Ինտեր🔥 «Ներաձուրիները» ջախջախեցին Միլանին՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

Ինտեր🔥 «Ներաձուրիները» ջախջախեցին Միլանին՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

21/02/2021 - 19:50

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ միլանյան հերթական դերբին։ Տանտիրոջ կարգավիճակում հանդես էին գալիս «ռոսոներիները»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեց․ արդեն 5-րդ րոպեին «Ինտերը» Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ՝ բացելով հանդիպման հաշիվը, իսկ գոլային փոխանցումն իր անվան դիմաց գրանցեց Ռոմելու Լուկակուն։

Բաց թողած գոլից հետո էլ «ներաձուրիները» տիրում էին նախաձեռնությանը, իսկ նոմինալ տանտերերը փորձում էին հակագրոհել, սակայն փոխնիփոխ գրոհներով անցած առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսերը բավական ակտիվ մեկնարկեցին «ռոսոներիները» և կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նպատասվոր դիրքերից վրիպեցին Զլատան Իբրահիմովիչն ու Սանդրո Տոնալին։

Ստեֆանո Պիոլիի սաները չօգտագործեցին իրենց պահերը, ինչի հետևանքով պատժվեցին, քանի որ 57-րդ րոպեին Իվան Պերիշիչի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև կրկնապակտեց իր թիմի առավելությունը։

Բաց թողած երկրորդ գոլից հետո «Միլանը» դեռ ուշքի չէր էլ եկել, երբ 66-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեց սեփական դարպասից, որի հեղինակը դարձավ Ռոմելու Լուկակուն․ այդ դրվագում նույնպես գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Իվան Պերիշիչը։

Բելգիացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց արդեն իր 17-րդ գոլը, լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին՝ գլխավորելով ցուցակը։

Հանդիպման վերջնամասում «Ինտերը» հանգստացրեց խաղը և գցեց տեմպը՝ մոտեցնելով այն իր տրամաբանական և հաղթական ավարտին։

Այսպիսով, «Ինտերը» 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ, վաստակեց 53 միավոր և էլ ավելի ամպրապնդվեց մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։

«Միլանն» էլ կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 49 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով արդեն 4 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023