Ֆինլանդիայի հավաքականի հաջողության հետքերով

Ֆինլանդիայի հավաքականի հաջողության հետքերով

18/11/2019 - 00:41

Ֆինլանդիայի հավաքականը 2 օր առաջ հաղթելով Լիխտենշտեյնի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Ֆինլանդիայի հավաքականը լքեց այն հավաքականների շարքերը, որոնք չեն մասնակցել որևէ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի։ Այս հաջողության համար ֆիններից պահանջվեց 35 փորձ։ Փորձել ենք վերլուծել այս հաջողության գաղտնիքները՝ թե՛ խաղային և թե՛ հոգեբանական առումներով։ Ֆիննական հրաշքին ընդառաջ։ Գնացինք։

Ֆուտբոլային առումով Ֆինլանդիան երբեք չի եղել նույնիսկ միջակ երկիր, որը կփորձի պայքարել մեծ մրցաշարերի ուղեգրերի համար։ Ֆինները հաճախ ընտրական փուլերի ժամանակ եզրափակել են իրենց խումբը կամ էլ զբաղեցրել են միջին հորիզոնականներ։

Ֆուտբոլիստների անհատական որակների առումով ներկայիս հավաքականը նույնիսկ զիջում է իր նախկին սերունդներին։ Ֆինները տվել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Յարի Լիտմանեն, Միքայել Ֆորսել, Սամի Հյուպիա, Յեսի Յասկելայնեն, Ալեկսեյ Յերյոմենկո, Պետրի Պասսանեն և այլք։ Խաղացողներ, որոնցից շատերն իրենց հետքն են թողել եվրոպական ֆուտբոլում։

Այս հավաքականի հաջողությունների սկիզբը կարելի է համարել Ազգերի լիգայի C դիվիզիոնի իրենց խմբում հաղթանակը։ Այդ մրցաշարը ֆինների համար կարծես դարձավ տրամպլին, որը ստիպեց հավատալ իրենց ուժերին և հոգեբանական մեծ խթան հանդիսացավ այս հաջողության համար։ Այդ խմբում նրանք իրենցից հետ թողեցին եվրոպական մակարդակով ոչ այնքան հզոր, բայց որոշակի հաջողություններ գրանցած Հունաստանի, Հունգարիայի, ինչպես նաև վայրիվերումներով հանդես եկող Էստոնիայի հավաքականներին։

Սուոմիի գլխավոր մարզիչ Մարկո Կանվերան, ով հավաքականի մարզչական համակարգում է դեռևս 2011 թվականից, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվել է 2016 թվականին, կարողացել է ստանալ մի թիմ, որը չունի ընդգծված առաջատար, բացի Տեմո Պուկկից։ Այս մարզիչը չի սիրում աշխատել վառ անհատականությունների հետ, այդ պատճառով էլ հավաքականից հեռացան հավաքականի նախկին առաջատարներ Ռոման Յերյոմենկոն և թիմի ավագ Նիկոլաս Մոյսանդերը։

Ֆինլանդիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը բացարձակ կապ չունի օդային և երկար փոխանցումների հետ, որը հաճախ կտեսնենք մյուս սկանդինավյան հավաքականների մոտ։ Կանվերան հստակ շեշտը դնում է պաշտպանողական տակտիկայի, ինչպես նաև կոնտրպրեսինգի վրա։ Ֆինների հիմննական հաջողության գաղտնիքն այն է, որ նրանք ամբողջ թիմով պաշտպանվում են և մրցակցի գնդակն կորցնելուն պես շատ արագ պաշտպանությունից անցնում հարձակման․ գրերթե 3-4 փոխանցումը բավարար է նրանց անցնել մրցակցի ողջ կենտրոնը և գնդակը հայտնվում է Պուկկիի մոտ, ով սկսած գործն էլ հասցնում է ավարտին։

Այստեղ չպետք է մոռանալ ֆինների հենակետային գոտու իսկական արքա Գլեն Կամարային, ով իր խաղով շատ է հիշեցնում Ն’գոլո Կանտեին։ Այս տղան գրեթե միայնակ կարողանում է ցեմենտել դաշտի ողջ միջին օղակը։ Նա իր արագաշարժության շնորհիվ, կարողանում է արագ կողմնորոշվել և խլումներ կատարել, գնդակը հասցնել եզրային կիսապաշտպաններին կամ էլ Տեմո Պուկկիին։ Շոտլանդական «Ռեյնջերսում» Սիթիվեն Ջերարդի գլխավորությամբ էլ ավելի է թրծվել որպես հենակետային կիսապաշտպան, և ըստ իս, հանգիստ կարող է հանդես գալ եվրոպական որևէ թոփ ակումբում։

Մարկո Կանվերան ֆինների մեջ ներարկել է ինչպես պրագմատիզմ, այնպես էլ կիրք ու պայքարելու եռանդ։ Եթե անհրաժեշտ է, ֆինները պաշտպանվում են 11 հոգով, գնում են տակտիկական խախտումների, մրցակցին հանում են հունից, նույնիսկ անհրաժեշտության դեպքում, կմեռնեն դաշտում։ Նրանց խաղում կրակ կա։ Կանվերայի խաղային ձեռագիրն ու աշխետալոճը մասամբ նման է Դիեգո Սիմեոնեի ոճին․ խաղալ խոր պաշտպանությունից, կիրառել «կատենաչչո», երբեմն դաշտում լինել «կեղտոտ», միայն թե հաղթեն՝ ապահովելով արդյունք, երջանկացնելով իրենց երկրպագուներին։

Փորձելով համեմատել Հայաստանը և Ֆինլանդիայն՝ որպես պետություններ, կարելի է նշել մի քանի փաստ այդ երկրի մասին։ Նախ նշենք, որ ամբողջ աշխարհում բնակվում է մոտ 6,5 մլն ֆինն, չունեն նավթ և գազ, ընդհանրապես բնական ռեսուրսների առումով այս երկիրը շատ հարուստ չէ, կլիմայական ոչ այնքան բարենպաստ պայմաններ ֆուտբոլը զարգացնելու համար։

Սակայն, արի ու տես, որ այդ ամենը շատ խաբուսիկ է։ Ֆինլանդիայի տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 250 մլրդ ԱՄՆ դոլլար, իսկ մեկ շնչին ՀՆԱ-ն՝ 45 հազար ԱՄՆ դոլլար, որը 24-րդ արդյունքն է աշխարհում։ Մարդկության զարգացվածության ինդեքսի ցուցանիշով Ֆինլանդիան 15-րդն է աշխարհում։ Այս թվերը փաստում են միայն այն մասին, որ նույնիսկ մարդկային և բնական քիչ ռեսուսրների պայմաններում կարելի է ապահովել որակ։

Հայաստանի մարզչական շտաբը և ֆեդերացիան հաճախ են շեշտում, որ մենք չունենք բավարար ֆուտբոլիստներ՝ հավաքականը համալրելու համար։ Այստեղ միշտ կարելի է բերել Իսլանդիայի հավաքականի օրինակը, ովքեր ունենալով ընդամենը 400 հազար բնակչություն, կարողացան դուրս գալ նախ Եվրոպայի առաջնություն, ապա նաև Մունդիալ 2018-ին մասնակցեցին։ Իսլանդիայի հավաքականը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆինլանդիայի հավաքականը, ունեն միայն մեկ ընգծված աստղ, ի դեմս՝ Գիլֆի Սիգուրդսոնի և Տեմո Պուկկիի, սակայն կարողացան կերտել անհնարինը։ Պարզապես պետք է մի փոքր գործին մոտենալ ավելի լուրջ և ունենալ հաջողության հասնելու ցանկություն և հավատ։ Աշխատասիրությունը միշտ էլ տալիս է իր պտուղները։

Եթե ընտրական շրջափուլից 2 տուր առաջ հեռացնում ենք մարզիչ, ի՞նչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսքը։ Բողոքել ոչ բավարար ռեսուրսներից և պայմաններից, վնասվածք ունեցող խաղացողներից, մարզիչներին հերթով փոխել, սրանք պարզապես փրփուրներից կախվելու նշաններ են։ Մեր հավաքականի խաղային թերացումները մի կողմ դնենք, մեր խնդիրները շատ-շատ խորքից են գալիս, որոնք մտածելու տեղիք են տալիս։

Եզրափակելով՝ կցանկանամ կրկին կիսվել այն տեսանյութով, որտեղ Ֆինլանդիայի հավաքականի երկրպագուները իրենց թիմի հետ նշում էին իրենց պատմական հաջողությունը։ Նրանց աչքերում եռում է կրակն ու ցանկությունը։ Հաջողություն եմ մաղթում նրանց Եվրոպայի առաջնությունում։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

Միքայել Մելիքբեկյան

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023