ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարը խոստանում է թեժ լինել🎥

ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարը խոստանում է թեժ լինել🎥

26/10/2020 - 11:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում մի շարք հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին, որոնց շնորհիվ 1-ին տեղի համար մղվող պայքարն էլ ավելի սրվեց։

Դեռևս հոկտեմբերի 24-ին գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ծանր հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։

Խաղը բավականին անսպասելի մեկնարկեց, քանի որ 13-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց «Շեֆիլդի» կիսապաշտպան Սանդեր Բերգեն, ինչից հետո մերսիսայդյան ակումբը ստիպված էր մեծ ուժերով գրոհել։

41-րդ րոպեն Յուրգեն Կլոպի սաները հավասարեցրին հաշիվը․ Սադիո Մանեի գլխով կատարած հարվածից հետո հյուրերի դարպասապահ Արոն Ռամսդեյլն ուղիղ իր դիմաց հետ մղեց գնդակը, իսկ Ռոբերտո Ֆիրմինոն գնդակն ուղարկեց դարպասը։

Երկրորդ խաղակեսում տանտերերի առավելությունն ավելի ակնհայտ էր և 63-րդ րոպեին նույն Մանեի ձախ թևից կատարած փոխանցումից հետո Դիեգու Ժոտան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։

Ինչպես հետագայում պարզվեց, այդ գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»։

Պրեմիեր լիգայի շրջանակում այժմ որևէ թիմ անպարտելի չէ, քանի որ հոկտեմբերի 25-ին պարտվեց նաև «Էվերտոնը»։ Կառլո Անչելոտիի սաները չկարողացան որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ «Սաութհեմպտոնին»՝ հյուրընկալվելիս պարտվելով 2։0 հաշվով։

«Սրբերին» հաղթանակ պարգևեցին Ջեյմ Վորդ-Պրոուսի և Չե Ադամսի խփած գոլերը։ Հատկանշական է, որ երկու գոլերի վերջին փոխանցումը կատարել է Դանի Ինգսը։

Հոկտեմբերի 25-ի նախատեսված խաղային օրվա կենտրոնական հանդիպումն էլ կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալն» ընդունել էր «Լեսթերին»։

Հանդիպման առաջին խաղակեսում Միկել Արտետայի սաներն ունեին տարածքային լուրջ առավելություն և մի քանի իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասում։

Երկրորդ կեսում «աղվեսները» հանգստացրին խաղը՝ կամաց-կամաց նախաձեռնությունը վերցնելով իրենց ձեռքը, ինչն էլ տվեց իր արդյունքը։

80-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը սեփական կիսադաշտից հիանալի փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հարապարակի մատույցներում գտնվող Չենգիզ Ունդերի ուղղությամբ, ով էլ գնդակը փոխանցեց հարվածային դիրքում գտնվող փոխարինման դուրս եկած Ջեյմ Վարդիին, դե իսկ անգլիացի գոլահարը գլխի հիանալի հարվածով խփեց իր թիմի հաղթական գնդակը։

Այսպիսով, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Էվերտոն» – 13 միավոր

2․ «Լիվերպուլ» – 13 միավոր

3․ «Աստոն Վիլլա» – 12 միավոր

4․ «Լեսթեր» – 12 միավոր

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023