Ագուերոն բանակցություններ է վարում մի շարք գրանդ ակումբների հետ

Ագուերոն բանակցություններ է վարում մի շարք գրանդ ակումբների հետ

23/02/2021 - 01:15

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն , ամենայն հավանականությամբ, գալիք ամռանը կլքի «քաղաքաբնակների» շարքերը։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, արգենտինացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բարսելոնայի», «Ինտերի» և «Յուվենտուսի» հետ։

Վերջերս 32-ամյա հարձակվողը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում․

«Չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ մրցաշրջանի ավարտից հետո։ Չունեմ նույնիսկ ամենափոքր պատկերացում, թե ինչ տեղի կունենա։ Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշել է Ագուերոն, ում խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Սերխիո Ագուերոն «Սիթիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ գրեթե դուրս չի եկել․ նա անցկացրել է ընդամենը 9 հանդիպում և խփել երկու գնդակ։ Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ արգենտինացի ֆուտբոլիստն առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում նույնպես չի օգնի մանկունյական ակումբին, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի վարակը սպասվածից ավելի բարդ ընթացք է ստացել։

Հավելենք, որ Սերխիո Ագուերոյի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, որի ավարտից հետո նա կարող է ցանկացած ակումբ տեղափոխվել անվճար՝ որպես ազատ գործակալ։

Հիշեցնենք, որ Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին։ Այդ ժամանակ «քաղաքաբնակները» արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց «Ատլետիկո Մադրիդին» վճարեցին 40 մլն եվրո։ Մինչ այժմ Ագուերոն «երկնագույնների» մարզաշապիկով անցկացրել է 379 հանդիպում՝ դառնալով 256 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։ Նա համարվում է «Մանչեսթեր Սիթիի» պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023