Չելսին լուրջ քայլ կատարեց դեպի ՉԼ․ «ազնվականները» հիանալի տեսք ունեն🎥

Չելսին լուրջ քայլ կատարեց դեպի ՉԼ․ «ազնվականները» հիանալի տեսք ունեն🎥

24/04/2021 - 22:40

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Վեսթ Հեմն» ու «Չելսին»։

Հանդիպման առաջին խաղակեսում «Չելսիի» ֆուտբոլիստներն ունեին խաղային և տարածքային շոշափելի առավելություն։

Թոմաս Տուխելի սաներն առաջին կեսում գնդակին տիրել են ավելի շատ (64%), ավելի շատ են հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ (6 հարված, 3-ը՝ դիպուկ), ինչպես նաև ավելի շատ են վտանգավոր գրոհ անցկացրել (32):

Այդ առավելությունն էլ նախքան ընդմիջման գնալը տվեց իր արդյունքը, քանի որ 43-րդ րոպեին Տիմո Վերների ջանքերով «ազնվականները» բացեցին խաղի հաշիվը։

Հավելենք, որ գերմանացի հարձակվողը պաշտոնական խաղերում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել սույն թվականի փետրվարի 15-ին, երբ ԱՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում գրավեց «Նյուքասլի» դարպասը՝ օգնելով իր թիմին հաղթել 2։0 հաշվով։ Դրանից հետո անցկացրած հաջորդ 14 խաղերում 25-ամյա ֆուտբոլիստին չէր հաջողվում դառնալ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում էլ «կապույտները» շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվոմ խփել երկրորդ գնդակը․ նպաստավոր դիրքից երկու անգամ վրիպեց նույն Վերները։

Աչքի ընկնելու լավ պահ ուներ նաև Մեյսոն Մաունթը, սակայն 63-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո «մրճահարներին» փրկեց դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին։

79-րդ րոպեին «Վեսթ Հեմի» պաշտպան Ֆաբիան Բալբուենան անչափ կոպիտ խախտում թույլ տվեց Բեն Չիլվելի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Կավանան դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և պարագվայցի պաշտպանին պատժեց կարմիր քարտով՝ հեռացնելով նրան դաշտից։

Ստանալով քանակական առավելություն՝ «Չելսիի» ֆուտբոլիստները հանգստացրին խաղը և մոտեցրին այն իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը հյուրընկալվելիս 1։0 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ, վաստակեց 58 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Վեսթ Հեմը» մնաց 55 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Վերջում հավելենք, որ Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո ակումբն անցկացրել է 21 հանդիպում, որոնցից 16-ում դարպասը պահել է անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023