ԵԼ-ն Ունայի Էմերիի մրցաշարն է․ Վիլյառեալը լուրջ առավելություն է ստանում առաջին խաղում🎥

ԵԼ-ն Ունայի Էմերիի մրցաշարն է․ Վիլյառեալը լուրջ առավելություն է ստանում առաջին խաղում🎥

11/03/2021 - 23:48

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» Կիևում հյուրընկալվելիս մրցեց տեղի «Դինամոյի» դեմ։

Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում․ կողմերը պարբերաբար փոխանակվում էին վտանգավոր պահերով, սակայն երկու ակումբներին էլ չէր հերիքում դիպուկությունը։

Ողջ առաջին կեսի ընթացքում երկու ակումբները միասին վերցրած կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված, որն ավարտվեց դարպասի գրավումով։ 30-րդ րոպեին «Վիլյառեալին» առաջ մղեց կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալն այևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում Ունայի Էմերիի սաների առավելությունն առավել քան ակնհայտ էր, ովքեր հենց խաղակեսի մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը և արդեն 52-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը․ այս անգամ էլ աչքի ընկավ «դեղին սուզանավի» մյուս կենտրոնական պաշտպանը՝ Ռաուլ Ալբիոլը։

Բաց թողած երկրորդ գոլը Միրչա Լուչեսկուի թիմին թևաթափ արեց։ Եթե առաջին կեսում կիևյան ակումբը քիչ թե շատ վտանգավոր պահեր էր ստեղծում Խերոնիմո Ռուլիի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ապա երկրորդ խաղակեսում «Դինամոյի» ֆուտբոլիստները գրեթե ոչնչով աչքի չընկան։

Խաղավարտին մոտ վալենսիական ակումբը հանգստացրեց խաղը՝ այն մոտեցնելով իր տրամաբանական և հաղթական ավարտին։

Այսպիսով, «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Դինամո Կևին» և պատասխան խաղից առաջ ստացավ լուրջ առավելություն։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին՝ «Վիլյառեալի» հարկի տակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023