Գարի Նևիլ․ «1․5-2 տարի անց քննարկելու ենք Տուխելի հեռացման պատճառները»

Գարի Նևիլ․ «1․5-2 տարի անց քննարկելու ենք Տուխելի հեռացման պատճառները»

26/01/2021 - 01:50

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն իր կարծիքն է հայտնել Ֆրենկ Լեմպարդի հեռացումից հետո Թոմաս Տուխելի՝ որպես «Չելսիի» գլխավոր վարզչի հավանական նշանակման վերաբերյալ։

«Ես այդքան էլ զարմացած չեմ․ Լեմպարդի նկատմամբ ճնշումների մասին շշուկներն արդեն կային շաբաթվա վերջում։

Երբ «Չելսիի» շուրջ նման մթնոլորտ է տիրում, պատմությունը կրկնվում է։ Սկզբում հայտնվում են շշուկները, հետո տեղի է ունենում մարզչի փոփոխություն։

Ես մի փոքր զարմացած եմ, քանի որ նրան շատ քիչ ժամանակ տվեցին՝ նոր ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։

Նախորդ տարի նրան արգելեցին տրանսֆեր իրականացնել և ժամանակ տվեցին աշխատելու։ Լեմպարդը շատ լավ աշխատեց, և արդյունքը շատ չսպասեցրեց։

Դրանից ոգևորված՝ ակումբի ղեկավարությունն սկսեց ավելի խստացնել պահանջները, և ակնկալեցին ակնթարթային արդյունավետություն։

Երկար տարիներ «Չելսիում» այդ մոտեցումն է իշխում․ Լեմպարդը գիտեր՝ ուր է գնում։ Նա դարձավ ոչ թե իր մարզչական գործունեության, այլ «Չելսիի» սկզբունքայնության զոհը։

Նրանք յուրաքանչյուր 12-18 ամիսը մեկ մարզիչ են փոխում, եթե գործերն այնքան լավ չեն, որքան նրանք կցանկանային։

Տուխելը թոփ ակումբներ մարզելու մեծ փորձ ունի։ Նա ճանաչում է «Չելսիի» ֆուտբոլիստներից ոմանց։ Նա հերթական թոփ մարզիչն է ԱՊԼ-ում։

Նա ստիպված է աշխատել նույն պայմաններում, որում Լեմպարդն էր աշխատում։ Վստահ եմ՝ 1․5-2 տարի անց քննարկելու ենք Տուխելի հեռացման պատճառները»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թվականի հուլիսին և ակումբի ղեկին անցկացրել է 84 հանդիպում՝ տանելով 44 հաղթանակ, ևս 15 խաղ ավարտվել ոչ-ոքի, իսկ 25 անգամ «կապույտները» պարտվել են։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023