Ֆիորենտինան բանակցություններ է վարում ռուս սկանդալային հարձակվողի հետ

Ֆիորենտինան բանակցություններ է վարում ռուս սկանդալային հարձակվողի հետ

20/01/2021 - 16:28

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ֆիորենտինան» բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը ոչ մի կերպ չկարողացավ համաձայնության հասնել «Վեսթ Հեմի» հարձակվող Ֆելիպե Անդերսոնի տրանսֆերի հարցում, ինչից հետո սլաքներն ուղղել է 29-ամյա ռուս հարձակվողի վրա։

«Match TV»-ի հայազգի լրագրող Նոբել Առուստամյանն էլ իր Telegram-ի ալիքում մանրամասներ է հայտնել հավանական տրանսֆերի մասին։

««Սպարտակն» ու «Ֆիորենտինան» ակտիվ բանակցություններ են վարում Ալեքսանդր Կոկորինի տրանսֆերի հարցում։ Կողմերն արդեն սկզբունքային համաձայնություն ունեն։

«Ֆիորենտինան» Կոկորինի դիմաց, ամենայն հավանականությամբ, վճարելու է 5 մլն եվրո։ Ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆինանսական հարցերը։ «Ֆիորենտինան» այժմ պետք է համաձայնեցնի նաև Կոկորինի անձնական պայմանագրի կետերը։

«Սպարտակը» Կոկորինին տարեկան վճարում է 3 մլն եվրո աշխատավարձ, սակայն «Ֆիորենտինան» առաջարկում է միայն 1․7 մլն։

Ֆլորենցիան ներկայացնող ակումբը Կոկորինին մտածելու ժամանակ է տվել, ով պետք է պատասխանի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Եթե պատասխանն ուշանա կամ էլ բացասական լինի, ապա «Ֆիորենտինան» կփորձի կրկին բանակցություններ վարել Ֆելիպե Անդերսոնի հետ»,- գրել է հայազգի լրագրողը։

Կոկորինը մի քանի ամիս առաջ է «Զենիթից» տեղափոխվել «Սպարտակ», սակայն ոչ մի կերպ չի կարողանում ամրապնդվել մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում։ Կոկորինն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարարեի շրջանակում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով 2 գնդակ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Կոկորինը, նրա եղբայրը՝ Կիրիլը, ինչպես նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուքի էին բռնվել ռուս քաղաքական գործիչներից մեկի հետ, ինչի հետևանքով նրանք բանտարկվել էին։ Կողմերը ազատ են արձակվել 2019 թվականի հոկտեմբերին՝ ստանալով պայմանական ազատություն։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023