Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր  է  առաջարկել

Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր է առաջարկել

28/05/2021 - 13:41

«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին ակումբի հետ, հնարավոր է, կնքի 10 տարվա պայմանագիր, որը բաղկացած կլինի 3 փուլից։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ըստ առաջին փուլի, Մեսսին, որպես ֆուտբոլիստ, ևս 2 տարի կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։ Երկրորդ փուլով արգենտինացի ֆուտբոլիստը դառնալու է ԱՄՆ-ում «Բարսելոնայի» դեսպանը, որը նրան հնարավորություն կտա նաև հանդես գալ ՄԼՍ-ը ներկայացնող ակումբներից մեկում։

Երրորդ փուլն ենթադրում է, որ երբ Լեո Մեսսին ավարտի ֆուտբոլիստի կարիերան, վերադառնա Ամերիկայից և աշխատանքի անցնի «Բարսելոնայի» սպորտային մենեջմենթի բաժնում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը հարազատ ակումբին դեռևս որևէ համաձայնություն չի տվել այս առաջարկի հետ կապված, քանի որ ակումբի նախագահ Ժոան Լապորտայից, հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ, առավել մանրամասն տեղեկություններ է ցանկանում ստանալ, սակայն, դրան զուգահեռ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի միջ տեի ունեցող հանդիպումները բավական հաճախակիացել են։

Ամեն դեպքում, նշվում է, որ Սերխիո Ագուերոյի՝ հավանական «Բարսելոնա» տեղափոխության փաստը Մեսսիին կստիպի ավելի հակված լինել մնալ ակումբում։ Չնայած, արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է սպասել այնքան, երբ որոշակի հստակություն կլինի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հարցում։

Ինչ վերաբերում է Մեսսիի աշխատավարձին, ապա այն կախված է միայն ֆինանսական աուդիտի հաշվետվությունից, սակայն արդեն պարզ է, որ արգենտինացին եթե երկարաձգի պայմանագիրը, ապա, միանշանակ, լուրջ զիջումների պետք է գնա։

Հիշեցնենք, Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023