Սոուչեկը հերթական հաղթական գնդակն է խփում   🎥

Սոուչեկը հերթական հաղթական գնդակն է խփում 🎥

01/01/2021 - 23:42

Հունվարի 1-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը, որի մեկնարկային խաղում մրցեցին լավագույն քառյակում ընթացող «Էվերտոնն» ու մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող «Վեսթ Հեմը»։

Առաջին խաղակեսում «Էվերտոնի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն, սակայն չկարողացան իրացնել իրենց գոլային պահերը, իսկ երկրորդ խաղակեսն արդեն լոնդոնյան ակումբի թելադրանքով անցավ։

Երկար ժամանակ հանդիպման հաշիվը չէր բացվում, սակայն 86-րդ րոպեին Արոն Կրեսվելի կատարած հարվածից հետո գնդակն անդրադարձավ «իրիսների» պաշտպան Յերի Մինայից և, դիպչելով «մրճահարների» հենակետային կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկին, հայտնվեց դարպասում։

Ինչպես հետագայում պարզվեց, Սոուչեկի գոլը հաղթանակ պարգևեց «Վեսթ Հեմին»։

Ընդհանրապես, 25-ամյա չեխ ֆուտբոլիստը հիանալի մրցաշարջան է անցկացնում և արդեն որերորդ անգամ շատ կարևոր գոլի հեղինակ է դառնում։ 8-րդ տուրում «Վեսթ Հեմը» մրցում էր «Ֆուլհեմի» դեմ․ Սոուչեկը հանդիպման վերջնամասում գոլ խփեց՝ պարգևելով իր թիմին հաղթանակ 1։0 հաշվով։ 12-րդ տուրում՝ «Լիդսի» դեմ կայացած խաղում, չեխ ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 1։1, իսկ հետագայում նրա թիմակիցները շարունակեցին նրա գործը՝ հյուրընկալվելիս հաղթելով 1։2 հաշվով։ 15-րդ տուրում էլ՝ «Բրայթոնի» դեմ մրցավեճում, Սոուչեկի գոլը միավոր բերեց լոնդոնցիներին։ Այժմ էլ «Էվերտոնի» դեմ խաղում նրա գոլը դարձավ հաղթական։ Փաստացի «Վեսթ Հեմն» ընթացիկ մրցաշրջանում Սոուչեկի գոլերի շնորհիվ արդեն վաստակել է 10 միավոր։ Մեկ գոլ էլ նա խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, սակայն այդ խաղում «Վեսթ Հեմը» պարտվեց 1։3 հաշվով։

Հատկանշական է, որ նույն պատկերն է նաև Չեխիայի հավաքականի կազմում։ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում չեխերը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեցին Սլովակիայի հավաքականին, իսկ հաղթական մեկնարկը դրեց հենց Սոուչեկը։ Այդ հաղթանակը Չեխիայի հավաքականին հնարավորություն տվեց հաղթել B դիվիզիոնի 2-րդ խմբում և հաջորդ տարի նրանք արդեն հանդես կգան A դիվիզիոնում։

Այս հաղթանակից հետո Դևիդ Մոյեսի սաները վաստակեցին 26 միավոր և բարձրացան 10-րդ հորիզոնական, իսկ «Էվերտոնը» 29 միավորով 4-րդն են։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023