Վարանը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Վարանը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

18/07/2021 - 11:43

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ամենայն հավանականությամբ, շուտով նոր ակումբ կունենա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիացի պաշտպանին գնելու ամենահավանական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություններով, իսկ կողմերի միջև բանակցություններում առաջընթաց կա։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսյադեր Նիկոլո Սկիրան, 28-ամյա պաշտպանի գործարքը շատ մոտ է վերջնական կայանալուն։ «Կարմիր սատանաները» Վարանի հետ վաղուց համաձայնեցրել են աձնական պայմանագրի կետերը, որը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։

Աղբյուրի փոխանցմամբ` Վարանն արդեն մերժել է «Ռեալի»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։ «Արքայական» ակումը ցանկանում էր նրա հետ կնքել 4 տարվա պայմանագիր և տարեկան վճարել 7.5 մկն եվրո աշխատավարձ։

Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Յունայթեդը» ֆրանսիացի պաշտպանի դիմաց վճարելու է մոտ 60 մլն եվրո. հենց այդքան է ցանկանում «Ռեալը» ստանալ իր ֆուտբոլիստի վաճառքից։

Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Վարանը շատ է ցանկանում ձեռք բերել Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ, այդ պատճառով էլ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, սակայն նա չի պատրաստվում իրեն բաց թողնելու համար «արքայական» ակումբի վրա ճնշում գործադրել, քանի որ հարգում է «Ռեալին»։

Հատկանշական է, որ «Ռեալն» էլ ցանկանում է նախքան Վարանի ազատ գործակալ դառնալը վաճառել նրան, քանի որ հետագայում ստիպված է լինելու անվճար բաժանվել իր ֆուտբոլիստից։

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023