Ֆանտաստիկ Բենզեմա! Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Չելսիին🎥

Ֆանտաստիկ Բենզեմա! Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Չելսիին🎥

07/04/2022 - 00:51

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց փոխնիփոխ գրոհների ներքո։ Կարելի է ասել` դաշտում «բաց» ֆուտբոլ էր ընթանում։

Հատկապես հիշատակման են արժանի Վինիսիուսի, Ռիս Ջեյմսի և Կայ Հավերցի դրվագները, ովքեր վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Այդուհանդերձ, 21-րդ րոպեից սկսած` հանդիպումը շոկային ընթացք ստացավ, քանի որ ընդամենը 3 րոպեի ընթացքում Կարիմ Բենզեման երկու անգամ գրավեց «ազնվականների» դարպասն ու 24-րդ րոպեի դրությամբ «Ռեալը» հաղթում էր արդեն 2:0 հաշվով։

Բաց թողած երկու գոլերից հետո Թոմաս Տուխելի սաները չգիտեին` ինչպես դիմակայել մրցակցի գրոհներին, սակայն լոնդոնյան ակումբը կարողացաց վերգտնել իրեն ու 40-րդ րոպեին վերադարձավ խաղ. աչքի ընկավ Կայ Հավերցը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 46-րդ րոպեին լրիվ անմեղ իրավիճակում «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո Կարիմ Բենզեման գրավեց դատարկ դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշի լուսատախտակին վառվեց արդեն 3:1 հաշվիվը։

Բաց թողած երրորդ գոլից հետո Տուխելը դաշտ դուրս բերեց իր թիմի հարձակվողական ոճի բոլոր ֆուտբոլիստներին, ինչից հետո տանտերերը քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանն ու ստանալ առավելություն։

Հանդիպման ինչ-որ պահից սկսած` «ազնվականները» «պաշարեցին» «Ռեալի» տուգանային հրապարակը։

Վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն կա՛մ Տիբո Կուրտուան էր հրաշքներ գործում դարպասային գծի վրա, կա՛մ Ռոմելու Լուկակուն էր վրիպում անհավանական դիրքերից, կա՛մ էլ Կառլո Անչելոտիի սաները պաշտպանվում էին անձնուրաց։

Ամեն դեպքում, «Ռեալին» հաջողվեց պահպանել երկու գնդակի առավելությունն ու հաղթել 3:1 հաշվով։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023