Նեգրեյրան Բարսելոնայի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել «ընկնել խոտածածկին» 2012թ. Ռեալի դեմ  խաղից առաջ

Նեգրեյրան Բարսելոնայի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել «ընկնել խոտածածկին» 2012թ. Ռեալի դեմ խաղից առաջ

18/03/2023 - 09:53

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ կան հավաստի տեղեկություններ, որ «բլաուգրանան» 2001-2018 թվականների ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ նաև Իսպանիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահն էր:

Գործի առթիվ Կատալոնիայի դատախազությունն արդեն դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի, ակումբի նախկին տնօրեններ Օսկար Գրաուի և Ալբերտ Սոլերի, ինչպես նաև Նեգրեյրայի դեմ:

Նրանք մեղադրվում են  սպորտի ոլորտում կոռուպցիայի, անարդար վարչարարության և փաստաթղթերի կեղծման համար։

Ինչպես տեղեկացնում է Libertad Digital-ը, «Բարսելոնան» պնդում է, որ այդ գումարները Նեգրեյրային վճարել է մրցավարների վերաբերյալ զեկույցներ տրամադրելու դիմաց:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ամենը բացահայտվել է «Բարսելոնայի» նախկին տնօրեն Խոսեպ Կոնտրերասի բնակարանի խուզարկության ժամանակ, ով մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Հաղորդովում է, որ Նեգրեյրան իր զեկույցներից մեկը պատրաստել է 2012 թ. հոկտեմբերի 7-ին կայացած Էլ կլասիկոյից առաջ (2:2): Երեք էջանոց փաստաթուղթը նվիրված է եղել այդ հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Դելգադո Ֆերեյրոյին, ով առաջին անգամ էր սպասարկելու Էլ կլասիկոն:

Զեկույցում մանրամասն ներկայացվել է մրցավարի աշխատելաոճը և «Բարսելոնայի» ու «Ռեալի» այն հանդիպումների վիճակագրությունը, որոնք Դելգադո Ֆերեյրոն է սպասարկել:

Բացի դրանից, զեկույցում նշվում էր նաև, որ Դելգադո Ֆերեյրոն լավ է հաղթահարում ճնշումը, վստահ է ինքն իր վրա, «առանց վարանելու ճնշում է ցանկացած կոպտություն», սակայն, իր գործընկերների համեմատ, վատ մարզավիճակում է, այդ պատճառով էլ դանդաղ է վազում և հաճախ հապաղում է դաշտի կենտրոնում:

Առանձին զեկույցում էլ Նեգրեյրան «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին խորհրդ է տվել այդ խաղում «ընկնել խոտածածկին կամ չշարունակել պայքարը, կանգ առնել» ցանկացած բախման դեպքում, որպեսզի Կարլոս Դելգադո Ֆերեյրոն խախտում արձանագրի այդ դրվագում:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023