ՄՅՈՒ-ն պատրաստ է անհավանական փոխանակում  առաջարկել Ատլետիկոյին

ՄՅՈՒ-ն պատրաստ է անհավանական փոխանակում առաջարկել Ատլետիկոյին

10/03/2021 - 17:53

«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեայի ապագան մշուշոտ է, այդ իսկ պատճառով մանկունյական ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակներ։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «կարմիր սատանաները» հետևում են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի շուրջ իրադարձություններին։

Բացի Օբլակից, «ՄՅՈՒ»-ն դիտարկում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ու Մայք Մանյանի («Լիլ») տարբերակները։

Դոնարուման բացառված չէ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնա ազատ գործակալ, քանի որ նրա ու «ռոսոներիների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է։ Մանկունյական ակումբը մտադիր է օգտվել այդ փաստից՝ առաջարկելով պայմանագիր։

Նշված դարպասապահներից «Յունայթեդի» համար ամենածախսատարը կլինի Օբլակին ձեռք բերելը։ Ամենայն հավանականությամբ, մանկունյական ակումբը չի կարողանա պայմանագիր կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն կա մեկ փաստ, որը, հնարավոր է, նպաստի այդ գործարքի կայացմանը։

Բանն այն է, որ Դավիդ դե Խեան իր երեխայի ծնվելուց հետո մտադիր է վերադառնալ Մադրիդ, որտեղ էլ բնակվում է նրա կինը՝ աշխատելով որպես հաղորդավարուհի։

«Յունայթեդն» էլ ցանկանում է փոխանակում առաջարկել «Ատլետիկոյին»՝ Օբլակի գործարքում ներառելով Դավիդ դե Խեային։

Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը 2011 թվականին «Մանչեսթեր Յուանյթեդ» է տեղափոխվել հենց «Ատլետիկոյից»։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը դե Խեայի դիմաց «հնդկացիներին» վճարեց 25 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023