ԱԼ․ ամփոփում ենք 3-րդ տուրը🎥

ԱԼ․ ամփոփում ենք 3-րդ տուրը🎥

12/10/2020 - 22:50

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։

A Դիվիզիոն

1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։

Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, որ նորամուտը այնքան էլ հաջող չէր, քանի որ բոսնիացիներն անձվիրաբար պաշտպանվեցին և 1 միավոր վաստակեցին ավելի հզոր մրցակցի դեմ խաղում։

Նույն պատկարեն էր նաև Գդանսկում կայացած Լեհաստան – Իտալիա խաղում։ Ռոբերտո Մանչինիի սաները խաղի մեծ մասում ունեին առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան գրավել Լուկաշ Ֆաբիանսկու պաշտպանած դարպասը, իսկ լեհերը Ռոբերտ Լևանդովսկու գլխավորությամբ գրեթե չունեցան գոլային պահեր։

A դիվիզիոն, խումբ 1

Իտալիա – 5 միավոր

Նիդերլանդներ – 4 միավոր

Լեհաստան – 4 միավոր

Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր

A դիվիզիոնի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնում, որտեղ Անգլիայի հավաքականը մրցեց Բելգիայի ընտրանու դեմ՝ հաղթելով 2։1 հաշվով։

Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ռոմելու Լուկակուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Մինչև ընդմիջման գնալը՝ 39-րդ րոպեին, 11 մետրանոց հարված նշանակվեց արդեն «կարմիր սատանաների» դարպասին, որն անվրեպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը։

Երկրորդ խաղակեսում անգլիացիներն ունեին առավելություն, ինչն էլ վերածեցին խփած գոլի։ 65-րդ րոպեին Գարեթ Սաութգեյթի թիմին հաղթանակ պարգևեց Մեյսոն Մաունթը։

Իսլանդիան, որը մի քանի օր առաջ ծանր խաղում 2։1 հաշվով առավելություն հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ և նոյեմբերին Եվրո-2020-ի անցումային խաղերի եզրափակիչում մրցելու է Հունգարիայի ընտրանու դեմ, հոկտեմբերի 11-ին կայացած խաղում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Դանիայի հավաքականին։

Կասպեր Հյուլմանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին իսլանդացիների դարպասը, իսկ գոլերի հեղինակներ դարձան Քրիստիան Էրիկսենն ու Ռոբերտ Սկովը, Ռունար Սիգուրյոնսոնն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։

A դիվիզիոն, խումբ 2

Անգլիա – 7 միավոր

Բելգիա – 6 միավոր

Դանիա – 4 միավոր

Իսլանդիա – 0 միավոր

3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն էլ կայացավ 3-րդ խմբում։ Միմյանց դեմ դուրս եկան աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները՝ Ֆրանսիան և Պորտուգալիան, սակայն այս խաղը կարելի է ասել հիասթափեցրեց բոլորին, քանի որ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Այս խմբի մյուս խաղում էլ Խորվաթիայի հավաքականը համառ պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ։

Զլատկո Դալիչի հավաքականին հաղթանակ պարգևեցին Նիկոլա Վլաշիչի ու Անդրեյ Կրամարիչի խփած գոլերը, իսկ սկանդինավների միակ գոլը խփեց Մարկուս Բերգը։

A դիվիզիոն, խումբ 3

Պորտուգալիա – 7 միավոր

Ֆրանսիա – 7 միավոր

Խորվաթիա – 3 միավոր

Շվեդիա – 0 միավոր

Այս դիվիզիոնի 4-րդ խմբի շրջանակում էլ Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները հեշտ հաղթանակներ տարան։

«Ֆուրիա Ռոխան» Մադրիդում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն։ Խաղի միակ գոլը 14-րդ րոպեին կազմակերպեցին «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստները․ գոլային փոխանցում կատարեց Միկել Մերինոն, իսկ գոլը խփեց Միկել Օյարսաբալը։

Գերմանիայի հավաքականն էլ Կիևում հյուրընկալվել էր Ուկրաինայի հավաքականին՝ հաղթելով 1։2 հաշվով։

«Բունդեսմանշաֆթի» կազմից աչքի ընկան Մաթիաս Գինտերն ու Լեոն Գրոեցկան, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Ռուսլան Մալինովսկին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

A դիվիզիոն, խումբ 4

Իսպանիա – 7 միավոր

Գերմանիա – 5 միավոր

Ուկրաինա – 3 միավոր

Շվեյցարիա – 1 միավոր

B դիվիզիոն

Ինչպես Իսլանդիայի, այնպես էլ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը անցնող օրերին Եվրո-2020-ի անցումային խաղերի շրջանակում ծանր հանդիպում էր ունեցել Բոսնիայի դեմ։ Հյուսիսիռլանդացիները հյուրընկալվելիս 11 մետրանոց հարվածաշարով հաղթեցին ավելի հզոր մրցակցին և նոյեմբերի 12-ին անցումային խաղերի եզրափակիչում կմրցեն Սլովակիայի հավաքականի դեմ։

Հոգնածության ֆոնին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը չկարոցավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ավստրիայի հավաքականին՝ պարտվելով 0։1 հաշվով։ Ճիշտ է՝ ավստրիացիները աչքի ընկան միայն մեկ անգամ, սակայն տանտերերը խաղի ընթացքում առանձնապես լուրջ տեսք չունեին։ Ավստրիայի հավաքականի կազմից միակ և հաղթական գոլը խփեց Միքայել Գրեգորիչը։

B դիվիզիոնի 1-ին խմբի մյուս խաղում էլ Նորվեգիայի հավաքականը 4։0 հաշվով ջախջախեց Ռումինային։

«Վիկինգների» կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ մեկ գնդակ էլ խփեց «Լայպցիգի» նորեկ Ալեքսանդր Սորլոտը։

B դիվիզիոն, խումբ 1

Ավստրիա – 6 միավոր

Նորվեգիա – 6 միավոր

Ռումինիա – 4 միավոր

Հյուսիսային Իռլանդիա – 1 միավոր

Շոտլանդիայի հավաքականն ընդամենը 3 օրվա ընթացքում Գլազգոյում երկու ծանր հանդիպում անցկացրեց։

Բրիտանացիները նախ Եվրո-2020-ի անցումային խաղերի կիսաեզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ պայքարից դուրս թողեցին Իսրայելի հավաքականին, իսկ հոկտեմբերի 11-ին էլ 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարան Սլովակիայի նկատմամբ։ Հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Լինդոն Դայկսը։

Չեխիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց Իսրայելի հավաքակաին։

Չեխերին մեծապես օգնեց հրեաների դարպասապահ Օֆիր Մարցիանոն, ով 14-րդ րոպեին անհասկանալի գոլ բաց թողեց իր թիմի կիսապաշտպան Ջոել Աբուի կատարած հետ փոխանցումից հետո։

48-րդ րոպեին Չեխիայի ընտրանու առավելությունը կրկնապատկեց Մատեյ Վիդրան։

Իսրայելի հավաքականը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը․ գոլի հեղինակ դարձավ ՊՍՎ-ի հարձակվող Էրան Զահավին։

B դիվիզիոն, խումբ 2

Շոտլանդիա – 7 միավոր

Չեխիա – 6 միավոր

Իսրայել – 2 միավոր

Սլովակիա – 1 միավոր

B դիվիզիոնի 3-րդ խմբի կենտրոնական հանդիպումը կարելի է ասել, որ մեզ համար սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ Ռուսաստանի հավաքականը Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց Թուրքիայի հավաքականի դեմ։

Ստանիսլավ Չերչեսովի սաները ունեին գոլային լավ պահեր, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը․ 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անտոն Միրանչուկը, իսկ 62-րդ րոպեին թուրքերը Կենան Կարամանի խփած ջանքերի շնորհիվ կարողացան 1 միավոր տանել ՌԴ մայրաքաղաքից։

Խմբի մյուս խաղում էլ Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով անսպասելի պարտություն կրեց հունգարներից։ Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Նորբերտ Կյոնիվեսը։

B դիվիզիոն, խումբ 3

Ռուսաստան – 7 միավոր

Հունգարիա – 6 միավոր

Թուրքիա – 2 միավոր

Սերբիա – 1 միավոր

Հերթական գոլազուրկ ոչ-ոքի արդյունքը գրանցվեց բրիտանական փոքրիկ դերբիում, որի շրջանկում միմյանց դեմ մրցեցին Իռալնդիայի և Ուելսի հավաքականները։

Խաղը հիմնականում անցավ հավասար և անհետաքրքիր պայքարում, այդ պատճառով էլ կողմերը ոչ մի կերպ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Հայ երկրպագուներին բավականին լավ ծանոթ Ֆինլանդիայի հավաքականը Հելսինկիում 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ։

Մարկու Կաներվայի սաները հաղթանակը ձևակերպեցին երկրորդ խաղակեսում․ 52 և 67-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Ռոբերտ Թեյլորը և Ֆրեդրին Յենսենը։

B դիվիզիոն, խումբ 4

Ուելս – 7 միավոր

Ֆինլանդիա – 6 միավոր

Իռլանդիա – 2 միավոր

Բուլղարիա – 1 միավոր

C դիվիզիոն

Այս դիվիզիոնի 1-ին խմբի շրջանակում Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց մեր թշնամու դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Ստեֆան Յովետիչն ու Իգոր Իվանովիչը։

Լյուքսեմբուրգի հավաքականն էլ նույն 2։0 հաշվով հաղթեց Կիպրոսի ընտրանուն։ Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ հայ ֆուտբոլասերների շրջանակում հայտնի դարձած Դանիել Սինանին, ով 2019 թվականի ամռանը «Դյուդելանժի» կազմում «Արարատ-Արմենիայի» դեմ կայացած երկու խաղում ընդհանուր առմամբ դարձավ 3 գոլի հեղինակ։

C դիվիզիոն, խումբ 1

Չեռնոգորիա – 9 միավոր

Լյուքսեմբուրգ – 6 միավոր

Ադրբեջան – 3 միավոր

Կիպրոս – 0 միավոր

Հասանք մեր խմբին։ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում մրցեց Վրաստանի հավաքականի դեմ։ Խաղը նախապես որոշված էր, որ պետք է կայանար Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց փոխել հանդիպման վայրը։

Մեր տղաները խաղը լավ էին սկսել և 6-րդ րոպեին Խորեն Բայրամյանի ջանքերի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն խաղի մնացած ժամանակատվածում մերոնք գրեթե պահեր չունեին, իսկ Վրաստանի ընտրանին, ընդհակառակը, բազում պահեր ստեղծեց մեր դարպասին և լավ է, որ դրանք գոլի վերածեց ընդամենը երկու անգամ։ Այդ բաց թողած գոլերում էլ մեր տղերքի մեղքի բաժինը բավականին մեծ էր։ 46-րդ րոպեին Նիկա Կաչարավան հավասարեցրեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Թոռնիկե Օկրիաշվիլին առաջ մղեց մեր հարևաններին, սակայն, ամեն դեպքում, Խոակին Կապառոսի սաներին հաջողվեց խուսափել պարտությունից։ 88-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում փոխարինման դուրս եկած Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո Մուրթազ Դաուշվիլին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիրթարյանը՝ հավաքականի կազմում խփելով հոբելյանական 30-րդ գոլը։

Մեր խմբի մյուս խաղում իրադարձությունները թրիլլերային ընթացք ստացան։ Էստոնիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և արդեն 3-րդ րոպեն գնդակը հանեց դարպասից․ ինքնագոլի հեղինակ դարձավ էստոնացիների պաշտպան Մարտեն Կուսկը։

Էստոնացիները չընկճվեցին և 33-րդ րոպեին Ռաունո Սապինենի ջանքերի շնորհիվ լուսատախտակին վառվեց 1։1 հաշիվը, իսկ 61-րդ րոպեին Սապինենն արդեն առաջ մղեց իր հավաքականին՝ դառնալով դուբլի հեղինակ։

Շատ չանցած՝ 67-րդ րոպեին, մակեդոնացիները հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ունեին, սակայն Ալեքսանդր Տրայկովսկին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Այն, ինչ չարեց Տրայկովսկին, 76-րդ րոպեին արեց Ֆրանկ Լիվակը՝ չվիրպելով նշակետից, իսկ հաշիվը դարձավ արդեն 3։1։

Թվում էր՝ մերձբալթյան հավաքականն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում կտոնի առաջին հաղթանակը, սակայն այդ մտքի հետ համաձայն չէին հյուիսմակեդոնացիները, որոնց հաջողվեց փրկել խաղը։ Նախ 80-րդ րոպեին հաշիվը կրճատեց մակեդոնական ֆուտբոլի լեգենդ Գորան Պանդևը, իսկ 88-րդ րոպեին Ջյոկո Զայկովը հավասարեցրեց հաշիվը։

Այսպիսով, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ծանր ոչ-ոքի կորզեց Էստոնիայի դեմ խաղում։

C դիվիզիոն, խումբ 2

Հյուսիսային Մակեդոնիա – 5 միավոր

Վրաստան – 5 միավոր

Հայաստան – 4 միավոր

Էստոնիա – 1 միավոր

Հունաստանի հավաքականը, որն ընդհանրապես պետք է ավելի բարձր դիվիզիոնում հանդես գա, Աթենքում մրցեց Մոլդովայի հավաքականի դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։

Հելլադան ներկայացնող հավաքականի կազմից աչքի ընկան Անաստասիոս Բակեստասն ու Պետրոս Մանտալոսը։

Մեզ բավականին լավ քաջածանոթ Բեռնար Շալանդի գլխավորած Կոսովոյի հավաքականն ավելի լուրջ մրցակիցների դեմ պայքարում չի կարողանում լուրջ պայքար մղել՝ այս անգամ էլ սեփական հարկի տակ պարտվելով Սլովենիայի ընտրանուն։

Սլովենները Հարիս Վուկչիչի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին 0։1 հաշվով։

C դիվիզիոն, խումբ 3

Հունաստան – 7 միավոր

Սլովենիա – 7 միավոր

Կոսովո – 1 միավոր

Մոլդովովա – 1 միավոր

Հ․Գ․ Կոսովո 0։1 Սլովակիա հանդիպման տեսանյութը կարծես թե համացանցում հասանելի չէ։

C դիվիզոնի 4-րդ խմբում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Կայացած 3 խաղերից հետո բոլոր հավաքականները վաստակել են 4-ական միավոր։

Այս տուրի շրջանակում Ղազախստանն ու Ալբանիան միմյանց միջև կայացած խաղում չկարողացան պարզել հաղթողին՝ գրանցվեց 0։0 հաշիվը։

Խմբի մյուս խաղում էլ Լիտվայի ու Բելառուսի հավաքականները երկուական անգամ փոխանակվեցին խփած գոլերով՝ գրանցելով մարտական ոչ-ոքի՝ 2։2։

Լիտվայի հավաքականի կազմից աչքի ընկան Արվիդաս Նովիկավասն ու Կարոլիս Լաուկզեմիսը, իսկ Բելառուսի հավաքականի կազմից՝ Վիտալի Լիսակովիչն ու Ալեքսանդր Սաչիվկոն։

C դիվիզիոն, խումբ 4

Ղազախստան – 4 միավոր

Ալբանիա – 4 միավոր

Բելառուս – 4 միավոր

Լիտվա – 4 միավոր

D դիվիզիոն

Ինչպես ասում են՝ գաճաճների դիվիզիոն։

Ֆարերյան Կղզիների հավաքականը Տորսհավնում չկարողացավ հաղթել Լատվիայի ընտրանուն․ կողմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով՝ խաղն ավարտել 1։1 հաշվով։

Հանդիպման գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Նախ 25-րդ րոպեին Յանիս Իկաունիեկը առաջ մղեց լատիշներին, իսկ 28-րդ րոպեին Օդմար Ֆերյոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը։

Խմբի մյուս խաղում էլ Անդորրան ու Մալթան գրանցեցին Ազգերի լիգայի 3-րդ տուրի հերթական 0։0 հաշիվը։

D դիվիզիոն, խումբ 1

Ֆարերյան Կղզիներ – 7 միավոր

Լատվիա – 3 միավոր

Մալթա – 2 միավոր

Անդորրա – 2 միավոր

Այս դիվիզիոնի 2-րդ խմբում իրապես ընդգրկված են ֆուտբոլային գաճաճ հավաքականներ՝ Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը և Սան Մարինոյի հավաքականները։

Այս տուրում Սան Մարինոյի հավաքականի ֆուտբոլիստները հանգստանում էին, իսկ Ջիբրալթարի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ լիխտերի նկատմամբ։ Խաղի միակ գոլը 10-րդ րոպեին խփեց Տիջեյ դե Բարը։

D դիվիզիոն, խումբ 2

Ջիբրալթար – 6 միավոր

Լիխտենշտեյն – 3 միավոր

Սան Մարինո – 0 միավոր

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor