Պեդրի. «Ես հետևում էի հաշիվներին և գիտեի, որ Իսպանիան դուրս է մնում և պետք է գոլ խփենք»
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Ճապոնիային։
Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» կիսապաշտպան Պեդրին.
«Ճապոնիան մեծ ինտենսիվությամբ էր խաղում։ Մենք ստիպված էինք արագ գործել, ինչի հետևանքով էլ շատ սխալներ թույլ տվեցինք։
Անձամբ ես հետևում էի հաշիվներին (Խմբ.` նկատի ունի զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա – Գերմանիա (2:4) հանդիպումը) և գիտեի, որ դուրս ենք մնում և պետք է գոլ խփենք, սակայն մեզ չհաջողվեց դա անել։
Խաղերից յուրաքանչյուրում էլ որոշակի խնդիրներ ունեցանք, այդ թվում նաև` Գերմանիայի դեմ (1:1)։ Մեզ հաղթանակ էր անհրաժեշտ այդ խաղում, սակայն չհաջողվեց։ Ընդ որում, խնդիրը հոգնածությունը չէ»,- եզրափակել է Պեդրին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ, չնայած պարտությանը, Իսպանիայի հավաքականը E խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։
«Ֆուրիա ռոխան» մոտ էր պայքարը լքելուն, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում Կոստա Ռիկան, ինչ-որ պահ, 2:1 հաշվով հաղթում էր Գերմանիային։
Իրադարձությունների նման զարգացման դեպքում 1/8 եզրափակիչի ուղեգիր կնվաճեր հենց Կոստա Ռիկան, սակայն «բունդեսմանշաֆթը» բեկեց հանդիպման ընթացքն ու արդյունքում հաղթեց 4:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Կոստա Ռիկայի հավաքական, Ճապոնիայի հավաքական, Մունդիալ-2022, Պեդրի, Քաթար-2022