Տեսադարան N27. Ֆրանսիա – Արգենտինա?

Տեսադարան N27. Ֆրանսիա – Արգենտինա?

06/05/2020 - 14:44

2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իրավամամբ համարվում է լավագույն մունդիալներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Այն աչքի ընկավ իր դրամատիզմով և գոլառատությամբ, իսկ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ գործարկվեց տեսակրկնապատկերների VAR-համակարգը, ինչն էլ նպաստեց, որ գրեթե զրոյական էին մրցավարական սխալները։ Ռուսական իշխանություններն էլ իրենց հերթին հիանալի էին կազմակերպել գրեթե ամեն ինչ՝ մարզադաշտերից սկսած, անվտանգության ապահովումից վերջացրած։

Այսօր մեր ընթերցողների ուշադրության ենք ներկայացնելու մրցաշարի 1/8 եզրափակիչ Ֆրանսիա – Արգենտինա դիմակայությունը, որը միանշանակ մրցաշարի ամենագեղեցիկ և գոլառատ հանդիպումներից մեկն էր։

Նախքան հանդիպմանն անդրադառնալը, մի փոքր պատմենք երկու հավաքականնների վերջին տարիների մրցելույթների մասին։

Սկսենք Արգենտինայի հավաքականից, որին կարելի է համարել վերջին 20 տարիների ամենաանհաջողակ հավաքականներից մեկը։ Արգենտինայի հավաքականը չհաշված 2004 և 2008 թվականների օլիմպիական տրիումֆները, ապա վերջին երկու տասնամյակի ընթացքում պաշտոնական մրցաշարերի երզափակիչներում կրել է 6 պարտություն։ Լատինաամերիկյան հավաքականի վերջին լուրջ հաջողությունը գրանցվել է հեռավոր 1993 թվականին, երբ Ուրուգվայում կայացած Կոպա Ամերիկայի խաղարկությունում 14-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը։ Դրանից հետո հավաքականը 4 անգամ պարտվել է Կոպայի, մեկ անգամ Կոնֆեդերացիաների գավաթի, իսկ 2014 թվականին` ԱԱ եզրափակիչում։

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, Արգենտինայի հավաքականը մշտապես ունեցել է ֆանտաստիկ սերունդ։ Վերջին «ոսկե» սերունդը կապվում է Լեո Մեսսիի, Սերխո Ագուերոյի, Կառլոս Տևեսի, Խավիեր Մասկերանոյի, Գոնսալո Իգուայինի և բազմաթիվ այլ անթիվ-անհամար տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, որոնք այդպես էլ դեռևս որևէ լուրջ հաջողություն չեն գրանցել։ Ըստ երկրպագուների և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ խնդիրը մարզչի մեջ է, սակայն, ըստ մեզ, ամենամեծ խնդիրը մեսսիակախվածության մեջ է և անընդհատ դրա մասին խոսելու, իսկ Լեո Մեսսին ակնհայտ է, որ իր վրա անհավանական պատասխանատվությում է վերցրել։

Արգենտինայի հավաքականը կարող էր նույնիսկ չորակավորվել այս առաջնությանը։ «Ալբիսելեստեն» որակավորման փուլի ընթացքում աչքի էր ընկնում բավականին անկանոն ելույթներով, իսկ որակավորման փուլի մի ընթացքն էլ համընկավ Լեո Մեսսիի վնասվածքների հետ, ինչն էլ նպաստեց բազմաթիվ անիմաստ միավորների կորստին։ Լատինաամերիկյան հավաքականը մունդիալի ուղեգիր ձեռք բերեց միայն վերջին տուրում։ Արգենտինայի հավաքականը վերջին տուրում հյուրընկալվել էր Էկվադորի հավաքականիին և պարտության դեպքում կարող էր ընդհանրապես չորակավորվել, խաղն էլ մեկնարկել էր Էկվադորի հավաքականի գոլով, սակայն հետագայում Լեո Մեսսին երեք անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հավաքականին փրկելով հերթական խայտառակությունից։

Ֆրանսիայի հավաքականը, ի տարբերություն Արգենտինայի հավաքականի, վերջին տարիներին անհավանական առաջընթաց է գրանցել ոչ միայն խաղային կարգապահության, այլև արդյունքների առուով։ «Եռագույնների» սելեկցիոներներն անթիվ-անհամար նոր երիտասարդ տաղանդներ են պեղում տարբեր ակումբների մարզադպրոցներից։ Վստահաբար կարելի է ասել, որ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը երկու-երեք հավասարազոր մեկնարկային կազմ կարող է խաղադաշտ դուրս բերել։ Դեռևս մունդիալ 2014-ից հետո ակնհայտ էր դառնում, որ ֆրանսիացիները իրենց քայլերը կամաց-կամաց արագացնում են դեպի համաշխարհային էլիտա։

2016 թվականին սեփական հարկի տակ կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ «կապույտները» միայն իրենց մեղքով չնվաճեցին չեմպիոնի տիտղոսը, սակայն մունդիալ 2018-ն ակնհայտ էր, որ հենց ֆրանսիացիների ժամանակն է լինելու։ Որակավորման փուլի վստահ հաղթահարումն էլ դրա ապացույցն էր։ Ֆրանսիացիները 23 միավորով վստահորեն առաջին տեղով որոկավորվեցին՝ իրենցից հետ թողնելով Շվեդիայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի և Բելառուսի հավաքականներին։

Երկու հավաքականներն էլ հայտնվել էին հաղթահարելի խմբերում, սակայն Արգենտինայի հավաքականն անչափ դժվարությամբ հաղթահարեց խմբային փուլը։ Լատինաամերիկացիները նույն խմբում հայտնվել էին Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի հավաքականների հետ։ Առաջին խաղում արգենտինացիները անակնկալ ոչ-ոքի՝ 1։1 խաղացին իսլանդացիների դեմ, իսկ Լեո Մեսսին հանդիպման ընթացքում չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Երկրորդ խաղում արգենտինացիների ֆիասկոն շարունակվեց։ Խորվաթիայի դեմ խաղում արգենտինացիները մեկ խաղակես հավասար ֆուտբոլ խաղացին, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում նոմինալ տանտերերի դարպասապահ Վիլի Կաբալյերոն անհասկանալի սխալ թույլ տվեց, ինչն էլ հանգեցրեց լատինաամերիկացիների կատարյալ ձախողմանը։ Բալկանյան հավաքականը հաղթեց 3։0 հաշվով։

Վերջին խաղում Արգենտինայի հավաքակաին պայքարը շարունակելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ։ Նիգերիայի դեմ խաղում էլ ամեն ինչ չէր, որ ստացվում էր նրանց մոտ։ Նիգերիացիները տեխնիկապես բավականին զարգացած են և լուրջ սպառնալիք էին ներկայացնում։ Հանդիպման մինչև 86-րդ րոպեն հաշիվը 1։1 էր, սակայն Գաբրիել Մերկադոյի եզրից կատարած փոխանցումից հետո Մարկոս Ռոխոն հաղթանակ պարգևեց Արգենտինայի հավաքականին՝ դուրս բերոլվ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Ֆրանսիայի հավաքականն էլ նույն խմբում էր հայտնվել Դանիայի, Ավստրալիայի և Պերուի հավաքականների հետ։ Խմբում կար ակնհայտ ֆավորիտ, սակայն ֆրանսիացիները խմբային փուլում իրենց ֆավորիտի կարգավիճակն այդքան էլ չէին ապացուցում։ Շատերի կարծիքով ֆրանսիացիները խմբային փուլը հաղթահարեցին մեծ «զապասով»։ Նրանք 2։1 հաշվով հաղթեցին Ավստրալիային, 1։0 Պերուին, իսկ դանիացիների դեմ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Ֆրանսիացիները 7 միավորով փլեյ-օֆֆ դուրս եկան առաջին հորիզոնականով, իսկ Արգենտինան վաստակեց 4 միավոր և երկրորդ տեղով շարունակեց պայքարը, ինչն էլ նրանց դուրս բերեց միմյանց դեմ 1/8 եզրափակիչում։

Հանդիպումը կայացավ 2018 թվականի հունիսի 30-ին «Կազան Արենա» մարզադաշտում։ Խաղն անցավ անհավանական արագությամբ՝ խփվելով բազմաթիվ գեղեցիկ գնդակներ։ Օրինակ՝ ֆրանսիացիների պաշտպան Բենջամին Պավարը հեղինակեց անհավանական գոլ, որը ՖԻՖԱ-ի կողմից հետագայում ճանաչվեց մրցաշարի լավագույն գոլ։

Պակաս գեղեցիկ չէր նաև Անխել դի Մարիայի գոլը, ով հանդիպման 41-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1։1։

Սակայն այդ հանդիպումն ուներ մեկ այլ հերոս, որի անունն էր Կիլիան Մբապե։ Այդ օրը Մբապեն անհավանական ֆուտբոլ ցուցադրեց՝ պաշտոնապես հաստատելով ֆուտբոլային գերաստղերի կարգավիճակը։ 19-ամյա Մբապեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ ֆրանսիացիների առաջին գոլն էլ իրավմամբ կարելի է գրանցել նրա անվան դիմաց, քանի որ անհավանական անցում ձեռնարկեց, որի արդյունքում վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց դժվար խաղում, սակայն հետագայում «եռագույնները» հաղթեցին նաև Ուրուգվայի, Բելգիայի և Խորվաթիայի հավաքականներին՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Վստահաբար կարելի է ասել, որ ֆրանսիացիները այդ նվաճմանը հասան արժանիորեն, քանի որ ողջ մրցաշարի ընթացքում չկորցրին կենտրոնացվածությունը և հստակ կատարում էին մարզիչ Դիդյե Դեշամի հրահանգները։ Ողջ մրցաշարի ընթացքում եվրոպական հավաքականը խաղաց պրագմատիկ ֆուտբոլ․ եթե պետք էր ֆրանսիացիները հարձակվում էին, եթե պեքտ էր հաշիվ պահել, պահում էին, իսկ եթե պետք էր պաշտպանվել, ապա նրանք դա էլ էին հաջողությամբ անում։ Ֆրանսիայի հավաքականը հիշեցնում էր անխափան գործող մեքենա։

Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը միանշանակ գիտակցում էր, որ գլխապտույտ ֆուտբոլ խաղալը կարող է ուժասխառ անել այդ կարճ տարածության վրա։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին մեղադրում էին մարտավարական սխալների համար, սակայն ինչ աներ ճաղատ մասնագետը, երբ դարպասապահ Վիլի Կաբալյերոն որոշում է մանկական գոլեր բերել իր դարպասին, երբ շատ խաղացողներ պարզապես չեն վազում և կատարում հրահանգները։ Խոսակցություններ կային, որ խմբային փուլի Նիգերիայի դեմ վճռորոշ խաղից առաջ արգենտինացիների մեկնարկային կազմն ընտրել հավաքականի հեղինակությունները՝ Մեսսին և Մասկերանոն, իսկ դա խոսում է մարզչի թուլության մասին։ Ամեն դեպքում՝ Արգենտինայի հավաքականը կարողացավ ահագին ժամանակ հավասարը հավասարի դեմ պայքար մղել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում՝ Ուգո Լյորիսի դարպասն ուղարկելով երեք գնդակ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023