Դրամա Անդալուսիայում. Բենզեման 90+2-րդ րոպեին Ռեալին գերկամային    հաղթանակ պարգևեց Սևիլիայի դեմ խաղում🎥

Դրամա Անդալուսիայում. Բենզեման 90+2-րդ րոպեին Ռեալին գերկամային հաղթանակ պարգևեց Սևիլիայի դեմ խաղում🎥

18/04/2022 - 01:00

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։

Անդալուսական ակումբը հիանալի առաջին խաղակես անցկացրեց ու նախքան ընդմիջման գնալը Խուլիեն Լոպետեգիի թիմը ստացավ երկու գնդակի առավելություն. 21-րդ ու 25-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Իվան Ռակիտիչն ու Էրիկ Լամելան։

Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր, որի հենց մեկանարկից «արքայական» ակումբը մեծ ճնշում էր գործադրում տանտերերի վրա և արդեն 50-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Գոյեսի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց։

Կառլո Անչելոտի թիմը խփած գոլից հետո շարունակում էր մնալ խաղը թելադրողի դերում և որպես արդյունք` հանդիպման 76-րդ րոպեին Վինիսիուսի խփած գոլի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը։

Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Գիլերմե Կուադրա Էրնանդեսը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, չարձանագրեց դարպասի գրավումը` բրազիլացի հարձակվողի գործողություններում նկատելով ձեռքով խաղ։

Ամեն դեպքում, 83-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը խփեցին երկրորդ պատասխան գնդակը. աչքի ընկավ Նաչո Ֆերնանդեսը, ով նույնպես դուրս էր եկել փոխարինման։

Խաղավերջում էլ «սերուցքայինները» մեծ առավելություն ունեին, սակայն միայն Կարիմ Բենզեման երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։

Ի վերջո, 90+2-րդ րոպեին ֆրանսիացի գոլահարը խփեց իր գոլն ու թրիլլերային հաղթանակ պարգևեց «Ռեալին»։

Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ, ինչից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 75 միավոր ու շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սևիլիան», 60 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023