Սետիենն առանձնազրույց է ունեցել Մեսսիի հետ
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը՝ հղում կատարելով Catalunya Radio-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հանդիպում է ունեցել ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը հուլիսի 18-ին առանձնազրույց են ունեցել՝ քննարկելով ակումբի հանդերձարանի իրավիճակի մասին։ Սետիենը Մեսսիի հետ կիսվել է ակումբում ստեղծված իրավիճակի և ապագայի մասին։ Խոսակցությունը տևել է մոտ 30 րոպե, և կողմերը, կարծես թե, բավարարված են մնացել դրա արդյունքներից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը հանդիպում է ունեցել ակումբի նախահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, սակայն, թե ինչ թեմայից են խոսել, պահվել է գաղտնի․ միայն հայտնի է, որ Բարտոմեուն իր աջակցությունն է հայտնել 61-ամյա մասնագետին՝ հայտնելով, որ մինչև Չեմպիոնների լիգայի մեկնարկը միանշանակ մարզչական փոփոխություն տեղի չի ունենա ակումբում։
Հաղորդվում է, որ 37-րդ տուրում «Օսասունայից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո ֆուտբոլիստները հանդերձարանում քննարկել են ստեծղվածը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է իրավիճակը շտկել Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ։ Դրանից հետո ակումբը 38-րդ տուրում հյուրընկալվելիս «Ալավեսին» հաղթեց 5։0 հաշվով։
Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին․ դիմակայության առաջին խաղը Նեապոլում ավարտվել է 1։1 հաշվով։
# Ալավես, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կիկե Սետիեն, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Օսասունա