Դրամա E խմբում. Գերմանիան նույնպես վերադառնում է տուն. Ճապոնիան ու Իսպանիան  1/8 եզրափակիչում են 🎥

Դրամա E խմբում. Գերմանիան նույնպես վերադառնում է տուն. Ճապոնիան ու Իսպանիան 1/8 եզրափակիչում են 🎥

02/12/2022 - 01:03

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «բունդմանշաֆթի» բացահայտ առավելության պայմաններում, ինչի արդյունքում արդեն 10-րդ րոպեին Հանսի Ֆլիկի թիմը Սերժ Գնաբրի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Թվում էր` գերմանացիների արագ գոլից հետո գնդակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են Կեյլոր Նավասի դարպասում, սակայն, չնայած «բունդեսմանշաֆթն» ուներ բազում գոլային պահեր, այդպես էլ չկարողացավ մեծացնել հաշվի տարբերությունը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ Գերմանիայի հավաքականի համար, քանի որ Ֆլիկի թիմը պատժվեց չիրացրած գոլային պահերի համար։

Կոստառիկացիները երկրորդ կեսում, ունենալով երկու իրական գոլային պահ, ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 58-րդ ու 70-րդ րոպեներին աչքի ընկան Ելցին Տեխեդան ու Խուան Վարգասը։

Այդուհանդերձ, գերմանացիները չկոտրվեցին այս ընթացքից ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը և տարան կամային հաղթանակ` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գոլ։

«Մանշաֆթին» հաղթանակ պարգևեցին Կայ Հավերցի դուբլն ու Նիկլաս Ֆուլկրուգի գոլը։

Այսպիսով, Գերմանիան հաղթեց 4:2 հաշվով։

Գերմանիա – Կոստա Ռիկա հանդիպմանը զուգահեռաբար Իսպանիայի հավաքականը մրցեց Ճապոնիայի ընտրանու դեմ։

Այս հանդիպումը գրեթե նույն սցենարով ընթացավ, ինչ Գերմանիա – Կոստա Ռիկան. «ֆուրիա ռոխան» 10-րդ րոպեին Ալվարո Մորատայի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։

Լուիս Էնրիկեի թիմն առաջին կեսում բազմիցս կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ «սամուրայները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել իսպանացիների համար և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 48-րդ ու 51-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Ռիցու Դոանն ու Աո Տանական։

Հանդիպման մնացած ժամանակահատավածում «ֆուրիա ռոխան» ունեցավ մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացավ խուսափել պարտությունից. Ճապոնիան 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց։

E խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ճապոնիա – 6 միավոր
  2. Իսպանիա – 4 միավոր
  3. Գերմանիա – 4 միավոր
  4. Կոստա Ռիկա – 3 միավոր

Այսպիսով, Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Կոստա Ռիկան ու Գերմանիան լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023