Հայաստաաաաա՜ն!!! Մեր տղաները ֆանտաստիկ հաղթանակ տարան իսլանդացիների նկատմամբ🎥

Հայաստաաաաա՜ն!!! Մեր տղաները ֆանտաստիկ հաղթանակ տարան իսլանդացիների նկատմամբ🎥

28/03/2021 - 21:51

Աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի հավաքականի դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն փոխնիփոխ գրոհների ներքո։

Մեր տղաները փորձում էին աչքի ընկնել հեռահար հարվածներով, իսկ իսլանդացիները՝ ստանդարտների խաղարկումներից հետո, սակայն իրական գոլային պահեր ողջ առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը Հայաստանի հավաքականը մեկնարկեց հիասքանչ․ 53-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը դաշտի կենտրոնից հիանալի փոխանցում կատարեց հարձակման աջ եզրում գտնվող Տիգրան Բարսեղյանին, ով էլ մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և առանց մտածելու հարվածեց՝ գրավելով Հանես Հալդորսոնի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։

Բաց թողած գոլից հետո հանդիպման հյուրերը նետվեցին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը։ Արնար Վիդարսոնի սաները շեշտը դրել էին բարձրից կատարած փոխանցումների վրա, սակայն Հայաստանի հավաքականի պաշտպանները պարզապես հիասքանչ էին պաշտպանվում՝ հեռացնելով օդից եկող բոլոր գնդակները։

Ամեն դեպքում, 65-րդ րոպեին «վիկինգները» իրական գոլային պահ ունեին։ Յոն Դադի Բյոդվարսոնը հարձակման աջ եզրով ներխուժեց մեր տուգանային հրապարակ, սակայն մոտ տարածությունից կատարած նրա հարվածից հետո Դավիթ Յուրչենկոն հիանալի խաղաց՝ փրկելով Հայաստանի հավաքականին։

Գրոհեցին իսլանդացիները, սակայն 74-րդ րոպեին «Հանրապետական» մարզադաշտը ևս մեկ անգամ ցնծաց։

Հայաստանի հավաքականը նետվեց կտրուկ հակագրոհի, որի ընթացքում Տիգրան Բարսեղյանը գնդակն ուղարկեց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանին, ով էլ մեկ հպումով շրջանցեց մրցակցի պաշտպան Բիրկիր Սևարսոնին և ձախ ոտքի հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ արդեն 2։0։

Այդ գոլը կարծես վերջնականապես թևաթափ արեց Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնց խաղն սկսեց ավելի խամրել։

Հայաստանի հավաքականը հաջողությամբ պաշտանվեց մնացած ժամանակահատվածում և հանդիպումը մոտեցրեց տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

Խոակին Կապառոսի սաներն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում տարան երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեցին 6 միավոր և ժամանակավորապես գլխավորեցին J խմբի մրցաշարային աղյուսակը։

Մեր խմբի շրջանակում մարտի 28-ին՝ ուշ երեկոյան կկայանան նաև հետևյալ հանդիպումները․

Ռումինիա – Գերմանիա

Հյուսիսային Մակեդոնիա – Լիխտենշտեյն

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023