Ֆանտաստիկ խաղ Լոնդոնում.  Սիթին վերջին րոպեներին կամային հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում🎥

Ֆանտաստիկ խաղ Լոնդոնում. Սիթին վերջին րոպեներին կամային հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում🎥

01/01/2022 - 18:35

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային առավելության պայմաններում (68%), սակայն շատ ավելի լավ տպավորություն էր թողնում «Արսենալը», ինչն էլ նպաստեց, որ «զինագործները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցնեն հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։

Խփած գոլից հետո էլ «զինագործները» կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Գաբրիել Մարտինելին երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։

Երկրորդ կեսի մեկնարկն էլ անցնում էր «Արսենալի» ֆուտբոլիստների ատավելությամբ, սակայն 54-րդ րոպեին Գրանիտ Ջական սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Բերնարդու Սիլվայի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Ստյուարտ Էտվելը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, տանտերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Ռիյադ Մարեզը և հավասարեցրեց։

Բաց թողած գոլից անմիջապես հետո քիչ մնաց «Արսենալը» կրկին առաջ անցներ հաշվի մեջ։

«Սիթիի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել, ինչից հետո Էմերիկ Լապորտը փորձեց գլխով գնդակը հեռացնել դաշտի սահմաններից, սակայն հարվածեց դեպի սեփական դարպասը, որը դատարկ էր մնացել, սակայն Նաթան Ակեն մեծ դժվարությամբ հեռացրեց այն դարպասային գծի վրայից, իսկ վրա հասած Գաբրիել Մարտինելին չկարողացավ մոտ տարածությունից գրավել դատարկ դարպասը։

59-րդ րոպեին «քաղաքաբնակները» փորձեցին հակագրոհ զարգացնել, սակայն «Արսենալի» պաշտպան Գաբրիելը կանոնների խախտման գնով կասեցրեց Գաբի Ժեզուսին, ինչից հետո պատժվեց երկրորդ դեղին քարտով ու հեռացվեց խաղադաշտից։

Ստանալով քանակական առավելություն` Պեպ Գվարդիոլայի սաները տիրեցին նախաձեռնությանը, սակայն երկար ժամանակ չէր ստացվում առաջ անցնել հաշվի մեջ։

Երբ թվում էր` կողմերը կկիսեն միավորը, 90+3-րդ րոպեին Ռոդրին դարձավ գոլի հեղինակ ու ապահովեց «Սիթիի» դրամատիկ և կամային հաղթանակը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2:1 հաշվով վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Արսենալը» մնաց 35 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023