Բավարիան տիեզերական ֆուտբոլ է ցուցադրում, Լայպցիգը՝ անկայուն?

Բավարիան տիեզերական ֆուտբոլ է ցուցադրում, Լայպցիգը՝ անկայուն?

06/06/2020 - 20:35

Գերմանական Բունդելսիգայի շրջանակում շարունակվում է 30-րդ տուրը։

Առաջնության առաջատար և գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շարժվում է հերթական չեմպիոնությանը։ Հանսի Ֆլիկի սաներն այս անգամ հյուրընկալվել էին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Բայերին»։

Խաղը բավականին անակնկալ մեկնարկ ունեցավ։ 10-րդ րոպեին «Բայերի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը․ Յուլիան Բաումգարտլինգերը ձախ եզրից հարվածային դիրք բերեց Լուկաս Ալարիոյին, ով դիպուկ հարվածով առաջ մղեց «ասպիրինայիններին»։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում մյունխենյան ակումբը միացրեծ շարժիչները՝ երեք անգամ «պատժելով» մրցակցին։ Պետեր Բոսի թիմերը գրեթե միշտ պաշտպանական բարձր «գծով» են հանդես գալիս, ինչն էլ, միանաշանակ, այդ թիմի դեմ է գործում, որից էլ սկսեց օգտվել «Բավարիան»։

Նախ 27-րդ րոպեին Լեոն Գորեցկան գրեթե դաշտի կենտրոնից մեն-մենակ դուրս բերեց Կինգսլի Կոմանին, իսկ ֆրանսիացի վինգերը հավասարեցրեց հաշիվը։ 42-րդ րոպեին էլ աչքի ընկավ Գորեցկան, ով տուգանային հրապարակի մատույցներից գրավեց Լուկաս Հրադեցկիի դարպասի հեռավոր անկյունը՝ եզրափակելով Թոմաս Մյուլլերի փոխանցումը, իսկ նախքան ընդմիջում կրկին տապալվեց տանտերերի պաշտպանությունը։ 45-րդ րոպեին Յոզուա Կիմիխը դաշտի կենտրոնոից «կտրող» փոխանցումով գտավ Սերժ Գնաբրիին, ով էլ գնդակը դարպասապահի վրայով «կախեց» դեպի դարպասը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում էլ «Բավարիան» վերահսկում էր խաղի ընթացքը, իսկ թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ 65-րդ րոպեին ձախ եզրից հիանալի բարձր փոխանցմամբ գտավ Ռոբերտ Լևոնդովսկու գլուխը։ Ռոբերտ ԼևանԳոլսկին ընթացիկ մրցաշրջանում խփեց 30-րդ գնդակը, իսկ Մյուլլերը կատարեց իր 20-րդ արդյունավետ փոխանցումը։

Խաղավարտին մոտ՝ 89-րդ րոպեին, բրազիլացի հարձակվող Պաուլինիոյի փոխանցումից հետո աչքի ընկավ պատանի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

Այսպիսով, Հանսի Ֆլիկի սաները էլ ավելի մոտեցան չեմպիոնությանը և 70 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Այժմ մյունխենյան ակումբին չեմպիոնությունից բաժանում է ընդամենը 6 միավոր, իսկ «Բայերը» 56 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում։

ՉԼ ուղեգրի ևս մեկ հավակնորդ «Լայպցիգը» չկարողացավ օգտվել «Բորուսիա Մյունխենգլադբախի» և «Բայերի» սայթաքումներից։ «Ցլերը» սեփական հարկի տակ մրցեցին առաջնության հետնապահ «Պադերբորնի» դեմ։

Խաղը մեկնարկեց Յուլիաին Նագելսմանի սաների առավելությամբ, ինչն էլ հանգեցրեց, որ 27-րդ րոպեին Պատրիկ Շիկը բացեց հանդիպման հաշիվը։

43-րդ րոպեին տանտերերի կազմում երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն։

Երկրորդ խաղակեսում տանտերերի մոտ զգացնել տվեց մեկ խաղացողի պակասը։ Հյուրերն ունեին առավելություն, իսկ «Լայպցիգը» վտանգավոր հակագրոհում էր, սակայն երկար ժամանակ հաշվի մեջ փոփոխություն չկար, և թվում էր՝ «Լայպցիգը» կհաղթի, սակայն 90-2-րդ րոպեին հյուրերը անկյունայինի խաղարկումից հետո կարողացան փրկվել պարտությունից։ Քրիստիան Շտրոհդիկն օգտվելով դարպասապահ Պետեր Գուլյասիի սխալից՝ հավասարեցրեց հաշիվը։

«Լայպցիգը» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Պադերբորնն» ունի ընդամենը 20 միավոր՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023