«Սուրբծննդյան հրադադար»․ 106 տարի առաջ Գերմանիան և Մեծ Բրիտանիան կանգնեցրին պատերազմը  և ֆուտբոլ խաղացին

«Սուրբծննդյան հրադադար»․ 106 տարի առաջ Գերմանիան և Մեծ Բրիտանիան կանգնեցրին պատերազմը և ֆուտբոլ խաղացին

25/12/2020 - 22:51

106 տարի առաջ այս օրերին Առաջին համաշխարհային պատերազմը նոր-նոր թափ էր հավաքում։ Պատերազմում ներքաշված էին եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 9 մլն զինվորական անձինք։ Եվս 7 մլն զոհ եղավ խաղաղ բնակչության շրջանակում։

Այս պատերազմը հրահրվել էր «պատերազմ՝ բոլոր պատերազմներին վերջ տալու համար» սկզբունքով, սակայն բոլորդ էլ գիտեք, որ դա այդպես չեղավ, սակայն Առաջին համաշարխարհային պատրեազմի հետ կապված կա նաև լուսավոր կետ։

Ռազմաճակատի Արևմտյան ճակատում միմյանց դեմ մարտնչում էին գերմանական ու բրիտանական բանակները, սակայն 106 տարի առաջ հենց այս օրը՝ 1914 թվականի դեկտեմբերի 25-ին, պատերազմը շատ կարճ ժամանակով կանգ առավ։ Պատճառը Սուրբ ծնունդն էր (խմբ․՝ ինչպես գիտեք՝ կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 24-25-ին)։

Համաշխարհային պատմության մեջ այդ իրադարձությունը հայտնի է որպես «Սուրբծննդյան հրադադար» անվանումով։ Հետագայում այն դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի խորհրդանիշներից մեկը, իսկ շատերը պնդում են նաև, որ գերմանացի ու անգլիացի զինվորները նույնիսկ ֆուտբոլ են խաղացել։

1914 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ուշ երեկոյան՝ սուրբծննդյան ճրագալույցի ժամանակ, բրիտանական բանակի զինվորները նկատում են, որ հենց ուղիղ իրենց դիմաց գերմանական բանակի ներկայացուցիչները հայրենասիրական երգեր ու օրհներգեր են կատարում, ինչպես նաև խրամատում փոքրիկ տոնածառ են զարդարում։

Հաջորդ օրը գերմանացի ու բրիտանացի զինվորները հանդիպում են չեզոք գոտում և սկսում են փոխանակվել հուշանվերներով, նամակներով, սնունդով, ծխախոտով և սուրբծննդյան նվերներներով։ Այդ օրը հրետանին ամբողջությամբ լռել է։ Առիթից օգտվելով՝ կողմերը մարտադաշտից նաև կարողացել են հանել իրենց զոհերին, ամրացրել են խրամատներն ու բլինդաժները, ինչպես նաև միասնական հուղարկավորություններ են կազմակերպել։ Այդ օրվանից հետո չեզոք գոտիներում նման իրադարձություններ գրեթե չեն եղել։

Բրիտանացի և գերմանացի զինվորները չեզոք գոտում

Նշվում է, որ այդ ժամանակ հաշտության կամ հրադադարի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն մոտ 100 հազար գերմանացի և բրիտանացի տարբեր աստիճանի զինվորականներ Արևմտայն ռազմաճակատում դադարեցրել են ռազմական գործողությունները, բայց ռամզաճակատի որոշ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվել են նույնիսկ այդ օրերին։ Մի շարք բարձրաստիճան սպաներ էլ դժգոհ են եղել նման հրադադարից՝ պնդելով, որ դա գցում է մարտական ոգին։

«Սուրբծննդյան հրադադարից» հետո երկու պետությունների ղեկավար մարմինները փորձել են այնպես անել, որ հետագայում այլևս չկրկնվեն նման մասշտաբի հաշտությունները, սակայն, չնայած՝ հարցին արդեն խառնվել էին պետության ղեկավարները, հետագայում նույնպես եղել են դեպքեր, երբ հակամարտող կողմերի զինվորները կնքել են կարճաժամկետ հրադադար, ընդ որում, ոչ սուրբծննդյան օրերին։

Իսկ այժմ անդրադառնանք կողմերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպմանը։

Ըստ որոշ աղբյուրների՝ այդ օրերին չեզոք գոտում կողմերը նույնիսկ ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվել ռամզաճակատի տարբեր վայրերում։

1915 թվականին բրիտանական մամուլում սկսում են հայտնվել նման ֆուտբոլային հանդիպումների մասին պատմություններ։ ԶԼՄ-ները այդ պատմությունները սկսել են հրապարակել զինվորների՝ իրենց հարազատներին ուղարկված նամակներից։ Մեջբերում ենք դրանցից մեկը, որը գրվել է բրիտանացի զինվորի կողմից․

«Մեր սպան չեզոք գոտում «բախվեց» մի բավարացու հետ, ով այդ պահին ծխախոտ էր ծխում, ինչից հետո խրամատներից դուրս եկան բազմաթիվ զինվորներ, և հնչեցին խաղաղության կոչեր։ Թշնամական կողմերը սկսեցին շփվել միմյանց հետ։ Նույնիսկ ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել։ Կողմերը հանդիպումն անցկացրել են տավարի մսի պահածոյի բանկայով»,- գրել է բրիտանացի զինվորը։

Տարբեր աղբյուրներ էլ գրում են, որ պահածոյացված մսի բանկայից բացի, ֆուտբոլային հանդիպումների ժամանակ օգտագործվել են նաև այլ հարմար իրեր, ինչպես օրինակ, ծղոտից կապոցներ, տարբեր տուփեր, արկղեր, իսկ խաղերն անցկացնվել են այդ ժամանակվա բոլոր կանոններին համապատասխան։

Ինչպես հայտնում է պատմաբան Ռոբերտ Բեյքերը, նմանատիպ հանդիպումների անցկացման ամենահավանական վայրը եղել է Մեսեն գյուղը, որը գտնվում է ժամանակակից Ֆրանսիայի ու Բելգիայի պետական սահմանին։

Սակայն, մինչ օրս էլ այս թեմայի շուրջ վեճեր են ընթանում, քանի որ վերջնական ապացուցված չէ, թե արդյոք, իրականում այդ հանդիպումը եղել է, թե՝ ոչ։

Ամեն դեպքում, կան փաստեր, որոնք հաստատում են եղելության իսկությունը, ինչպես, օրինակ, վերոնշյալ բրիտանացի զինվորի նամակը, այնպես էլ 2014 թվականին լրագրող Պեր Տերմանիուսի հրապարակած «Սուրբծննդյան հանդիպում․ ֆուտբոլ չեզոք գոտում» գիրքը։ Այդ գրքում Տերմանիուսը գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսում, իսկ կողմերը խաղացել են կաշվե գնդակով, որն այդտեղ էին հասցրել բրիտանական Daily Mirror պարբերականի խմբագրության աշխատակիցները։ Տերմանիուսը, հիմնվելով 1960-ականներին երրորդ գերմանական գումարտակի հրամանատար Յոհաննես Նիմանի հիշողությունների վրա, գրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել գերմանացիների և շոտլանդացիների միջև, որն ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 3։2։

ՈՒԵՖԱ-ն 2014 թվականին կարճ տեսահոլովակ հրապարակեց, որը նվիրված էր «Սուրբծննդյան հրադադարի» 100-ամյակին։ Այդ տեսահոլովակում Միշել Պլատինին, Կառլ-Հայնց Ռումինեգեն, Սըր Բոբի Չարլթոնը, Ուեյն Ռունին, Ուգո Լյորիսը, Գարեթ Բեյլը, Ֆիլիպ Լամը և ֆուտբոլային աշխարհի այլ ներկայացուցիչներ կարդում են տարբեր զինվորների՝ իրենց հարազատներին ուղարկված նամակները, որտեղ նրանք պատմում էին նաև այն մասին, թե ինչպես են չեզոք դաշտում ֆուտբոլ խաղացել։

Այդ հանդիպումներից լուսանկարներ են պահպանվել, սակայն նշել, թե որ լուսանկարը որ հանդիպումից է, գրեթե անհնար է․

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023