Սալայի մահվան դիմաց Քարդիֆը հսկայական փոխհատուցում է  պահանջում  Նանտից

Սալայի մահվան դիմաց Քարդիֆը հսկայական փոխհատուցում է պահանջում Նանտից

16/05/2023 - 19:57

Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Քարդիֆ Սիթին» ցանկանում է 110 մլն եվրո փոխհատուցում ստանալ «Նանտից»` արգենտինացի նախկին հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան դիմաց։

Դեռևս 2019 թ. հունվարին Սալան 15 մլն ֆունտի դիմաց պետք է «Նանտից» տեղափոխվեր «Քարդիֆ», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում։

Քարդիֆում բուժզննում անցնելուց հետո Սալան վերադարձավ Նանտ` նախկին խաղընկերներին հրաժեշտ տալու և անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։

Սալան Քարդիֆ պետք է վերադառնար  Piper PA-46 Malibu մասնավոր ինքնաթիռով, սակայն հունվարի 21-ին այն վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով արգենտինացի ֆուտբոլիստն ու 59-ամյա օդաչու Դևիդ Այբոթսոնը զոհվեցին, ում դիերը հայտնաբերվեցին միայն փետրվարի 7-ին։

2022 թ. օգոստոսին Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը «Քարդիֆին» պարտադրեց տրանսֆերի դիմաց «Նանտին» վճարել 5.3 մլն ֆունտ, քանի որ Սալան արդեն գրանցված է եղել որպես Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ։

Հատկանշական է, որ նախատեսված 15 մլն ֆունտը «Քարդիֆ Սիթին» պետք է վճարեր փուլ առ փուլ, և առաջի փուլով նախատեսված է եղել հենց 5.3 մլն ֆունտ։

Այդուհանդերձ, «Քարդիֆը» մինչ օրս չի վճարել այդ գումարը և փորձում է «Նանտից» ավելի խոշոր փոխհատուցում ստանալ արգենտինացի ֆուտբոլիստի համար դիմաց։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Ուելսի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը դիմել է Նանտի Կոմերցիոն դատարան` տեղի ակումբից Սալայի մահվան դիմաց պահանջելով 110 մլն եվրո փոխհատուցում։

Աղբյուրի փոխանցմամբ` «Քարդիֆը» դատական գործընթաց է սկսել և պահանջում է այն որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Բացի դրանից, վալիական ակումբն այդ ամենը հիմնավորում է 2018/19 մրցաշրջանում Պրեմիեր լիգայից դուրս մնալու փաստով և Էմիլիանո Սալայի հավանական տրանսֆերային արժեքի աճով։

Նշվում է, որ «Նանտը» ստեղծված իրավիճակում հանգստություն է պահպանում և վստահ է, որ «Քարդիֆն» այս դատական քաշքշուկն սկսել է, որպեսզի ձգձգի նախատեսված 5.3 մլն եվրոյի վճարումը։

Հավելենք, որ Էմիլիանո Սալան «Նանտի» կազմում հանդես է եկել 2015-19 թթ.` անցկարած 133 խաղում դառնալով 48 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023