Լացիոն լուրջ դիմադրության հանդիպեց հետնապահի կողմից🎥

Լացիոն լուրջ դիմադրության հանդիպեց հետնապահի կողմից🎥

12/03/2021 - 20:35

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 27-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ մեկարկեցին «արծիվները», որոնք արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը։ Աչքի ընկնելուն մոտ էր Չիրո Իմոբիլեն, սակայն իտալացի գոլահարի հարվածից հետո «Կրոտոնեին» փրկեց դարպասապահ Ալեքս Կորդացը։

14-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի թիմին, ամեն դեպքում, հաջողվեց բացել խաղի հաշիվը․ Ստեֆան Ռադուն հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, ով էլ հաշիվը դարձրեց 1։0։

Շատերի համար անսպասելիորեն 29-րդ րոպեին հանդիպման հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց «Կրոտոների» գոլահար Սիմի Նվանկվոն։

Բաց թողած գոլը չընկճեց «Լացիոյին», դեռ ավելին՝ հռոմեական ակումբը նախքան ընդմիջման գնալը՝ 39-րդ րոպեին, ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Լուիս Ալբերտոն։

Կողմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Կրոտոնեի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ «Լացիոյի» լատերալ Մոհամեդ Ֆարեսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպումը սպասարկող մրցավար Անտոնիո Ռուպանոն ձեռքով ցույց տվեց դեպի նշակետը։

Գնդակին մոտեցավ Սիմին Նվանկվոն, ով դիպուկ հարվածով ոչ միայն հաշիվը դարձրեց 2։2, այլև այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։

Հավելենք, որ 28-ամյա նիգերիացի հարձակվողն, Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղից հետո, դարձել է 12 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Բաց թողած երկրորդ գոլը Ինձզագիի սաներին ստիպեց նետվել առաջ՝ հաղթանակ կորզելու, ինչը նրանց երկար ժամանակ չէր հաջողվում։

«Լացիոն», երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած, տոտալ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Լուիս Ալբերտոն, Խոակին Կոռեան, երկու անգամ էլ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Այդ մեծ ճնշումը չէր կարող իր արդյունքը չտալ, քանի որ տանտերերը 84-րդ րոպեին, ի վերջո, կորզեցին հաղթանակ։ «Լացիոյի» կազմից հերոսացավ Ֆելիպե Կայսեդոն՝ խփելով իր թիմի հաղթական գնդակը։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Լացիոյի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշիվը մեծացնելուն, քան «Կրոտոնեն»` հավասարեցնելուն։ 90+1-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անդրեաս Պերեյրայի՝ հարմար դիրքից կատարած հարվածը բարձր ստացվեց։

Ամեն դեպքում, խաղում այլևս գոլեր չարձանագրվեցին, և «Լացիոն» հաղթանակ տարավ 3։2 հաշվով՝ մեծ դժվարությամբ կոտրելով «Կորտոնեի» դիմադրությունը։

Այս հաղթանակից հետո Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը եվրագավաթային ուղեգրերի համար։

«Կրոտոնեն» էլ մնաց 15 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023