Եթե նույնիսկ Ռոման հաղթեր, չէր շարունակելու պայքարը․ ակումբին տեխնիկական պարտություն է սպառնում
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով զիջել է «Սպեցիային»՝ լքելով պայքարը։
Եթե նույնիսկ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները կարողանային հաղթել և շարունակել պայքարը, միևնույնն է, «Ռոմային» պարտություն էին գրացնելու։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է La Gazetta delo Sport-ը, «գայլերին» տեխնիկական պարտություն է սպառնում, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 5 փոփոխության փոխարեն կատարել է 6-ը։ Այդ փոփոխություններից 4-ը պորտուգալացի մասնագետը կատարել է հանդիպման հիմնական ժամանակում, իսկ ևս երկուսը՝ լրացուցիչ ժամանակում։
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ լրացուցիչ ժամանակներում թույլատրվում է կատարել հավելյալ փոփոխություն, սակայն Իտալիայի գավաթի խաղարկության կանոնադրության շրջանակում այդպիսի կետ չկա։
Վերոնշյալ խաղում «Ռոման» հանդիպման 92-րդ րոպեին միանգամից երկու կարմիր քարտ ստացավ, ինչից հետո Ֆոնսեկան երկու փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով պաշտպան Ռոջեր Իբանյեսին և դարպասապահ Դանիել Ֆուզատոյին։
Խաղից հետո Պաուլու Ֆոնսեկան կատարվածին արդեն արձագանքել է․
«Մենք ակումբի ներսում, միանշանակ, ժամանակ կունենանք քննարկելու նման խնդիրները, եթե լինի դրա կարիքը։
«Ռոման» բազմաթիվ գոլային պահեր չիրացրեց այսօր, իսկ երբ մնացինք 9 ֆուտբոլիստներով, ամեն ինչ շատ բարդ էր»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Romapress.net-ը։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» արդեն պատժվել է տեխնիկական պարտությամբ, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին Ա սերիայի 1-ին տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում ակումբի կիսապաշտպան Ամադու Դիարային գրանցել էր 22 տարեկանից ցածր ֆուտբոլիստների ցանկում, այնինչ գվինեացի ֆուտբոլիստը հուլիսի 17-ին արդեն դարձել էր 23 տարեկան։
# Ա-սերիա, Ամադու-Դիավարա, Դանիել Ֆուզատո, Իտալիայի-Գավաթ, Պաու Լոպես, Պաուլու Ֆոնսեկա, Ջանլուկա Մանչինի, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Սպեցիա, Վերոնա