Պաշտոնական. Հայաստանն ու Վրաստանը կընդունեն Մ20 ԱԱ-ն 📸
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երկրների` մրցաշարն ընդունելու համատեղ հայտն ընդունվել է ապրիլի 28-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստի ժամանակ։
«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:
Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում հանդիպումները տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Աշխարհի առաջնություն, Հայաստանի Մ20 հավաքական, հայկական-ֆուտբոլ, Մ20 աշխարհի առաջնություն, Վարաստանի Մ20 հավաքական, ՖԻՖԱ