Դանիայի հավաքականի բժիշկը տեղեկություն է հայտնել Էրիկսենի առողջական վիճակի մասին 📸
Դանիայի ազգային հավաքականի բժիշկ Մարտեն Բյոսենը տեղեկություն է հայտնել թիմի կիսապաշտպան Քրիստաին Էրիկսենի առողջական վիճակի մասին։
«Այսօր առավոտյան խոսել եմ Քրիստիանի հետ. նա իրեն լավ է զգում։ Էրիկսենն ընտանիքի հետ է, լավ տրամադրություն ունի։
Ակնկալվում է, որ նա շուտով կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից ու գնալ տուն։
Մենք հոգ ենք տանում մեր խաղացողների և անձնակազմի մասին և պարբերաբար կապի մեջ ենք նրանց հետ»,- ասել է Բյոսենը։
34-ամյա ֆուտբոլիստը հունիսի 7-ին կայացած Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական հանդիպման 65-րդ րոպեին ուշագնաց էր եղել։ Հանդիպումը գլխավոր մրցավար Սիգուրդ Քրինգստադի որոշմամբ ավարտվել էր վաղաժամ։
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպանը, բարեբախատաբար, որոշ ժամանակ անց ուշք էր եկել` ինքնուրույն լքելով խաղադաշտը։
Հիշեցնենք, որ Էրիկսենի հետ նման դեպք եղել էր նաև 2021թ. հունիսի 12-ին Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) խաղում։ Ֆուտբոլիստը նորից ուշագնաց էր եղել. նրա մոտ սրտի կանգ էր արձանագրվել։
Կիսապաշտպանը կատարվածից հետո խաղադաշտ վերադարձավ 8 ամիս անց։ Նա հանդես է գալիս սրտի աշխատանքը խթանող հատուկ սարքով` դեֆիբրիլյատորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դանիայի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն