Կիկե Սետիենը կհեռանա զբաղեցրած պաշտոնից

Կիկե Սետիենը կհեռանա զբաղեցրած պաշտոնից

29/06/2020 - 18:58

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ 61-ամյա մասնագետի և ակումբի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները սրվել են։ Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ «Սելտայի» դեմ խաղից հետո (2։2) ֆուտբոլիստների և մարզչի միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել․ ֆուտբոլիստները դժգոհ էին Կիկե Սետիենի մի շարք մարտավարական որոշումներից։

Թե՛ ակումբի ֆուտբոլիստները և թե՛ ղեկավարները վստահ են, որ ավելի լավ է մրցաշրջանի ավարտից հետո բաժանվեն Կիկե Սետիենից։ Ամեն ինչ կգնա դրան, եթե ակումբի ներսում արմատական փոփոխություններ տեղի չունենան, իսկ ակումբը շարունակի անբավարար արդյունքներ գրանցել։

Կիկե Սետիենի պայմանագիրն ուժի մեջ է դեռևս 2,5 տարի, սակայն «Բարսայի» տնօրենների խորհրդի անդամների մեծ մասն արդեն որոշել են բաժանվել մարզչի ծառայություններից։ Ակումբի ղեկավարները դժգոհ են ինչպես ակումբի ցուցդրած խաղից և արդյունքներից, այնպես էլ Սետիենի մի շարք հայտարարություններից։ Ակումբի ներսում արդեն հասկացել են, որ Կիկե Սետիենի նշանակումը եղել է մեծ սխալ։

Ակումբի որոշ ֆուտբոլիստներ չեն ընդունում Սետիենի մի շարք մոտեցումներ, ոմանք չեն հասկանում նրա աշխատելաոճը, իսկ «բլաուգրանասի» ֆուտբոլիստների մեծ մասը դժգոհ են, որ մարզիչը մամուլի ասուլիսների ժամանակ բացահայտ խոսում է կոնկրետ ֆուտբոլիստների մասին։

Եթե առաջնության վերջնամասում «Բարսայի» անդունդը շարունակվի, ապա ակումբի ղեկավարությունը մտադիր է Կիկե Սետենի փոխարեն նշանակի կա՛մ «Բարսելոնա Բ-ի» գլխավոր մարզիչ Գարիսա Պիմյենտեին կա՛մ էլ ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավիին, ով ներկայումս գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը»։

Եթե Սետիենը մրցաշրջանն ավարտի «Բարսելոնայի» ղեկին, ապա միայն մեկ պայմանով կարող է պահպանել իր պաշտոնը․ նա պետք է ակումբի հետ հաղթի Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին «Բարսելոնայի» ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից ազատեց Էռնեստո Վալվերդեին և նրա փոխարեն նշանակեց Կիկե Սետիենին։ Լա լիգայի շրջանակում կայացած 32 խաղերից հետո «Բարսելոնան» 69 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավոր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023