Նեյմարն ու Իկարդին 11 մետրանոցը խաղարկել են Մեսսիի և Սուարեսի նման?

Նեյմարն ու Իկարդին 11 մետրանոցը խաղարկել են Մեսսիի և Սուարեսի նման?

18/07/2020 - 09:51

ՊՍԺ-ն ընկերական հանդիպումներ է անցկացնում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչին, որի շրջանակում կմրցի «Ատալանտայի» դեմ։

Երեկ՝ հուլիսի 17-ին, փարիզյան ակումբը 7։0 հաշվով հաղթեց բելգիական «Վասլան-Բեվերեն» ակումբին։ Կողմերը 30 րոպեից բաղկացած չորսական խաղակես են անցկացրել։

Հանդիպման 46-րդ րոպեին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վաստակել են 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցել է Նեյմարը, սակայն բրազիլացի հարձակվողը հարվածելու փախերն փոխանցում է կատարել Մաուրո Իկարդիին, ով էլ մոտ տարածությունից հաշիվը դարձրել է 3։0։

Հավելենք, որ, բացի Իկարդիից, փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, մեկական անգամ աչքի են ընկել Նեյմարը, Կիլիան Մբապեն, 19-ամյա պաշտպան Լոյիկ Մբե Սոն, իսկ Ալեքսանդր Վուկոտիչը գրավել է սեփական դարպասը։

11 մետրանոց հարվածի այսպիսի խաղարկումների ամենահայտնի դեպքը գրանցվել է 4 տարի առաջ, երբ 2016 թվականի փետրվարի 14-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ Լալ լիգայի հերթական տուրերից մեկի շրջանակում 6։1 հաշվով ջախջախեց «Սելտային», իսկ հանդիպման ընթացքում 11 մետրանոց նշակետից Լեո Մեսսին փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին։ Այդ ժամանակ Նեյմարը դեռևս հանդես էր գալիս կատալոնական ակումբի կազմում։

11 մետրանոցի խաղարկման գաղափարը սկիզբ է առել հեռավոր 1982 թվականից, երբ հոլանդական Էրեդիվիզիայի շրջանակում դեկտեմբերի 5-ին կայացած «Այաքս» – «Հելմոնդ Սպորտ» հանդիպման ընթացքում լեգենդար Յոհան Կրոյֆը գնդակը խաղարկեց Յասպեր Օլսենի հետ, սակայն Օլսենը հետ փոխանցում կատարեց՝ ավելի գեղեցկացնելով դրվագը։

Նշենք, որ այդպիսի խաղարկման հանրահայտ ձախողված դեպք էլ կա, երբ 2000-ականների հզորագույն լեգենդար «Արսենալը» հանդիպումներից մեկի ժամանակ մրցում էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղի ընթացքում լոնդոնյան ակումբը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Ռոբեր Պիրեսը, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանի փոխանցումը պարզապես չստացվեց․ նա մտադրված էր փոխանցել իր հայրենակից Թիեր Անրիին, սակայն գնդակը խոտածածկի պատճառով մնաց Պիրեսի մոտ, վերջինս էլ շփոթված նայում էր, թե ինչ է կատարվում։

# , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023