Ռոնալդու․ «Հավատացե՛ք՝ այս պամտությունը դեռևս հեռու է ավարտվելուց»

Ռոնալդու․ «Հավատացե՛ք՝ այս պամտությունը դեռևս հեռու է ավարտվելուց»

15/03/2021 - 13:23

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։

«Բյանկոներիներին» հաղթանակ պարգևեցին Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը, ով այդ հանդիպման առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այդ խաղից հետո համաշխարհային մամուլը գրեց, որ պորտուգալացի ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում խփել է իր 770-րդ գնդակը՝ գերազանցելով Պելեի ցուցանիշը, ում ակտիվում կա 767 գոլ։

Այդ իրադարձությունից հետո 36-ամյա ֆուտբոլիստին շնորհավորել է նույնիսկ անձամբ Պելեն՝ Instagram-ի իր օգտահաշվում կատարելով գրառում։

Խաղից հետո Instagram-ի իր պաշտոնական օգտահաշվում Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես գրառում է կատարել՝ պաշտոնապես հայտարարելով, որ գերազանցել է «ֆուտբոլի արքայի» ցուցանիշը․

«Վերջին շրջանում համաշխարհային մամուլը լի էր նորություններով, որոնց շրջանակում 757 գոլով ինձ հռչակում էին ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու։

Չնայած ես շնորհակալ եմ այդ հռչակմանը, սակայն, այժմ բացատրելու ժամանակն է, թե ինչու ես չէի ընդունում և հայտարարում այդ ռեկորդի մասին։

Իմ հավերժական և անվերապահ հարգանքը պարոն Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի, ինչպես նաև 20-րդ դարի ֆուտբոլի նկատմամբ ինձ ստիպեցին հավատալ, որ Պելեն պաշտոնական խաղերում խփել է 767 գոլ՝ հաշվի առնելով նաև 9 գոլերը Սան Պաուլոյի հավաքականի և խփված 1 գոլը բանակային հավաքականի կազմում, որոնք համարվում են պաշտոնական խաղերում խփված գոլեր։

Այդ պահից ի վեր աշխարհը փոխվել է։ Փոխվել է նաև ֆուտբոլը, սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք աղավաղել պատմությունը՝ հանուն մեր շահերի։

Այժմ, երբ ես արդեն դարձել եմ 770 գոլի հեղինակ, առաջին հերթին դիմում եմ Պելեին։ Աշխարհում չկա որևէ ֆուտբոլիստ, ով չի մեծացել նրա խաղի, գոլերի և նվաճումների մասին պատմություններ լսելով, և ես նույնպես բացառություն չեմ, այդ պատճառով էլ ես լցվում եմ անչափ հպարտությամբ և երջանկությամբ, երբ տոնում եմ իմ խփած գոլերը, որոնք համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների շրջանակում ինձ բարձրացրին առաջին հորիզոնական՝ թույլ տալով գերազանցել Պելեի ցուցանիշը, որի մասին նույնիսկ չէի կարող երազել, երբ մեծանում էի Մադեյրայում։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ մասնակցեցին այս զարմանահրաշ ճամփորդությանը։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, իմ մրցակիցներին, այս գեղեցիկ խաղի բոլոր երկրպագուներին և առաջին հերթին՝ իմ ընտանիքին և մտերիմ ընկերներին։ Հավատացե՛ք ինձ, առանց ձեզ ես չէի կարող հասնել այս ամենին։

Այժմ ես անհամբեր սպասում եմ հաջորդ խաղերին և փորձություններին, հաջորդ ռեկորդներին և գավաթներին։ Հավատացե՛ք՝ այս պամտությունը դեռևս հեռու է ավարտվելուց։

Ապագան դեռևս առջևում է, իսկ «Յուվենտուսն» ու Պորտուգալիայի հավաքականը դեռևս շատ բան ունեն հաղթելու։ Միացե՛ք ինձ այս ճամփորդությանը։ Առա՜ջ»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սպորտինգի» (2000-2003 թթ․, 31 խաղ, 5 գոլ, 4 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (2003-2009թթ․, 292 խաղ, 118 գոլ, 69 գոլային փոխանցում), «Ռեալ Մադրիդի» կազմում (2009-2018թթ․, 438 հանդիպում, 450 գոլ, 132 գոլային փոխանցում)։

Ռոնալդուն 2018 թվականի հուլիսից պաշտպանում է «Յուվենտուսի» գույները, որի մարզաշապիկով մինչ այժմ անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 95 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Կրիշտը ևս 102 գոլ խփել է Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 170 հանդիպման շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023