Չելսին ու Սիթին խնդիրներ ունեն,  Վուվլզի անհավանական հաղթանակը?

Չելսին ու Սիթին խնդիրներ ունեն, Վուվլզի անհավանական հաղթանակը?

19/01/2020 - 14:43

Անգլիական Պրեմիեր լիգայում կայանում է 23-րդ տուրը։ Առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Քրիսթալ Փելեսի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց հյուրերի կենտրոնական հարձակվող Չենկ Թոսունը։ Չնայած հանդիպման մեծ մասն անցավ «քաղաքաբնակների» բացահայտ առավելությամբ, Պեպ Գվարդիոլայի սաները միայն 82-րդ հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։ Ընդամենը 5 րոպե անց՝ 87-րդ րոպեին, Ագուերոն դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին, սակայն 90-րդ րոպեին Ֆերնանդինիոն գրավեց սեփական դարպասը։

«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Քրիստալ Փելեսը» 30 միավորով 9-րդն է։

Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ շարունակում է անկայուն ելույթները։ «Ազնվականներն» այս տուրում հյուրընկալվել էին «Նյուքասլին»։ «Չելսին» ունենալով ակնհայտ առավելություն՝ այդպես էլ չգտավ Մարտին Դուբրավկայի պաշտպանած դարպասի բանալին։

Երբ թվում էր՝ հանդիպումը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, «կաչաղակները» մրցավարի կողմից ավելացրած 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեցին։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Այզեկ Հեյդենը։

«Չելսին» 39 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլն» ունի 29 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնական։

Խնդիրների մեջ թաղված է նաև «Արսենալը»։ «Զիանգործներն» այս անգամ չկարողացան հաղթել «Շեֆիլդ Յունայթեդին»։ «Էմիրեյթս» մարզադաշտում խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին, լոնդոնյան ակումբին առաջ մղեց երիտասարդ հարձակվող Գաբրիել Մարտինելին, սակայն 83-րդ րոպեին Ջոն Ֆլեկը 1 միավոր կորզեց իր թիմի համար։

Քրիս Ուայլդերի սաները 33 միավորով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 29 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։

Խաղային ճգնաժամ է ապրում նաև լոնդոնյան մյուս ակումբը՝ «Տոտենհեմը», որն արդեն 4 խաղ է չի հաղթում։ Ժոզե Մոուրինոյի սաները այս տուրում հյուրընկալվել էին հետնապահների թվում ընթացող «Վոթֆորդին»։ Հավասար ընթացած խաղում Նայջել Պիրսոնի սաներն ավելի մոտ էին հաղթանակին, սակայն 70-րդ րոպեին Տրոյ Դինին չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

«Վոթֆորդը» շարունակում է իր անպարտելի խաղերի շարքը՝ հասնելով այն 6-ի։ Հետնապահները վաստակեցին 23 միավորվ և զբաղեցնում են 17-րդ հորիզոնականը՝ 1 միավորով առաջ անցնելով վտանգավոր գոտում ընթացող «Աստոն Վիլլայից»։ «Տոտենհեմը» 31 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Տուրի ամենադրամատիկ հանդիպումը կայացավ «Սենթ Մերի» մարզադաշտում, որտեղ «Սաութհեմպտոնն» ընդունել էր «Վուլվերհեմպտոնին»։ Առաջին խաղակեսից հետո Ռալֆ Հազնհյութլի սաները հաղթում էին 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ էին դարձել Յան Բեդնարեկն ու Շեյն Լոնգը։

Սակայն, երկրորդ խաղակեսում «գայլերը» տպավորիչ comeback-ի հեղինակ դարձան։ Հերթական փայլուն խաղն անցկացրեց Ադամա Տռաոռեն, ով դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ գոլահար Ռաուլ Խիմենեսը՝ խփելով իր 10-րդ գոլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրու Նետուն։

«Սրբերն» ընդհատեցին իրենց 5 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարքը՝ մնալով 28 միավորով և զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը։ «Վուլվզը» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Նունու Էսպիրիտու Սանտուի սաները 4-րդ տեղում ընթացող «Չելսիին» զիջում են ընդամենը 5 միավոր։

23-րդ տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Նորվիչ» 1։0 «Բորնմութ»

«Վեսթ Հեմ» 1։1 «Էվերտոն»

«Բրայթոն» 1։1 «Աստոն Վիլլա»

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023