Չեմպիոնների լիգայի պատմության  լավագույն 10 եզրափակիչները?

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն 10 եզրափակիչները?

20/04/2020 - 12:22

Դժվար է առանց եվրոպական ֆուտբոլի և ընդհանրապես՝ առանց Չեմպիոնների լիգայի։ Ինչպես եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները (բացառությամբ՝ Բելառուսի առաջնության), այնպես էլ Չեմպիոնների լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել են։ Եթե ներքին առաջնությունների դադարին հնարավոր է դիմանալ, ապա ՉԼ-ի բացակայությունը պարզապես ծանր հարված է բազմահազար երկրպագուների համար, քանի որ այն կրքերը, էմոցիաները, դիտարժան խաղը, որը մարդիկ տեսնում են յուրաքանչյուր տարի սեպտեմբեր-հունիս ամիսներին, անհնար է մեկ այլ բանի հետ փոխել։ Այսօր մեր ընթերցողների համար կառանձնացնենք Չեմպիոնների լիգայի պատմության 10 լավագույն եզրափակիչները և մի փոքր կանդրադառնանք մրցաշարի պատմությանը։

Չեմպիոնների լիգան, որը երկար տարիներ կոչվել է Չեմպիոնների գավաթ, անցկացվում է 1955/56 մրցաշրջանից։ Մրցաշարը 1991/92 մրցաշրջանից սկսած սկսեց կոչվել Չեմպիոնների լիգա։ Մինչև այդ մրցաշարի եզրափակիչ հատվածի որևէ փուլում չկար խմբային փուլ հասկացողությունը, սակայն մրցաշարի անվանափոխությունից հետո քիչ-քիչ սկսվեց խմբային փուլի կիրառումը։ Նույնիսկ կար մի պահ, երբ մրցաշարն ուներ երկու խմբային փուլ։ Այդ ձևաչափով մրցաշարն անցկացվել է 1999/00-2002/03 մրցաշրջաններում։ Առաջին խմբային փուլում հայտնվում էին հիմնական 32 մասնակիցները, իսկ երկրորդ խմբային փուլում՝ լավագույն 16 ակումբները, որոնք բաժանվում էինք չորսական խմբերի։

Մրցաշարի ձևաչափը բազմաթիվ անգամներ փոփոխությունների է ենթարկվել և իր ներկայիս տեսքը ստացել է 2003/04 մրցաշրջանից սկսած։ Այդ խաղարկությունից սկսաց վերացվեց մրցաշարի երկրորդ խմբային փուլը, քանի որ թիմերը 4 ավելորդ հանդիպում էին անցկացնում։ Ներկայիս 1/8 եզրափակչի շրջանակում անցկացվող երկու հանդիպման փոխարեն, ակումբներն անցկացնում էին 6 հանդիպում, որոնց հանդիպումներից երկուսն անցկացվում էր նոյեմբերին և դեկտեմբերին, իսկ մյուս չորսը՝ փետրվար-մարտ ամիսներին, ինչն էլ նպաստեց խաղացանկի նվազմանը։

Մրցաշարի ամենատիղոսակիր ակումբը «Ռեալն» է, որը բաղձալի գավաթին տիրացել է 13 անգամ։ «Արքայական» ակումբը Չեմպիոնների գավաթ կոչված ժամանակ մցաշարը հաղթել է 6 անգամ, իսկ Չեմպիոնների լիգան՝ 7 անգամ։ Անընդմեջ հաղթանակների քանակով էլ է առաջատարը «Ռեալը»։ 1955/56-1959/60 թթ․ «սերուցքայինները» գավաթը նվաճել են հինգ անընդմեջ անգամ, իսկ 2015/16-2017/18՝ երեք անգամ։ «Ռեալին» հաջորդում են «Միլանը» (7 տիտղոս), «Լիվերպուլը» (6), «Բարսելոնան» (5) և «Բավարիան» (5):

Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 167 խաղում դարձել է 127 գոլի հեղինակ։ Նրան հաջորդում է Լեո Մեսսին (140 խաղ, 114 գոլ): Լավագույն տասնյակում են նաև Ռաուլը (142 խաղ, 71 գոլ), Կարիմ Բենզեման (117 խաղ, 64 գոլ), Ռոբերտ Լևանդովսկին (85 խաղ, 63 գոլ), Ռուդ վան Նիստելռոյը (73 խաղ, 56 գոլ), Տիերի Անրին (112 խաղ, 50 գոլ), Ալֆրեդո դի Ստեֆանոն (58 խաղ, 49 գոլ), ինչպես նաև Անդրեյ Չևչենկոն (100 խաղ, 48 գոլ) և Զլատան Իբրահիմովիչը (119 խաղ, 48 գոլ)։

10․ «Բարսելոնա» 2։1 «Արսենալ» 2005/06

Հանդիպման օր – 2006 թվականի մայիսի 16

Հանդիպման վայր – «Ստատ դե Ֆրանս», Փարիզ

Գոլերի հեղինակներ – 0։1 – Սոլ Քեմբել 37′, 1։1 – Սամուել Էտօ’O 76′, 2։1 – Ժուլիանո Բելետի 81′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Ռոնալդինիո («Բարսելոնա)

Մեր տասնյակը բացում է 2005/06 մրցաշրջանի եզրափակիչը, երբ «Բարսելոնան» Ֆրենկ Ռայկարդի գլխավորությամբ գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում և վաղուց իր խոսքը չէր ասել եվրոպական մրցասպարեզում։ Կատալոնական ակումբի կազմում հատկապես փայլում էին Ռոնալդինիոն և Սամուել Էտօ’Օն, իսկ «Արսենալը» նույնիսկ անպարտելի մրցաշրջան անցկացնելու տարիներին դուրս չեկավ ՉԼ եզրափակիչ, սակայն այդ տարի կարողացավ հասնել եզրափակիչ, սակայն Խունան Ռամոն Ռիքելմեն մինչև հիմա հիշում է «Վիլլառեալ» – «Արսենալ» կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան խաղը, երբ վերջնամասում չիրացրեց 11 մետրանոց հարվածը, և խաղը չտեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Եզրափակիչ հանդիպումը բավականին վատ սկսվեց լոնդոնյան ակումբի համար։ Հանդիպման 18-րդ րոպեին Սամուել Էտօ’Օն մեն-մենակ դուրս եկավ գերմանացի դարպասապահ Յենս Լեմանի դիմաց։ Դարապասապահը միայն վերջին հույս խախտման շնորհիվ կանգնեցրեց կամերունցի հարձակվողին, ինչի պատճառով նորվեգացի մրցավար Տյերե Հաուգեն նրան հեռացրեց խաղադաշտից։

Մնալով 10 հոգով՝ «զինագործները» չընկճվեցին, ընդհակառակը, խաղի մեծ մասում հենց իրենք էին տոն տալիս և ունեին առավելություն։ 37-րդ րոպեին Տիերի Անրիի իրացրած տուգանայինից հետո Սոլ Քեմբելը գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Առաջին խաղակեսում այլևս որևէ դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսում Ֆրենկ Ռայկարդը փոփոխությունների միջոցով կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։

Հանդիպման երկրորդ կեսի ընթացքում բառի ամենաուղիղ իմաստով ականատես էինք լինում «բաց» ֆուտբոլի։ Երկու կողմերն էլ ունեին մի շարք հիանալի պահեր, սակայն երկրորդ խաղակեսի միջնամասից սկսեց զգացնել տալ այն, որ «Արսենալը» մեկ խաղացող պակաս ունի դաշտում և փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները սկսեցին իրենցն ասել, քանի որ ավելի թարմ էին։ Կատալոնական ակումբի կազմում հիանալի փոխարինման դուրս եկան Անդրես Ինիեստան, ով բավականին ակտիվացրեց խաղը, Հենրիկ Լարսոնը, ով երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ինչպես նաև Ժուլիանո Բելետին, ով խփեց հաղթական գնդակը։ «Արսենալի» բաց թողած երկու գոլերում միանշանակ իր մեղքի բաժինն ուներ փոխարինման դուրս եկած Մանուել Ալմունիան, ով Էտօ’Օյի գոլի ժամանակ բաց թողեց մոտակա անկյունը, իսկ Բելետիի գոլի ժամանակ գնդակն անցավ նրա ոտքերի արանքով։

Սակայն, ամեն դեպքում, լոնդոնյան ակումբին պետք է արժանին մատուցել, քանի որ նույնիսկ 10 հոգով հիանալի հանդիպում անցկացրին, երկար ժամանակ հաշվի մեջ առջևում էին և կարող էին մի քանի գնդակ ևս ուղարկել Վիկտոր Վալդեսի դարպասը։

9․ «Ռեալ» 7։3 «Այնտրախտ» 1959/60

Հանդիպման օր – 1960 թվականի մայիսի 13

Հանդիպման վայր – «Հեմպթեն Պարկ» Գլազգո

Գոլերի հեղինակներ – 0։1 – Ռիհարդ Կրես 18′, 1։1 – Ալֆրեդո դի Ստեֆանո 27′, 2։1 – դի Ստեֆանո 30′, 3։1 – Ֆերենց Պուշկաշ 46′, 4։1 – Պուշկաշ 56′, 5։1 – Պուշկաշ 60′, 6։1 – Պուշկաշ 71′, 6։2 – Էրվին Շտայն 72′, 7։2 – դի Ստեֆանո 73′, 7։3 – Շտայն 75′

1950-ականն թվականներին «Ռեալը» անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում՝ հինգ անգամ անընդմեջ նվաճելով Չեմպիոնների գավաթը։ Այդ ռեկորդը մինչ օրս մնում է անգերազանցելի և դժվար էլ երբևէ որևէ ակումբի հաջողվի նույնիսկ կրկնել։

Այս եզրափակիչ հանդիպումը առանձնացնել չէինք կարող, քանի որ համարվում է մրցաշարի պատմության ամենագոլառատ հանդիպումը։ Հետաքրքիր է, որ այդ 10 գոլերը հեղինակվել է ընդամենը չորս ֆուտբոլիստի կողմից։ Այդ հանդիպման ժամանակ, ընդհանրապես, շատ ռեկորդներ են խփվել, որոնք դեռևս անգերազանցելի են։ Օրինակ՝ այդ խաղին ռեկորդային թվով հանդիսականներ են ներկա եղել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ խաղին ներկա է եղել 127-132 հազար երկրապագու, ինչն անգերազանցելի ռեկորդ է ՉԼ եզրափակիչների պատմության մեջ։

Այդ խաղում Ֆերենց Պուշկաշը դարձել է պոկերի հեղինակ, իսկ Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ հեթ-տրիկի։ ՉԼ եզրափակիչների պատմության մեջ չի եղել որևէ դեպք, որ որևէ խաղացող դառնա պոկերի հեղինակ, իսկ ընդհանրապես հեթ-տրիկ եզրափակիչ խաղում գրանցվել է ընդամենը երկու անգամ։ Մեկն այս խաղում, իսկ մյուսը 1961/62 մրցաշրջանում, որի հեղինակը, ինքներդ էլ եք կռահում, թե ով է եղել։ Իհարկե, Ֆերենց Պուշկաշը։ Սակայն այդ խաղում «Ռեալը» 3։5 հաշվով զիջել է Էյսեբիոյի «Բենֆիկային»։

1950-60-ական թվականներին ֆուտոլը տակտիկական առումով այնքան զարգացած չէր, որքան մեր օրերում, այդ իսկ պատճառով հաճախ հաղթում էր այն թիմը, որի կազմում էլ հանդես էին գալիս անհատական առումով ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, իսկ «Ռեալի» կազմում էին հանդես գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսք էին Ֆերենց Պուշկաշը, Ալֆրեդո դի Ստեֆանոն, Լուիս դել Սոլը, Խոսե Սանտամարիան, Ֆրանսիսկո Խենտոն և այլք։ Նշենք, որ Խենտոն ՉԼ պատմության միակ ֆուտբոլիստն է, ով մրցաշարի գավաթը նվաճել է ոչ ավել, ոչ պակաս 6 անգամ։

8. «Ստյաուա» 0։0 (11 մ՝ 2։0) «Բարսելոնա» 1985/86

Հանդիպման օր – 1986 թվականի մայիսի 7

Հանդիպմանվայր – «Ռամոն Սանչես Պիսխուան» Սևիլիա

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Հելմուտ Դուկադամ («Ստյաուա»)

1980-ական թվականներին «Բարսելոնան» եվրոպական մակարդակով միջակ ակումբ էր և որևէ լուրջ հաջողություններ չէր գրանցում։ Նույնիսկ ներքին գավաթները կատալոնական ակումբը հաղթում էր երբեմն-երբեմն, իսկ «Ստյաուան» այդ ժամանակահատվածում հավասարը չուներ Ռումինիայում, քանի որ այն ֆինանսավորվում էր պետության կողմից ու ընդհանրապես՝ այդ թվականներին Ռումինիայի ղեկավար Նիկոլայե Չաուշեսկուն լուրջ ուշադրություն էր դարձնում ֆուտբոլին։

Կատալոնական ակումբը 1984/85 մրցաշրջանից սկսած աշխատում էր անգլիացի մասնագետ Թերի Վենեյբլսի գլխավորությամբ։ Հենց առաջին տարում ակումբը նվաճեց Լա լիգայի չեմպիոնությունը, սակայն, ասել թե կատալոնական ակումբն այդ տարիներ ուներ վառ անհատականություններ և ցուցադրու էր գեղեցիկ ֆուտբոլ, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այդ կազմից արժե առանձնացնել Խոսե Ռամոն Ալեսանկոյին, ով կատալոնացիների ավագն է եղել երկար տարիներ, Բերնդ Շուստերին, ինչպես նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի հորը՝ Մարկոս Ալոնսո ավագին։ Հիմնականում հենց այս խաղացողներն էին տոն տալիս «Բարսայի» կազմում։

«Ստյաուան» իր հերթին Էմերիկ Ենեյի գլխավորությամբ նվաճում էր հնարավոր ամեն ինչ և հերթը հասել էր եվրոպական ամենահեղինակավոր գավաթին։ Պարզապես անհնար էր պատկերացնել, որ ռումինական որևէ ակումբ կարող է նման արդյունքի հասնել, սակայն արի ու տես, որ ֆուտբոլում անհնար ոչինչ չկա։

1985/86 խաղարկության ժամանակ «Բարսելոնան» բազմիցս կարող էր լքել պայքարը և չհասնել եզրափակիչ, սակայն յուրաքանչյուր պահի կատալոնական ակումբը վերգտնում էր իրեն։ Դեռ մրցաշարի առաջին փուլում Վենեյբլսի թիմը կարող էր լքել պայքարը, երբ միայն մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ պայքարից դուրս թողեց Պրահայի «Սպարտային» (ընդհանուր՝ 2։2): Նույնը տեղի ունեցավ նաև երկրորդ փուլում, երբ կատալոնական ակումբը առաջին խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ, սակայն պատասխան խաղում պարտվեց 3։1 հաշվով և շարունակեց պայքարը, իսկ կիսաեզրափակիչում «կապտանռնագույնները» հեղինակեցին մրցաշարի պատմության ամենատպավորիչ comeback-ներից մեկը, երբ առաջին խաղում 3։0 հաշվով շվեդական «Գյոթեբորգին» պարտվելուց հետո, պատասխան խաղում կատալոնացիները հաղթեցին նույն հաշվով և 11 մետրանոց հարվածարի օգնությամբ 5։4 հաշվով առավելության հասան՝ դուրս գալով եզրափակիչ։

Ռումինական ակումբի ճանապարհն ավելի թեթև էր՝ անցնելով համեմատաբար հեշտությամբ։ Բուխարեստը ներկայացնող ակումբը պայքարից դուրս թողեց դանիական «Վեյլեին» (ընդհանուր՝ 5։2), հունգարական «Հոնվեդին» (4։2), ֆիննական «Կուուսյուսիին» (1:0), ինչպես նաև բելգիական «Անդերլեխտին» (3։1):

Եզրափակիչ խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, և կողմերն այդպես էլ չկարողացան թե՛ հանդիպման հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակում գտնել դարպասի բալաին և նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ անհավանական որակներ ցույց տվեց ռումինական ակումբի դարպասապահ Հելմուտ Դուկադամը, ով հետ մղեց կատալոնական ակումբի բոլոր չորս հարվածներն էլ։ Դուակդամն արեց անհնարինը և եզրափակիչը դարձրեց լեգենդար։ Ռումինիայում մինչ օրս այս հանդիպման մասին մեծ հիածմունքով են խոսում։ «Ստյաուան» դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին ակումբը, որին հաջողվեց նվաճել Չեմպիոնների գավաթը։ Հատկանշական է, որ 1988/89 մրցաշրջանում ռումինական ակումբը ևս մեկ անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, սակայն այս անգամ 4։0 հաշվով պարտվեց «Միլանին»։

7․ «Բավարիա» 1։1 (11 մ՝ 3։4) «Չելսի» 2011/12

Հանդիպման օր – 2012 թվականի մայիսի 19

Հանդիպման վայր – «Ալյանց Արենա» Մյունխեն

Գոլերի հեղինակներ – 1։0 – Թոմաս Մյուլլեր 83′, 1։1 – Դիդյեր Դրոգբա 88′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Դիդյեր Դրոգբա («Չելսի»)

2010-ական թվականների սկզբներին «Բավարիան» Բունդեսլիգայում չուներ այն գերիշխող դիրքը, ինչ ներկայումս։ Այդ տարիներին մյունխենյան ակումբի համար ներքին առաջնությունում լուրջ մրցակից էր հայտնվել՝ ի դեպս «Բորուսիա Դորտմունդի», որը 2010/11 և 11/12 մրցաշրջաններում երկու անգամ անընդմեջ նվաճեց արծաթե «սկուտեղը»։

11/12 մրցաշրջանից հետո Լուի վան Գալի փոխարեն գլխավոր մարզիչ պաշտոնում նշանակեց Յուպ Հայնկեսին, ինչն էլ ճակատագրական եղավ ակումբի համար։

«Չելսին» իր հերթին այդ ժամանակ Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո այնքան էլ լավ օրեր չէր ապրում և հաճախ էր փոխում մարզիչներին։ Ժոզեի հեռանալուց հետո Ռոբերտո դի Մատեոն դարձավ վեցերորդ մարզիչը, ով գլխավորել է ակումբը։ Այդ մասնագետներից կարելի է հիշատակել միայն Կառլո Անչելոտիին և Գուս Հիդինկին, որոնց գլխավորությամբ ակումբը նվաճել է որևէ տիտղոս։

Ռոման Աբրամովիչը միլիոնավոր եվրոներ էր ծախսում, որպեսզի ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն ամեն պահ մի բան պակասում էր։ Ակումբն այդ նվաճմանը հասավ, երբ ոչ ոք դրան չէր սպասում։ Եթե այսօր որևէ ադեկվատ ֆուտբոլային երկրպագուի հարցնենք՝ արդյո՞ք «Չելսիի» 2012 թվականին նվաճաց ՉԼ գավաթն արդարացի էր, թե՞ ոչ, մեծամասնությունը կպատասխանեն, որ ոչ։

Թե ինչպես լոնդոնյան ակումբն այդ նվաճմանը հասավ, կարծում ենք հիշում եք բոլորդ։ 1/8 եզրափակիչում լոնդոնյան ակումբն առաջին խաղում 3։1 հաշվով պարտվեց «Նապոլիին», իսկ պատասխան խաղում իտալական ակումբը հաղթում էր 0։1 հաշվով, սակայն «Չելսին» բեկեց խաղի ընթացքը՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 4։1։ Քառորդ եզրափակիչում «կապույտները» ընդհանուր 3։1 հաշվով հաղթեցին «Բենֆիկային», իսկ կիսաեզրափակիչում գերդրամատիկ պայքարում երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով պայքարից դուրս թողեցին «Բարսելոնային»։

Մինչև կիսաեզրափակիչ «Բավարիայի» ճանապարհն ավելի թեթև էր։ Յուպ Հայնկեսի սաները պայքարից դուրս թողեցին «Բազելին» (ընդհանուր՝ 7։1) և «Մարսելին» (4։0): Կիսաեզրափակիչում մյունխենյան ակումբին սպասվում էր լուրջ մրցակից։ «Ռեալը» Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ վերջապես հաղթահարել էր 1/8 եզրափակչի անեծքը և հասել էր կիսաեզրափակիչ։ Առաջին խաղում «Բավարիան» 2։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ, պատասխան խաղում մադրիդյան ակումբը 14-րդ րոպեի դրությամբ ԿՌ7-ի դուբլի շնորհիվ հաղթում էր 2։0, սակայն 27-րդ րոպեին Արյեն Ռոբենը հավասարեցրեց դիմակայության ընդհանուր հաշիվը։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում այլևս չգրանցվեց որևէ գոլ և խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ նշակետից վրիպեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Կական և Սերխիո Ռամոսը։ Հատկապես հիշատակման է արժանի Ռամոսի վրիպումը, ով գնդակն անհավանական բարձրությամբ ուղարկեց դեպի տրիբունա։

Եզրափակիչ խաղն անցկացվում էր «Բավարիայի» սեփական հարկի տակ՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ներկայումս բազմաթիվ ակումբներ պարզապես երազում են սեփական հարկի տակ անցկացնել ՉԼ եզրափակիչ։ «Բավարիան» իր խաղով վաստակել էր այդ ուղեգրին, մնում էր միայն սեփական երկրպագուների առջև նվաճել բաղձալի գավաթը, սակայն «Չելսին» անհավանական ճշգրիտ պաշտպանողական և խարիզմատիկ խաղ ցուցադրեց։ «Չելսիի» ֆուտբոլիստները հասկանում էին, որ եթե չնվաճեն հիմա, հնարավոր է, այլևս երբեք այդ նվաճմանը չհասնեն, քանի որ ոսկե սերնդի ժամանակներն անցնում էին։

Խաղի ողջ ընթացքում «Բավարիան» ուներ անհավանական առավելություն և դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչպես մյունխենյան ակումբը ոչ թե 4-5 գնդակ ուղարկեց Պետեր Չեխի դարպասը, այլ ընդամենը 1 գնդակ։ Թվում էր՝ «Չելսին» ուժասպառ է եղել և այլևս ի զորու չէ իր մեջ ուժ գտնել՝ խաղը փրկելու համար, սակայն խաղադաշտում էր ամենահաս Դիդյեր Դրոգբան, ով բաց թողած գոլից հետո, ընդամենը 5 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո գլխի անհավանական դիպուկ հարվածով խաղը տեղափխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն էլ շարունակեց այնպես, ինչպես հիմնական ժամանակը՝ «Բավարիայի» անհավանական առավելությամբ։ Մյունխենյան ակումբը նույնիսկ 95-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որը, սակայն, Արյեն Ռոբենը չկարողացավ դիպուկ իրացնել։

11 մետրանոց հարվածաշարը «Բավարիայի» համար լավ էր սկսվել, քանի որ Խուան Մատայի հարվածը Մանուել Նոյերը հեռացրել էր և մինչև չորրորդ հարվածը գերմանական ակումբի ֆուտբոլիստները իրացնում էին դիպում, սակայն չորրորդ և հինգերորդ հարվածները դարձան ճակատագրական, քանի որ նշակետից վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը, իսկ «Չելսիին» հաղթանակ պարգևեց Դիդյեր Դրոգբայի իրացրած սառնասիրտ հարվածը։

«Բավարիան» այդ խաղում 120 րոպեի ընթացքում մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 35 հարված, սակայն կարողացավ դառնալ ընդամենը 1 գոլի հեղինակ, իսկ «Չելսին» նույնքան գոլի հեղինակ դարձավ 9 հարված կատարելու արդյունքում։ Այն, թե ինչերի միջով անցավ «Չելսին» ողջ այդ տարվա խաղարկության ընթացքում և նվաճեց գավաթը, պարզապես ֆանտաստիկ էր և ինչ-որ տեղ մարզական բախտի արդյունք։

6. «Բավարիա» 1։1 (11 մ՝ 5։4) «Վալենսիա» 2000/01

Հանդիպման օր – 2001 թվի մայիսի 23

Հանդիպման վայր – «Սան-Սիրո» Միլան

Գոլերի հեղինակներ – 0։1 – Գայիսկա Մենդիետա 2′, 1:1 – Շտեֆան Էֆենբերգ 50′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Օլիվեր Կան («Բավարիա»)

1990-ականների վերջերին «Վալենսիան» Հեկտոր Կուպերի գլխավորությամբ ընդամենը երկու տարում դարձավ եվրոպական ֆուտբոլում տոն տվող ակումբներից մեկը։ Նույնը վերաբերում էր նաև «Բավարիային», որի գլխավոր մարզիչն էր Օտմար Հիցֆելդը, ով մյունխենյան ակումբի ամենահաջող մարզիչներից մեկն էր։

Երկու ակումներն էլ նախքան այդ եզրափակիչը մեկական անգամ արդեն պարտվել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ 1998/99 մրցաշրջանում «Բավարիան» գերդարմատիկ խաղում 2։1 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Վալենսիան» 1999/20 խաղարկության եզրափակիչում 3։0 հաշվով պարտվել էր «Ռեալին»։

Այդ եզրափակիչը կարելի է ասել, որ եղել է այդ ժամանակների երկու թիմերի սերունդների վերջին հնարավորությունը։ «Վալենսիայի» համար միգուցե ընդհանրապես ողջ պատմության վերջին հնարավորությունը։

Նախքան եզրափակիչ երկու ակումբներն էլ վատ տեսք չեն ունեցել։ Վալենսիական ակումբը մրցաշարի առաջին խմբային փուլում առաջին տեղով դուրս եկավ երկրորդ խմբային փուլ՝ իրենից հետ թողնելով «Լիոնին», «Հերենվենին» և «Օլիմպիակոսին»։ Երկրորդ խմբային փուլում Հեկտոր Կուպերի թիմը կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ երկու անգամ չպարտվելով այդ տարիների գլխավոր ակումբներից մեկին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Քառորդ եզրափակիչում «Վալենսիան» դժվարությամբ պայքարից դուրս թողեց «Արսենալին»։ Գրանցվեց ընդհանուր 2։2 հաշիվը, սակայն պայքարը շարունակեցին իսպանացիները, իսկ կիսաեզրափակիչում ընդհանուր 3։0 հաշվով առավելության հասան անգլիական «Լիդսի» նկատմամբ։

«Բավարիան» իր հերթին առաջին խմբային փուլում առաջ անցավ ՊՍԺ-ից, «Ռուսենգբորգից», ինչպես նաև շվեդական «Հելսինգբորգից»՝ առաջին տեղով շարունակելով պայքարը։

Երկորդ խմբային փուլում մյունխենյան ակումբին ավելի լուրջ մրցակիցներ էին սպասվում՝ ի դեպս «Լիոնի», «Արսենալի» և Մոսկվայի «Սպարտակի»։ Հատկապես հետաքրքրակ էին «Արսենալի» դեմ երկու դիմակայությունները։ Լոնդոնում գրանցվեց 2։2 հաշիվը, իսկ Մյունխենում՝ 1։0 հաշվով հաղթեցին տանտերերը։ Չնայած բարդ խմբին՝ Օտմար Հիցֆելդի թիմը վաստակեց 13 միավոր և վստահերոն դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Փլեյ-օֆֆ փուլում մյունխենյան ակումբը պարզապես փայլեց՝ հաղթելով բոլոր 4 խաղերում էլ։ Նախ քառորդ եզրափակիչում «կարմիրները» վրեժխնդիր եղան «ՄՅՈՒ»-ից երկու տարի առաջ կրած պարտության համար (ընդհանուր՝ 3։1), ապա կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեցին մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»․ կրկին գրանցվեց 3։1 հաշիվը։

Եզրափակիչ հանդիպումն անցավ լարված, միևնույն ժամանակ նաև՝ հավասար պայքարում։ «Վալենսիան» շատ արագ բացեց հանդիպման հաշիվը։ 2-րդ րոպեին ակումբի ավագ Գայիսկա Մենդիետան հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հոլանդացի մրցավար Դիկ Յոլը ևս մեկ անգամ ցույց տվեց նշակետը։ Այս անգամ պատժվել էր «Վալենսիան», իսկ Շտեֆան Էֆենբերգը չվիրպեց նշակետից։ Հետաքրքիր է, որ առաջին խաղակեսի միջնամասում «Բավարիան» 0։1 հաշվի ժամանակ ևս մեկ 11 մետրանոց հարված էր վաստակել, սակայն Մեհմեթ Շոլի հարվածից հետո Սանտիագո Կանիսարեսը փրկել էր իր թիմին։

Ինչպես երևում էր, այդ օրը 11 մետրանոցների օր էր։ Խաղը հասավ մինչև վիճակախաղ, որտեղ սկսեցին իրենց խոսքն ասել երկու հիանալի դարպասապահները՝ Օլիվեր Կանն ու Սանտիագո Կանիսարեսը։ Դարպասապահները միասին հինգ անգամ փրկեցին իրենց թիմին․ Կանը՝ 3, իսկ Կանիսարեսը՝ 2 անգամ։ Արդյունքում «Բավարիան» դրամատիկ պայքարում հաղթեց 5։4՝ նվաճելով չորրորդ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հանդիպման ամենադրամատիկ դրվագը տեղի ունեցավ 11 մետրանոց հարվածաշարի ավարտից հետո, երբ Մաուրիսիո Պելեգրինոյի հարվածի հետ մղումից հետո Օլիվեր Կանը թիմի հետ ուրախությունը նշելու փոխարեն, սկսեց մխիթարել դարպասային գծի վրա կուչ եկած Սանտիագո Կանիսարեսին։

5․ «Մանչեսթեր Յունայթեդ» 1։1 (11 մ՝ 6։5) «Չելսի» 2007/08

Հանդիպման օր – 2008 թվականի մայիսի 21

Հանդիպման վայր – «Լուժնիկի» Մոսկվա

Գոլերի հեղինակներ – 1։0 – Կրիշտիանու Ռոնալդու 26′, 1։1 – Ֆրենկ Լեմպարդ 45′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Էդվին վան դեր Սար («Մանչեսթեր Յունայթեդ»)

Ռոման Աբրամովիչը «Չելսին» ձեռք բերելուց հետո ամեն ինչ անում էր, որպեսզի ակումբը համաշխարհային մակարդակի ֆուտբոլ ցուցադրի, այդ իսկ պատճառով սկսեց ծախսել միլիոնավոր եվրոներ և 2004 թվականին թիմ հրավիրեց «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգան նվաճած Ժոզե Մոուրինիոյին։

Առաջին երկու մրցաշրջաններում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «ազնվականները» հավասարը չունեին Անգլիայում՝ երկու անգամ նվաճելով ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը, սակայն ակումբին ոչ մի կերպ չէր հաջողվում դուրս գալ նույնիսկ ՉԼ եզրափակիչ։

«Չելսին» վերջին երեք խաղարկություններից երկուսում հասել էր կիսաեզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պայքարը զիջել էր «Լիվերպուլին», իսկ մեկ անգամ պայքարից դուրս մնաց 1/8 եզրափակչից, երբ պարտվեց «Բարսելոնային»։

2007/08 մրցաշրջանն էլ այնքան հաջող չէր սկսվել լոնդոնյան ակումբի համար, քանի որ առաջնության մեկնարկում ակումբի գործերն այնքան էլ լավ չէին և ՉԼ առաջին տուրի «Ռուսենգբորգի» դեմ խաղից հետո, որն ավարտվեց 1։1 հաշվով, Ժոզե Մոուրինիոն հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այդ ամենի հիմնական պատճառը եղել է Ռոման Աբրամովիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Ժոզեին փոխարինեց նրա օգնական Ավրահամ Գրանտը և բոլորի համար անսպասելի ակումբին դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ։

«Չելսին» խմբային փուլը հաղթահարեց հեշտությամբ՝ իրենից հետ թողնելով «Շալկե-04»-ին, «Ռուսենգբորգին», ինչպես նաև «Վալենսիային»։

1/8 եզրափակիչում և քառորդ եզրափակիչներում «Չելսիին» այնքան էլ լուրջ մրցակիցներ բաժին չէին հասել։ Նրանք համապատասխանաբար հաղթահարեցին «Օլիմպիակոսի» և «Ֆեներբախչեի» դիմադրությունը, իսկ կիսաեզրափակիչում կրկին սպասում էր «Լիվերպուլը»։ Դիմայության առաջին խաղը, որը կայացավ «Լիվերպուլի» դաշտում, մինչև 90-4-րդ րոպեն տանտերերը Դիրկ Կայտի գոլի շնորհիվ հաղթում էին, սակայն «ազնվականների» վերջին գրոհի ժամանակ մերսիսայդյան ակումբի պաշտպան Յոն-Արնե Ռիսեն գրավեց սեփական դարպասը։

Պատասխան խաղն անցավ էլ ավելի դրամատիկ պայքարում։ Հանդիպման հիմնական ժամանակը կրկին ավարտվեց 1։1 հաշվով և խաղը տեղախփովեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գրանցվեց ևս երեք գոլ, որոնցից երկուսի հեղինակը հենց լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներն էին։ «Չելսին» հաղթեց 3։2 հաշվով և վերջապես թե՛ շրջանցեց «Լիվերպուլին» ևբթե՛ դուրս եկավ ՉԼ եզրափակիչ, որտեղ սպասում էր «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Յունայթեդը», չնայած ԱՊԼ-ի հիմնական տոն տվողներից մեկն էր, սակայն վերջին տարիներին որևէ լուրջ հաջողություն չէր գրանցում եվրոպական մրցասպարեզում։ Ակումբը կա՛մ դուրս չէր գալիս խմբից, կա՛մ պայքարը լքում էր 1/8 եզրափակչից, սակայն այդ մրցաշրջանը հենց նրանց տարին էր։

«Կարմիրները» նախքան եզրափակիչ հասնելը փայլուն անցկացրին խմբային փուլը՝ հաղթելով 6 խաղից 5-ը։ Փլեյ-օֆֆ-ում «Յունայթեդն» ուժեղ գտնվեց «Լիոնից», «Ռոմայից», ինչպես նաև անկում ապրող «Բարսելոնայից»։

Եզրափակիչը ստացվեց անգլիական։ Մրցաշարի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ երկու անգլիական ակումբներ բախվելու էին եզրափակիչում։ Ինչպես ցանկացած եզրափակիչ, այդ եզրափակիչը նույնպես անցավ լարված պայքարում։ Ճիշտ է՝ երկու ակումբներն էլ հանդիպման մեկնարկում զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում։ Չնայած այդ զգուշավորությանը՝ կողմերն առաջին խաղակեսում մեկական գնդակով փոխանակվեցին առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակում «Չելսին» ուներ թե՛ տարածքային և թե՛ խաղային տեսանելի առավեություն, սակայն լոնդոնյան ակումբին ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակ կորզել։ Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար։

Այդ հարվածաշարը կմնա որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկներից մեկը։ Հարվածաշարի ժամանակ «Յունայթեդը» մեկ վրիպում թույլ տվեց, որի հեղինակը բոլորի համար անսպասելորեն եղել էր Կրիշտիանու Ռոնալդուն, և երբ լոնդոնյան ակումբի ավագ Ջոն Թերին պետք է իրացներ վճռորոշ հարվածը, հարվածի պահին նրա ոտքը սայթաքեց թաց խոտածածկի վրա։ Գնդակը դիպավ դարպասաձողին՝ դուրս գալով դաշտի դիմային գծից։

«Չելսիի» ֆուտբոլիստները շոկի մեջ էին։ Հետագայում «Յուայթեդի» ֆուտբոլիստներն իրենց բոլոր մյուս երեք հարվածները իրացրին դիպուկ, իսկ վճռորոշ պահին նշակետից վրիպեց «ազնվականների» հարձակվող Նիկոլա Անելկան։ Այդ դրվագում փայլեց հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը՝ իր թիմին պարգևելով երրորդ Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Ջոն Թերին հարվածաշարի ավարտից հետո էլ երկար ժամանակ չէր հանդարտվում և շարունակում էր արտասվել։

4. «Միլան» 4։0 «Բարսելոնա» 1993/94

Հանդիպման օր – 1994 թվականի մայիսի 18

Հանդիպման վայր- «Օլիմպիական» Աթենք

Գոլերի հեղինակներ – 1։0 – Դանիելե Մասարո 22′, 2։0 – Մասարո 45+2′, 3։0 – Դեյան Սավիչևիչ 47′, 4։0 – Մարսել Դեսայի 58′

1980-ականների վերջերից սկսած «Միլանը» հավասարը չուներ ողջ աշխարհում։ Արիգո Սակիի գլխավորությամբ միալնանյան ակումբը հաղթում էր գրեթե բոլոր միջազգային մրցաշարերում։ Ակումբը 1988 և 1989 թթ․ երկուական անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթը, Եվրոպայի սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը, իսկ ակումբի կազմում փայլում էին Մարկո վան Բաստենը, Ռուդ Գուլիտն ու Ֆրենկ Ռայկարդը։

1991 թվականին Արիգո Սակին հեռացավ ակումբից: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆաբիո Կապելոն։ Սակիի հեռանալուց հետո էլ «Միլանը» չկորցրեց իր փառքը, ընդհակառակաը, ավելի կատարելագործվեց և ավելի շատ տիտղոս նվաճեց, սակայն այս անգամ իտալական ակումբը տոն էր տալիս ներքին առաջնությունում։ 1992-1994 թվականներին ակումբը երեք անգամ անընդմեջ նվաճեց Սկուդետոն։ Այդ տարիների «Միլանը» պարզապես տիպիկ իտալական ֆուտբոլ էր ցուցադրում՝ կատենաչոյի տարրերով համեմված։ Ակումբը շատ խաղերում հաղթում էր նվազագույն՝ 1։0 հաշվով։

Բայց, պետք է նշենք նաև, որ ակումբը շարունակում էր իր խոսքն ասել նաև եվրոպական մրցասպարեզում։ 1992/93 մրցարջանում «Միլանը» կրկին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 1։0 հաշվով պարտվեց «Մարսելին»։

«Բարսելոնան» իր հերթին 1988/89 մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի գլխավոր մարզիչ նշանակեց Յոհան Կրոյֆին, ում գլխավորությամբ կատալոնական ակումբը սկսեց պարզապես անհավանական գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում նաև՝ 1992 թվականին Չեմպիոնների լիգան։

1993/94 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը երկու թիմերն էլ կարելի է ասել ֆավորիտի կարգավիճակով էին մոտենում։ «Բարսելոնան» մինչև եզրափակիչ հասնելը կրեց ընդամենը մեկ պարտություն, երբ մրցաշարի առաջին փուլի «Դինամո Կիևի» դեմ առաջին խաղում 3։1 հաշվով հաղթեց ուկրաինական ակումբը, սակայն պատասխան խաղում կատալոնացիները հաղթեցին 4։1՝ շարունակելով պայքարը։ «Միլանն» ընդհանրապես մինչև եզրափակիչ որևէ պարտություն չկրեց։

Եզրափակիչ խաղից առաջ «Բարսելոնան» համարվում էր հանդիպման ֆավորիտ, քանի որ «Միլանը» մի շարք կորուստներով էր մոտենում հանդիպմանը։ Ակումբի հիմնական երկու պաշտպանները՝ Ալեսանդրո Կոստակուրտան և Ֆրանկո Բարեզին վնասվածք ունեին, իսկ այն ժամանակ Չեմպիոնների լիգայում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով Ֆաբիո Կապելոն զրկվել էր նաև Բրայան Լաուդրուպից և Ժան-Պիեր Պապենից, սակայն այդ օրը «Միլանն» իսկական դաս տվեց «Բարսելոնային»՝ դնելով կրոյֆյան ժամանակահատվածի անկման սկիզբը։ Այդ օրը խփվեց նաև Չեմպիոնների լիգայի պատմության ամենագեղեցիկ գնդակներից մեկը, որի հեղինակը դարձավ Դեյան Սավիչևիչը։

«Միլանը» դարձավ Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, իսկ այդ հաղթանակը շատ փորձագետներ համարում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տակտիկական առումով լավագույն հաղթանակը։

3. «Ռեալ» 4։1 «Ատլետիկո» 2013/14

Հանդիպման օր – 2014 թվականի մայիսի 24

Հանդիպման վայր – «Էշտադիու դա Լուշ» Լիսաբոն

Հանդիպման գոլեր – 0։1 – Դիեգո Գոդին 36′, 1։1 – Սերխիո Ռամոս 90+3′, 2։1 – Գարեթ Բեյլ 110′, 3։1 – Մարսելո 118′, 4։1 – Կրիշտիանու Ռոնալդու 120′

Հանիպման լավագույն ֆուտբոլիստ – Սերխիո Ռամոս («Ռեալ»)

«Ռեալը» 2000-ականների կեսերից այնքան էլ լավ ժամանակներ չէր ապրում։ «Արքայական» ակումբը հաճախ էր մարզիչներին փոխում և հատուկենտ էր նվաճում որևէ տիտղոս։ 2002 թվականին Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո «Ռեալը» տարիներ շարունակ որևէ լուրջ հաջողություններ չէր գրանցում և հաճախ պայքարը լքում էր նույնիսկ 1/8 եզրափակչից, սակայն ամեն ինչ փոխվեց Ժոզե Մոուրինոյի՝ 2010 թվականին ակումբը գլխավորելուց հետո։

Ճիշտ է՝ ակումբը նրա գլխավորությամբ չնվաճեց շատ տիտղոսներ, սակայն պորտուգալացի մասնագետը դրեց այն հիմքերը, որը հետագայում պետք է նվաճեր ամեն ինչ։ 2011-13 թվականների ակումբը երեք անգամ անընդմեջ հասնում էր մրցաշարի կիսաեզրափակիչ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում նվաճել եզրափակիչի ուղեգիր։ «Ռեալի» ճանապարհին այդ տարիներին կանգնեցին «Բարսելոնան», «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։

2012/13 մրցաշրջանում «Ռեալը» որևէ տիտղոս չնվաճեց, Ժոզե Մոուրինոն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվեց Կառլո Անչելոտին, և սկսվեց այն, ինչին երկար էին սպասում ակումբի երկրպագուները։

«Ատլետիկոն» 1990-ականների կեսերից սկսած որևէ լուրջ հաջողություններ չէր գրանցում: Նույնսիկ Լա լիգայի 1999/00 մրցաշրջանի արդյունքում մադրիդյան ակումբը լքեց բարձրագույն առաջնությունը՝ նահանջելով Սեգունդա։ «Հնդկացիները» բարձրագույն առաջնություն վերադարձան միայն երկու տարի անց, երբ 2001/02 մրցաշրջանում հաղթեց Սեգունդայի առաջնությունն։

Ամեն ինչ փոխվեց 2009 թվականին, երբ 2009/10 մրցաշրջանի մեկնարկը ձախողելուց հետո ակումբը գլխավոր մարզիչ Աբել Ռեսինոյին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով Կիկե Սանչես Ֆլորեսին։ Մադրիդյան ակումբն այդ մրցաշրջանում նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը, դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվեց եզրափակիչում «Սևիլիային» (0։2), իսկ հաջորդ մրցաշրջանի մեկնարկում նվաճեցին Եվրոպայի սուպերգավաթը՝ 2։0 հաշվով հաղթելով «Ինտերին»։

Սակայն ակումբի ցուցադրած արդյունքները ներքին առաջնությունում ոչ մի կերպ չէին բավարարում ակումբի ղեկավարությանը և 2011 թվականի դեկտեմբերին պաշտոնանկ արեց Ֆլորեսին և նրա փոխարեն նշանակեց ակումբի նախկին ավագ Դիեգո Սիմեոնեին, ինչից հետո էլ «Ատլետիկոն» վերածվեց եվրոպական թոփ մակարդակի ակումբի։

Հենց այդ մրցաշրջանում ակումբը ևս մեկ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը՝ եզրափակիչում 3։0 հաշվով առավելության հասնելով Բիլբաոյի «Ատլետիկին», իսկ մրցաշրջանի մեկնարկում կրկին նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ «Հնդկացիների» զոհը ՉԼ գավաթակիր «Չելսին» էր։ «Ատլետիկոն» հաղթեց 4։1 հաշվով, իսկ Ռադամել Ֆալկաոն առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

2012/13 մրցաշրջանում էլ «Ատլետիկոն» գավաթի եզրափակիչում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 2։1 հաշվով կամային հաղթանակ «Ռեալի» նկատմամբ՝ 17 տարվա դադարից հետո նվաճելով արքայական գավաթը։

Նախքան 2013/14 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, «հնդկացիներն» արդեն նվաճել էին Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Վերջին անգամ չեմպիոնական տիտղոսը մադրիդյան ակումբը նվաճել էր 1995/96 մրցաշրջանում։

Չեմպիոնների լիգայի այդ խաղարկությունում հասուանցել էր «Ռեալի» եզրափակիչ հասնելը և մինչև եզրափակիչ հասնելը գրեթե ոչ մի խնդիր չունեցավ։ «Ռեալը» խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ վաստակելով 16 միավոր, 1/8 եզրափակիչում ընդհանուր 9։2 հաշվով հաղթեց «Շալկե-04»-ին, քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում էլ պայքարից դուրս թողեց համապատասխանաբար «Բորուսիա Դորտմունդին» և «Բավարիային»։

«Ատլետիկոն» շատերի կարծիքով եզրափակիչ հասավ անակնալ կերպով։ Ցանկացած մի փոքր ուժեղ թիմ էլ կարող է «Զենիթի», «Պորտուի» և «Աուստրիայի» հետ նույն խմբում վաստակի 16 միավոր, իսկ երբ 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողնում «Միլանին», իսկ քառորդ եզրափակիչում «Բարսելոնային», ապա արդեն լուրջ հայտ է գավաթը նվաճելու համար։ Կիսաեզրափակիչում էլ մադրդիյան ակումբն ուժեղ գտնվեց «Չելսիից»։

Եզրափակիչ խաղի առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն 36-րդ րոպեին «Ատլետիկոն» բացեց հանդիպման հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետ «հնդկացիների» գրոհը երկրորդ տեմպ ստացավ և Խուանֆրանի գլխով կատարած փոխանցումից հետո Դիեգո Գոդինը գրավեց Իկեր Կասիլիասի դարպասը, ով անհաշվենկատ էր դուրս եկել իր տեղից։

Ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում Կառլո Անչելոտիի սաներն անընդհատ գրոհում էին ու գրոհում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Թվում էր՝ «Ատլետիկոն» այդ գավաթն էլ կնվաճի՝ ցնցելով ողջ ֆուտբոլային աշխարհը, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին ավելի կոնկրետ` 92։48-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Սերխիո Ռամոսը գլխով անհավանական հարված կատարեց՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չափազանց ընկճված էին և չկարողացան որևէ բան դիմադրել «Ռեալին»՝ բաց թողեով ևս երեք գնդակ։ «Արքայական» ակումբը երկար դադարից հետո նվաճեց բաղձալի գավաթը՝ լա դեսիման։

2․ «Մանչեսթեր Յունայթեդ» 2։1 «Բավարիա» 1998/1999

Հանդիպման օր – 1999 թվականի մայիսի 26

Հանդիպման վայր – «Նոու Կամպ» Բարսելոնա

Գոլերի հեղինակներ – 0։1 – Մարիո Բասլեր 6′, 1։1 – Թեդի Շերինգհեմ 90+1′, 2:1 – Օլե-Գունար Սուլշեր 90+3′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Մարիո Բասլեր («Բավարիա»)

90-ականների ընթացքում թե՛ «Բավարիան», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը» բավարարվում էին միայն ներքին գավաթները նվաճելով, և եթե «Յունայթեդը» դա անում էր ավելի հաճախ, ապա Բունդեսլիգայում այդ ժամանակներում ավելի լավ տեսք ուներ Դորտմունդի «Բորուսիան»։ Վերջինս էլ ավելի հաջող էր երկիրը ներկայացնում նաև եվրոպական մրցազասպարեզում։ Դորտմունդցիները 1996/97 թվականին նույնսիկ նվաճեցին բաղձալի գավաթը, իսկ մյունխենյան ակումբը այդ տարիներին որևէ լուրջ հաջողություններ չի գրանցել։ Ամեն ինչ փոխվեց 1998/99 թվականի մեկնարկից առաջ, երբ ակումբը գլխավորեց Օտմար Հիցֆելդը, իսկ ակումբի կազմում փայլում էին Օլիվեր Կանը, Լոթար Մաթեուսը, Բիքսանտ Լիզարազյուն, Շտեֆան Էֆենբերգը, Կարստեն Յանկերը, Մարիո Բասլերը, Ջիովանե Էլբերը և այլ շատ լեգենդար ֆուտբոլիստներ։

«Յունայթեդն» այդ տարիներին քիչ-քիչ թափ էր հավաքում և ժամանակն էր նաև եվրոպական լուրջ հաջողություններ գրանցել, քանի որ անգլիական ակումբը Սըր Ալեքսի գլխավորությամբ դեռևս չէր նվաճել բաղձալի գավաթը։

1998/99 մրցաշրջանում «Յունայթեդն» ու «Բավարիան» մինչև եզրափակիչ հասնելն արդեն հանդիպել էին խմբային փուլում։ Խմբում 11 միավորով հաղթեց «Բավարիան», իսկ կողմերի միջև երկու խաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի։ Մյունխենում գրանցվեց 2։2 հաշիվը, իսկ Մանչեսթերում՝ 1։1։ «Յունայթեդն» էլ վաստակեց 10 միավոր։ Այն ժամանակվա կանոնների համաձայն պայքարը շարունակում էին վեց խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն երկու ակումբները, որոնց թվում էր նաև «Յունայթեդը»։

Քառորդ եզրափակիչում «Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Ինտերին», իսկ «Բավարիան»՝ «Կայզերսլաութերնին», և եթե քառորդ եզրափակչում երկու ակումբներն էլ դժվար պայքարի չհանդիպեցին, ապա կիսաեզրափակիչները ստացվեցին լեգենդար։

«Կարմիր սատանաները» կիսաեզրափակիչում հրաշքով հաղթահարեցին «Յուվենտուսի» արգելքը։ Առաջին խաղում մանկունյական ակումբը սեփական հարկի տակ պարտությունից փրկվեց միայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում․ գրանցվեց 1։1 հաշիվը, իսկ պատասխան խաղի 11-րդ րոպեի դրությամբ թուրինյան ակումբը Ֆիլիպո Ինձզագիի դուբլի շնորհիվ հաղթում էր 2։0 հաշվով, սակայն Սըր Ալեքսի թիմը չընկճվեց և երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Աչքի ընկան Ռոյ Քինը, Էնդի Քոուլը և Դուայթ Յորքը։

«Բավարիան» էլ կիսաեզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթահարեց «Դինամո Կիևի» արգելքը։ Կիևում կայացած առաջին խաղում ուկրաինական ակումբը հանդիպման ընթացքում հաղթում էր 3։1 հաշվով, սակայն մյունխենյան ակումբը փրկեց խաղն, իսկ պատասխան խաղում հաղթեց 1։0 հաշվով։

Եզրափակիչ խաղից առաջ երկու կողմերն էլ մի շարք կորուստներով էին մոտենում խաղին, այդ պատճառով էլ կողմերի հնարավորությունները կարելի էր հավասար գնահատել՝ չնայած «Յունայթեդի» կորուստներն ավելի նշանակալի էին, քանի որ խաղը որակազրկման պատճառով բաց թողեցին թիմի ավագ Ռոյ Քինն ու Պոլ Սքոուլզը։ «Բավարիայից» էլ խաղը բաց թողեցին Բիքսանտ Լիզարազիուն և Ջիովանե Էլբերը։

Խաղը մեկնարկեց «Բավարիայի» արագ գոլով։ 6-րդ րոպեին Կարստեն Յանկերի նկատմամբ տուգանային հրապարակի մատույցների մոտ կանոնների խախտում թույլ տվեցին։ Մարիո Բասլերը տուգանայինի իրացումից հետո դարձավ ոսկերչական գոլի հեղինակ։

Այդ գոլից հետո խաղում ընթանում էր ավելի շատ տակտիկական պայքար, «Բավարիան» խաղի գրեթե ողջ ընթացքում որևէ լուրջ խնդիրներ չունեցավ պաշտպանությունում, «Յունայթեդի» մոտ ամեն ինչ չէր, որ ստացվում էր, մյունխենյան ակումբի գրոհները շատ ավելի վտանգավոր էին, նույնիսկ երկու անգամ մանչեսթերյան ակումբին փրկեց դարպասաձողը։

Ամեն ինչ փոխվեց, երբ 67 ու 81-րդ րոպեներին Ալեքս Ֆերգյուսոնը երկու փոխարինում կատարեց՝ խաղադաշտ մցնելով համապատսխանաբար Թեդի Շերինգհեմին և Օլե-Գունար Սուլշերին, և երբ թվում էր՝ «Բավարիան» չորրորդ անգամ կնվաճի գավաթը, «կարմիր սատանաները» արեցին այն, ինչ որևէ ակումբի դեռևս չէր հաջողվեց՝ կերտելով պատմություն։

90+1 և 90+3-րդ րոպեներին Դևիդ Բեքհեմը երկու անգամ աջ եզրից իրացրեց անկյունային հարված, ինչից հետո նախ Շերինգհեմը, այնուհետև Սուլշերը գրավեցին Օլիվեր Կանի դարպասը՝ ցնցելով «Նոու Կամպ» մարզադաշտում հավաքված ավելի քան 90 հազար երկրպագուներին։ Մյունխենը տապալված էր, իսկ Մանչեսթերը՝ ՉԼ կրկնակի գավաթակիր։

1․ «Միլան» 3։3 (11 մ՝ 2։3) «Լիվերպուլ» 2004/05

Հանդիպման օր – 2005 թվականի մայիսի 25

Հանդիպման վայր – «Օլիմպիական» Ստամբուլ

Գոլերի հեղինակներ – 1։0 – Պաոլո Մալդինի 1′, 2։0 – Էրնան Կրեսպո 39′, 3։0 – Կրեսպո 44′, 3։1 – Սթիվեն Ջերարդ 54′, 3։2 – Վլադիմիր Շմիցեր 56′, 3։3 – Խաբի Ալոնսո 60′

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»)

2000-ականների սկզբներին «Լիվերպուլը» անգլիական միջակ ակումբ էր, որը չէր գրանցում լուրջ հաջողություններ։ 1998-2004 թվականներին ակումբը գլխավորում էր ֆրանսիացի մասնագետ Ժերար Ուլիեն, ում գլխավորությամբ ակումբի միակ լուրջ հաջողություներով տարին եղել է 2001 թվականը, երբ ակումբը նվաճեց բոլոր գավաթային մրցաշարերը, որին մասնակցում էր, այդ թվում նաև ՈՒԵՖԱ-ի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Այդ ընթացքում մերսիսայդյան ակումբը հաճախ Չեմպիոնների լիգայի խաղարկությանն էլ չէր մասնակցում։ Ամենալուրջ հաջողությունը «Լիվերպուլը» գրանցեց 2001/02 խաղարկությունում, երբ Ուլիեի գլխավորած ակումբը հասավ մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ, սակայն ընդհանուր 4։3 հաշվով զիջեց «Բայերին», որը հետագայում հասավ եզրափակիչ։

2003/04 մրցաշրջանն էլ ձախողելուց հետո Ժերար Ուլիեն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվեց «Վալենսիայի» հետ լուրջ հաջողություններ գրանցած Ռաֆայել Բենիստեսը և մի անգամից թիմին պարգևեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Միլանն» իր հերթին 2000-ականների աշխարհի հզորագույն ակումբներից մեկն էր և կրկին տոն էր տալիս եվրոպական ֆուտբոլում։ Կառլո Անչելոտին գրեթե անպարտելի թիմ էր հավաքել, որը 2002/03 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Ակումբի կազմում փայլում էին Կական, Անդրեյ Շևչենկոն, վետերան Պաոլո Մալդինին, Ջենարո Գատուզոն, Անդրեա Պիռլոն, Կլարենս Զեեդորֆը։ Կարճ ասած՝ նման աստղաբույլի հետ միալանյան ակումբը պարտավոր էր յուրաքանչյուր տարի նվաճել բոլոր գավաթները, սական ամեն ինչ իր հերթին։

2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Լիվերպուլը» զբաղեցրեց Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնականը։ Մերսիսայդյան ակումբը այդ կերպ նվաճեց ՉԼ որակավորման երրորդ փուլի ուղեգիր և երկու խաղերի արդյունքում ընդհանուր 2։1 հաշվով պայքարից դուրս թողեց ավստրաիակն ԳԱԿ ակումբին։

Խմբային փուլն էլ «կարմիրները» հաղթահարեցին մեծ դժվարությամբ։ Ռաֆա Բենիտեսի սաները վաստակեցին 10 միավոր և միայն «Օլիմպիակոսի» նկատմամբ ունեցած անհատական խաղերի առավելության շնորհիվ պայքարը շարունակեցին 1/8 եզրափակիչում։

Փլեյ-օֆֆ առաջին փուլում անգլիական ակումբն ընդհանուր 6։2 հաշվով հաղթեց «Բայերին», այնուհետեև քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին», իսկ «Չելսիի» դեմ կայացած կիսաեզրափակ պատասխան խաղում վճռորոշ դարձավ Լուիս Գարսիայի խիստ կասկածելի գնդակը, որը խփվեց 4-րդ րոպեին ու մերսիսայդյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով։

«Միլանն» իր ճանապարհը մինչև կիսաեզրափակիչ անցավ բավականին հեշտ՝ կրելով ընդամենը մեկ պարտություն։ «Ռոսոներիները» «Բարսելոնայի»,Դոնեցկի «Շախտյորի» և «Սելթիկի» հետ նույն խմբում էր հայտնվել և 13 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Անչելոտիի սաները խմբում միակ պարտությունը կրեցին «Բարսայից»։

1/8 եզրափակիչում միլանյան ակումբը երկու անգամ 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին։ Երկու անգամ էլ աչքի էր ընկել Էրնան Կրեսպոն։ Քառորդ եզրափակիչում միլանյան դերբիի ականտես եղանք։ Առաջին խաղում «Միլանը» հաղթեց 2։0 հաշվով, իսկ պատասխան խաղի 71-րդ րոպեի դրությամբ Անդրեյ Շևչենկոյի միակ գոլի շնորհիվ հաղթում էին «կարմրասևերը», սակայն 72-րդ րոպեին Էստեբան Կամբիասոն դարձավ գոլի հեղինակ, որը գերմանացի մրցավար Մարկուս Մերկը անհասկանալի կերպով չհաշվեց, ինչից հետո «Ինտերի» երկրպագուների կողմից սկսվեցին անկարգություններ, և խաղը մնաց անավարտ, իսկ «Ինտերի» անվան դիմաց գրանցվեց տեխնիկական պարտություն։

Կիսաեզրափակիչում «Միլանին» լուրջ փորձություն էր սպասվում։ Միլանյան ակումբի մրցակիցը վերածնունդ ապրող ՊՍՎ-ն էր, որը գլխավորում էր Գուս Հիդինգը։ Առաջին խաղում «Միլանը» հաղթեց 2։0 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվեց 1։3, սակայն պայքարը շարունակեց մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավելի խփելու շնորհիվ։

Եզրափակիչ հանդիպման ֆավորիտը միանշանակ «Միլանն» էր և առաջին խաղակեսում ապացուցեց իր ֆավորիտի կարգավիճակը։ «Միլանը» տակտիկական առումով գրեթե ոչնչացրեց մրցակցին։ Այդ խաղի առաջին խաղակեսում «Լիվերպուլի» դաշտի կենտրոնը կատարելապես ձախողվեց, ինչի պատճառով երեք անգամ գնդակը հանեցին սեփական դարպասից, և եթե «Միլանի» ֆուտբոլիստները մի փոքր ավելի զգոն գործեին, ապա միանշանակ ավելի շատ գնդակներ կհեղինակեին առաջին խաղակեսում։

Շատ է խոսվում այն մասին, որ «Միլանն» այդ հանդիպման ընդմիջմանն արդեն տոնելիս է եղել հաղթանակը։ Նշում են, որ իտալական ակումբի ֆուտբոլիստները հանդերձարանում երգել են, պարել են, ուրախացել են, իսկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները պատրաստվում էին երկրորդ խաղակեսին՝ պատրաստելով տակտիկական ծուղակներ։

Ընդմիջմանը Ռաֆա Բենիտեսը կատարեց շատ հետաքրքիր փոփոխություն։ Պաշտպան Ստիվ Ֆինանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց կիսապաշտպան Դիտմար Համանին՝ անցնելով երեք պաշտպանով խաղի։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ որևէ ակումբ 2005 թվականին կարող էր հանդես գալ երեք պաշտպանով, սակայն Ռաֆայել Բենիտեսը գնաց այդ քայլին։

Համանը տեղ զբաղեցրեց դաշտի կենտրոնում, իսկ Սթիվեն Ջերարդը շարժվեց ավելի առաջ, քանի որ առաջին խաղակեսում հենց Ջերարդի դիրքում էր հիմնական խոտանը։ Ջերարդը սկսեց հանդես գալի «կեղծ» 9 համարի դիրքում։ Հենց այդ տակտիկական փոփոխությունն էլ վռորոշ եղավ, քանի որ մերսիսայդյան ակումը երկրորդ խաղակեսում դաշտի կենտրոնում ստացավ այն նույն առավելությունը, ինչ «Միլանը»` առաջին կեսում։

Այն, ինչ արեց «Լիվերպուլն» այդ հանդիպման երկրորդ խաղակեսի 54-60-րդ րոպեներին, պարզապես ֆանտաստիկ էր և մտել է ֆուտբոլի պատմության մեջ։

Մերսիսայդյան ակումբը 6 րոպեում հավասարեցրեց հաշիվը։ Ակնհայտ էր, որ «Միլանը» թևաթափ էր եղել։ Դա հատկապես տեսանելի էր «Լիվերպուլի» երկրորդ գոլի ժամանակ, երբ մրցակցի գրոհի ժամանակ Կական պարզապես կանգնած հանդերձանքն էր ուղղում և հանգիստ դիտում էր, թե ինչպես է ընթանում «Լիվերպուլի» գրոհն իր աչքի առաջ, որն ավարտվեց Վլադիմիր Շմիցերի գոլով։

Նոմինալ հյուրերը հավասարեցրին հաշիվը և հանդիպման կրքերը հանդարտվեցին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ունեին մի շարք գոլային պահեր, որպեզի հաղթանակ կորզեն, սակայն խաղը տեղափխովեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ «Լիվերպուլի» դարպասապահ Յեժի Դուդեկը իսկական ներակայացում էր պատրաստել բոլորի համար, սակայն, հանուն արդարության, նշենք, որ լեհ դարպասապահը իր հետ մղած երեք հետ մղած 11 մետրանոցներից երկուս դեպքում խախտում էր կանոնները՝ ժամանակից շուտ դուրս գալով դարպասային գծի վրայից։

Այդ խաղի առաջին խաղակեսը ձախողելուց հետո անգլիական ակումբի ավագ Սթիվեն Ջերարդը պարզապես անհավական ֆուտբոլ սկսեց ցուցադրել։ Լրացուցիչ ժամանակում «Լիվերպուլը» վերադարձավ 4 պաշտպանով խաղի, իսկ աջ պաշտպանի դիրքում սկսեց հանդես գալ հենց Ջերարդը, ով անհավանական կերպով փակեց մրցակցի բոլոր անցումները։ Բառի բուն իմաստով` նա ոչ մի անգամ թույլ մրցակցին այդ եզրով ճեղքել պաշտպանությունը։ Ջերարդն այդ օրը արժանի կերպով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Լիվերպուլն» անհավանական հաղթանակ տարավ՝ մտնելով պատմության մեջ։ Այդ եզրափակիչը միանշանակ Չեմպիոնների լիգայի, եթե ոչ ֆուտբոլի ողջ պատմության լավագույն հանդիպումն է։ Այդ հանդիպումը մեզ սովորեցնում է, որ ֆուտբոլը տևում է 90 րոպե և չպետք է ժամանակից շուտ հավատալ հաջողությանը, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած թիմը հնարավոր չէ, որ լինի թույլ ամեն։ «Լիվերպուլն» ապացուցեց և կերտեց, որ Comeback ասելիս պետք է հասկանանք և հիշենք հենց այդ հաղթական հանդիպումը։

Ահա այս երկար հոդվածով էլ ներկայացրինք մեր կարծիքով Չեմպիոնների լիգայի լավագույն 10 եզրափակիչները։ Իրականում բավականին դժվար էր առանձնացնել 10 հանդիպում, քանի որ եզրափակիչները շատ-շատ են և այս տասնյակում կարող էին հայտնվել նաև այլ հանդիպուպմներ, սակայն նշված խաղերը պատմական առումով շատ բան են տվել ֆուտբոլին։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023