկեին խաղը, սակայն այդպես էլ չհաջողվեց խփել փրկության գոլը։

Այսպիսով, «Վերոնան» հաղթեց 1։2 հաշվով և 19 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, «Լացիոն» էլ մնաց 17 միավորով ՝ նահանջելով 9-րդ տեղ։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023