Բարսելոնան մտադիր է վաճառել 9 ֆուտբոլիստների
«Բարսելոնան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստների։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սամուել Ումտիտիի հետ պայմանագրի խզումից հետո «բլաուգրանան» մտադիր է բաժանվել նաև Կլեման Լանգլեից ու Սերժինիո Դեստից, ովքեր վերադարձել են վարձակալությունից համապատասխանաբար «Տոտենհեմում» և «Միլանում» հանդես գալուց հետո։
Վերոնշյալ ֆուտբոլիստները բավական բարձր աշխատավարձ են ստանում, և ակումբը մտադիր է ամեն գնով ազտավել նրանցից։
Ալեքս Կոլյադոյին ու Նիկո Գոնսալեսին վաճառելու հարցում «կապտանռնագույնները» դեռ չեն շտապում, սակայն մեծ է հավանականություն, որ ինչպես նախորդ մրցաշրջանում, նրանք ակումբից կհեռանան նվազագույնը վարձավճարով։
Նույն ճակատագրին կարող է արժանանալ Պաբլո Տորեն։ Ակումբը կարծում է, որ երիտասարդ կիսապաշտպանին կայուն խաղաժամանակ է անհրաժեշտ` կարիերայում առաջընթաց գրանցելու համար։
Հաղորդվում է, որ մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել Տորեին։
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել նաև Ֆրանկ Կեսիեին, ով գլխավոր մարզիչ Խավիի հետ ունեցած առանձնազրույցից հետո ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել։
Հատկանշական է, որ իվուարցի կիսապաշտպանը կփոխի ակումբային գրանցումը միայն այն դեպքում, եթե շահավետ առաջարկ ստանա։
Հավանական հեռացողների թվում են նաև Անսու Ֆաթին, Ֆերրան Տորեսն ու Էրիկ Գարսիան, սակայն նրանց վաճառելը ներկա պահին բավական բարդ խնդիր է «Բարսելոնայի» համար։
Անսու Ֆաթին, առհասարակ, չի ցանկանում լքել «բլաուգրանայի» շարքերն, այդ պատճառով «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ևս մեկ շանս տալ երիտասարդ հարձակվողին։
Նշվում է, որ վերոնշյալ չորս ֆուտբոլիստներից նվազագույնը ստիպված են լինելու լքել «Բարսելոնան», հակառակ դեպքում ակումբի տրանսֆերային հարցերով զբաղվող Մատեու Ալեմանին ու Դեկուն չեն կարող բավարարել Խավիի տրանսֆերային պահանջները։
Եթե նշված բոլոր ֆուտբոլիստներն, իրոք, հեռանան «Բարսելոնայից», ակնկալվում է, որ ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր գործարքներ կիրականացնի և ձեռք կբերի հենակետային կիսապաշտպանի ու աջ պաշտպանի։
Հավելենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» ազատ գործակալի կարգավիճակում արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ու «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։
Մոտ ժամանակներս «բլաուգրանան» կհայտարարի նաև «Ատլետիկո Պարանաեսնեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերի մասին, ով ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունվարի 1-ին։ Գործարքի դիմաց կատալոնական ակումբը վճարելու է 30+31 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Կոլյադո, Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Կլեման Լանգլե, Նիկո Գոնսալես, Պաբլո Տորե, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես, Ֆրանկ Կեսիե