Մեկ նկարի պատմություն?

Մեկ նկարի պատմություն?

10/04/2020 - 23:13

Չեմպիոնների լիգայի 2000/01 մրցաշրջանի եզրափակչում միմյանց էին բախվել նախորդ երկու խաղարկությունների անհաջողակները՝ «Բավարիան» և «Վալենսիան»։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարվեց 1։1 հաշվով, ինչից հետո նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարը մյունխենյան ակումբի համար վատ սկսվեց․ բրազիլացի Պաուլո Սերժիոն գնդակն ուղարկեց տրիբունա։ Դրանից հետո երկու ակումբների խաղացողներն էլ երկուական անգամ աչքի ընկան դիպուկ հարվածով, ինչից հետո սկսվեց «Բավարիայի» դարպասապահ Օլիվեր Կանի հրաշագործությունները։

Կանը մեկ հարված հետ մղեց, ինչից հետո «Վալենսիայի» դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը պատասխանեց իր սեյվով։ Հաջորդ հարվածի ժամանակ գերմանացի դարպասապահը ևս անգամ փրկեց իր թիմին՝ մատների ծայրով հեռացնելով Ամատեո Կարբոնիի հարվածը։

Հարվածաշարի 14-րդ հարվածից հետո Օլիվեր Կանը հետ մղեց «Վալենսիայի» ֆուտբոլիստի իրացրած հարվածը՝ իր թիմին պարգևելով բաղձալի գավաթը, ինչից հետո ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Իր թիմակցիների հետ հաջողությունը նշելու փոխարեն, Կանը վերադարձավ «Վալենսիայի» դարպասապահ Սանտիագո Կանիսարեսի մոտ և սկսեց մխիթարել նրան։

«Մենք մեծ ճնշման տակ էինք։ Կարծում եմ՝ «Բավարիայի» այդ թիմի պիկն էր դա։ Եթե մենք այդ ժամանակ չհաղթեինք «Վալենսիային», հետագայում ավելի դժվար կլիներ, քանի որ ակումբի լավագույն ֆուտբոլիստներն արդեն իրենց առավելագույնին հասել էին։ «Վալենսիայի» դեմ խաղն այդ սերնդի վերջին հնարավորությունն էր, սակայն մեզ դիմակայում էր «Վալենսիան», որը պարտվել էր նախորդ տարվա եզրափակչում և նրանց համար նույնպես վերջին հնարավորությունն էր։

Հիշում եմ, թե ինչպես հաղթեցինք 11 մետրանոց հարվածաշարում, ինչից հետո Կանիսարեսը դարպասային գծի վրա սկսեց լաց լինել։ Ես հիշեցի, թե ինչպես էի 1999 թվականին նույնը զգացել «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվելուց հետո։ Զգացողությունները հավերժ են․ հաղթանակի զգացողությունը, բաց թողած գոլի կամ հետ մղած 11 մետրանոց հարվածի զգացողությունը։ Այդ պահերը երբեք չեն մոռացվում։ Տոնել հաղթանակը հաճելի է, սակայն դա այն չէ, ինչը կմնա քո մեջ»,-նշել է Օլիվեր Կանը 2013 թվականին։

Երեք հետ մղած 11 մետրանոցից հետո տրամաբանակն էր, որ Օլիվեր Կանը կճանաչվի այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ հետագայում գերմանացի դարպասապահը ստացավ նաև ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակը։

Նշենք, որ այդ դեպքից հետո համացանցում կեղծ լուրեր են տարածվել այն մասին, թե Կանիսարեսին հանդիպման ընդմիջմանը տեղեկացրել մոր մահվան մասին ու նրա՝ 11 մետրանոց հարվածաշարի ավարտից հետո լաց լինելը կապված է եղել հենց դրա հետ։ Նշվում է, որ Կանն էլ է իմացել դրա մասին և մոտեցել է նրան՝ մխիթարելու նպատակով, սակայն այդ լուրերը եղել են սուտ և անձամբ Կանիսարեսը 2013 թվականին Twitter-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Վերապրելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ մայրս բոլորին ցանկանում է ևս մեկ ուրախ Սուրբ Ծնունդ»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023