ՈՒԵՖԱ-ն չի ճանաչի Լիվերպուլի չեմպիոնությունը, եթե ԱՊԼ-ն անավարտ մնա
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է այն տեղեկատվությունը, թե «Լիվերպուլը» կհռչակվի չեմպիոն, եթե ԱՊԼ-ն անավարտ մնա։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով ԱՊԼ-ի հանդիպումները մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են։
«Ես կեղծ լուրեր եմ տեսել այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն հորդորում է ներքին առաջնություններն անավարտ թողնել և չեմպիոն հռչակել այն ակումբներին, որոնք տվյալ պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Ես հաստատում եմ, որ դա սխալ տեղեկատվություն է։ Մեր նպատակն է մինչև վերջ անցկացնել առաջնությունները․ մենք որևէ անդամ-պետության ֆեդերացիայի այդպիսի բան չենք հորդորել»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է SPORTbible-ը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի և անդամ-պետությունների միջև արտահերթ նիստ է տեղի ունեցել, որն անցկացվել է տեսազանգի միջոցով։ Նիստի ժամանակ որոշում է կայացվել Եվրո 2020-ը մեկ տարով հետաձգել, որպեսզի ներքին և միջազգային մրցաշաշերն անցկացվեն։ Որոշվեց ներքին առաջնություններն ավարտին հասցնել մինչև հունիսի 30-ը, իսկ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչները կանցկացվեն համապատսխանաբար հունիսի 27-ին և 24-ին։
# ԱՊԼ, ԵՎՐՈ-2020, Եվրոպա-լիգա, Լիվերպուլ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա