Իտալական կրքեր․  Ռոման շարունակում է ձախողվել՝ դուրս մնալով Իտալիայի գավաթից🎥

Իտալական կրքեր․ Ռոման շարունակում է ձախողվել՝ դուրս մնալով Իտալիայի գավաթից🎥

20/01/2021 - 02:52

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Սպեցիայի» դեմ։

Հռոմեական ակումբի համար հանդիպումն անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ նախ`6-րդ րոպեին Անդրեյ Գալաբինովն առաջ մղեց«Սպեցիային», ապա՝ 15-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Շոկային մեկնարկից հետո Պաուլու Ֆոնսեկայի սաները քիչ-քիչ ուշքի եկան և նախքան ընդմիջման գնալը մեկ գնդակ հետ բերեցին։ 43-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաշիվը դարձնելով 1։2։

Երկրորդ խաղակեսի մեծ մասում էլ «գայլերն» ունեին առավելություն, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը։

Միայն 73-րդ րոպեին լուսատախտակին վառվեց 2։2 հաշիվը, իսկ երկրորդ պատասխան գնդակը գրանցվեց հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվան դիմաց։

«Ռոմայի» ֆուտբոլիստները խփած երկրորդ գոլից հետո չէին պատրաստվում բավարարվել ձեռք բերածով և փորձում էին ամեն կերպ հաղթանակ կորզել, սակայն Բորխա Մայորալն առնվազն երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով՝ տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակը գերանհաջող մեկնարկեց հռոմեացիների համար, քանի որ 92-րդ րոպեին միանգամից երկու ֆուտբոլիստ հեռացվեցին խաղադաշտից։ Նախ Ջանլուկա Մանչինին ստացավ երկրորդ դեղին քարտը, ինչից հետո «Սպեցիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Ռոբերտո Պիկոլին մեն-մենակ դուրս եկավ «Ռոմայի» դարպասապահ Պաու Լոպեսի դիմաց։ Վերջինս էլ կոպիտ խախտում թույլ տվեց երիտասարդ հարձակվողի նկատմամբ և նույնպես հեռացվեց խաղադաշտից։

Հյուրերն էլ, ստանալով քանակական լուրջ առավելություն, 107-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշիվ մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանիելե Վերդեն։

Խաղավերջում «Ռոմայի» ֆուտբոլիստները վերջնականապես քանդվեցին և 119-րդ րոպեին ևս մեկ գնդակ բաց թողեցին։ Հանդիպման վերջակետը դրեց Սապոնարան, ով դարձավ նաև դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Սպեցիան» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում հաղթեց 2։4 հաշվով և պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում, որի շրջանակում կմրցի «Նապոլիի» դեմ։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023