Ռեալը շարունակում է չեմպիոնական պայքարը🎥

Ռեալը շարունակում է չեմպիոնական պայքարը🎥

24/12/2020 - 00:42

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։

Խաղի հենց 1-ին րոպեին քիչ մնաց անդալուսական ակումբը հաշվի մեջ առաջ անցներ, սակայն հարվածային դիրքում հայտնված Անտոնիո Պուերտասի հարվածը բաց թողեց, ինչից հետո 3-րդ րոպեին «Ռեալը» պատասխանեց իր ստեղծած վտանգավոր պահով։ Կարիմ Բենզեմայի կատարած հարվածից հետո «Գրանադայի» դարպասապահ Ռուի Սիլվան հիանալի խաղաց։

Մինչև ընդմիջման գնալն էլ Զինեդին Զիդանի սաներն ունեին առավելություն, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց «արքայական» ակումբին բացել խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Ռեալի» ֆուտբոլիստները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը, իսկ վտանգավոր պահերը ստեղծվում էին միմյանց հետևից, ինչի արդյունքում 57-րդ րոպեին, ի վերջո, մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը։ Մարկո Ասենսիոյի ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Կազեմիրոն կատարյալ ցատկ կատարեց և գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո՝ 58-րդ րոպեին, Պուետրասը կրկին հայտվեց հարվածային դիրքում, սակայն 28-ամյա եզրային կիսապաշտպանի հարվածից հետո «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։

«Գրանադայի» մարզիչ Դիեգո Մարտինեսը մի շարք փոփոխություններ կատարեց, ինչի արդյունքում հյուրերը կարողացան ակտիվանալ և փորձեցին փրկել հանդիպումը, սակայն չստացվեց

Դեռ ավելին` 90+4-րդ րոպեին, «Ռեալը» կրկնապատկեց հաշվի տարբերությունը՝ դնելով հանդիպման վերջակետը, իսկ գոլը խփեց Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր 8-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ժերար Մորենային․ այդ երկու ֆուտբոլիստները գլխավորում են ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, «Ռեալը» Կազեմիրոյի և Բենզեմայի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2։0 հաշվով և վաստակեց 32 միավոր։ Մադրիդյան ակումբը միավորների քանակով հավասարվեց համաքաղաքայիններին՝ «Ատլետիկոյին», սակայն «հնդկացիները» երկու հանդիպում պակաս են անցկացրել, իսկ «Գրանադան» 21 միավորով 7-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023