Գերմանացիներն ամրապնդում են իրենց դիրքերը🎥

Գերմանացիներն ամրապնդում են իրենց դիրքերը🎥

29/03/2021 - 00:42

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ռումինիայի հավաքականի դեմ։

Հանդիպումը երկու հավաքականներն էլ ակտիվ մեկնարկեցին՝ փոխանակվելով մեկական գոլային պահերով։ 9-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր Կայ Հավերցը, սակայն գերմանացիների հարձակվողի հարվածից հետո Ռումինիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ֆլորին Նիցեն։

Շատ չանցած՝ 13-րդ րոպեին, ռումինացիների պատասխանը չուշացավ, սակայն Վալենտին Միհայիլայի հարվածը մոտ տարածությունից բարձր ստացվեց։

Ամեն դեպքում, 17-րդ րոպեին Յոաքիմ Լյովի սաները բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին։

Նախքան ընդմիջման գնալն էլ «բունդեսմանշաֆթը» ուներ տարածքային շոշափելի առավելություն, աչքի ընկնելուն մոտ էին Յոզուա Կիմիխը և Սերժ Գնաբրին, սակայն առաջին 45 րոպեներից հետո հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։

Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր․ հյուրերը գրոհում էին, ստեղծում էին բազում գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել այդքան սպասված երկրորդ գնդակը։

Սակայն, Գերմանիայի հավաքականն այնքանով էր հանգիստ, որ ռումինացիների խաղը գրեթե չէր ստացվում հարձակման գծում՝ չկարողանալով ստեղծել իրական գոլային պահեր։

Խաղավարտին մոտ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները քիչ էր մնում պատժվեին իրենց չիրացրած պահերի համար, քանի որ տանտերերը երկու հիանալի պահ փչացրին։

Նախ 86-րդ րոպեին հարվածային դիրք դուրս եկավ Ջորջե Պուշկաշը, ապա 90+1-րդ րոպեին՝ Նիկոլաե Ստանչուն, սակայն առաջին դրվագում Գերմանիայի հավաքականին փրկեց Մանուել Նոյերը, իսկ Ստանչուի հարվածը մոտ տարածությունից շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, Գերմանիայի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով։

J խմբի շրջանակում զուգահեռաբար ընթացած մյուս խաղում էլ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 5։0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն։

Ավելի վաղ էլ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

J խումբը, կայացած երկու տուրերից հետո, ստացավ հետևյալ տեսքը․

1․Գերմանիա – 6 միավոր

2․ Հայաստան – 6 միավոր

3․ Ռումինիա – 3 միավոր

4․ Հյուսիսային Մակեդոնիա – 3 միավոր

5․ Իսլանդիա – 0 միավոր

6․ Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023