Ալաբան միայն մեկ պայմանի կատարման դեպքում պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ
Առայժմ հայտնի չէ, թե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան որ ակումբում կշարունակի իր ելույթները, սակայն ավստրիացին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբի շարքերը։
Ինչպես տեղեկացնում է As-ը, Ալաբայի տեղափոխության ամենահավանական տարբերակները «Ռեալն» ու ՊՍԺ-ն են, սակայն պարբերականին հասանելի է դարձել բավական հետաքրքիր մանրամասներ կողմերի բանակցություններից։
Բանն այն է, որ ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» և ՊՍԺ-ին հայտնել է, որ մի պարտադիր պայմանով կտեղափոխվի այդ ակումբ․ Ալաբան ցանկանում է հանդես գալ կիսապաշտպանությունում, քանի որ իրեն ավելի լավ է զգում այդ դիրքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «արքայական» ակումբի հետ։ Ալաբային «Բարսելոնայի» կազմում է ցանկանում տեսնել նաև Ժոան Լապորտան, այն դեպքում, երբ ինքը կհաղթի կատալոնական ակումբի նախագահի ընտրություններում։
Le Parisien-ն էլ գրում է, որ ավստրիացի ֆուտբոլիստը բոլոր այն ակումբներին, որոնք հանդես են եկել առաջարկով, այդպիսի պայման է դրել, որ նոր ակումբի կազմում նա պետք է հանդես գա դաշտի կենտրոնում։
Հավելենք, որ Դավիդ Ալաբան նոմինալ ձախ պաշտպան է և իր կարիերայի հանդիպումների մեծ մասն անցկացրել է հենց այդ դիրքում (243 խաղ), սակայն պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով արդեն երկրորդ մրցաշրջանն է «Բավարիայի» կազմում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում՝ անցկացնելով 110 խաղ։
Դավիդ Ալաբան դաշտի կենտրոնում հանդես գալու փորձ ունի Ավստրիայի հավաքականում։ 28-ամյա ֆուտբոլիստն իր հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 76 հանդիպման, որոնցից 45-ը՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Բավարիա, Դավիդ Ալաբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ