Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բարսելոնայի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բարսելոնայի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

17/02/2023 - 20:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» կոռուպցիոն սկանդալի եզրին է, որի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Երկու օր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «բլաուգրանան» 2016-18 թթ. ընթացքում մաս-մաս 1.4 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերության սեփականատեր Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Այնուհետև, հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը Նեգրեյրայի ընկերության հետ համագործակցում է դեռևս 2003 թվականից և մինչև 2018 թ. նրան վճարել է 4.7 մլն եվրո, իսկ 2016-18 թվականներին «Բարսելոնայի» վճարած գումարը կազմել է DANSIL 95-ի ընդհանուր եկամտի 95%-ի։

Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյան վարձատրվել է երիտասարդ խաղացողների և մրցավարության մասին հաշվետվությունների դիմաց։

AS-ն էլ հաստատում է, որ Նեգրեյրային պատկանող ընկերությունը «Բարսելոնային» տրամադրել է գրավոր զեկույցներ և տեսանյութեր, որոնք պարունակում են մրցավարների անձնական տվյալներ և խաղերի ընթացքում նրանց պահվածքի վերլուծություն։

Դա տեղի է ունեցել Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և «Բարսելոնա Բ»-ի յուրաքանչյուր հանդիպումից առաջ։

Հաղորդվում է, որ բոլոր հաշվետվությունները պահվում են DANSIL 95-ի արխիվում և ցանկացած պահի կարող են տրամադրվել դատարան։

Հատկանշական է, որ Էնրիկես Նեգրեյրան Կատալոնիայի դատախազությանն հայտնել է, որ «Բարսելոնային» իր մատուցած խորհրդատվական ծառայությունը եղել է բացառապես բանավոր, սակայն դա հերքել են նրա որդին, ինչպես նաև «բլաուգրանայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի թիմի երկու անդամներ։

Marca-ն էլ, հղում կատարելով El Mundo-ին, հայտնում է, որ «Բարսելոնայի» ու Նեգրեյրայի միջև համագործակցությունն սկսվել է դեռևս 2001 թվականից` այդ ընթացքում նրան պատկանող ընկերությանը վճարելով շուրջ 6.6 մլն եվրո։

Կողմերի միջև համագործակցության սկզբում «Բարսելոնայի» նախագահը եղել է Ժոան Գասպարը, ում օրոք ակումբը Նեգրեյրային 2001/02 մրցաշրջանում վճարել է 135.288, իսկ 2002/03 մրցաշրջանում` 139.535 եվրո։

Ժոան Լապորտայի նախագահության առաջին շրջանում Նեգրեյրայի` «Բարսելոնայից» ստացած եկամուտը տարեց տարի սկսել է աճել։ 2003/04 մրցաշրջանում «բլաուգրանան» նրան ծառայությունների դիմաց վճարել է 145.758, իսկ 2009/10 մրցաշրջանում` արդեն 573.398 եվրո։

Սանդրո Ռոսելի կառավարման տարիներին (2010-14 թթ.) այդ գումարը գրեթե չի փոխվել, իսկ Խոսե Մարիա Բարտոմեուի նախագահության օրոք այն կրկին աճել է և 2016-18 թթ. Նեգրեյրան «Բարսայից» ստացել է 1.6 մլն եվրո։

Հավելենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե ապացուցվի, որ «Բարսելոնան» Նեգրեյրայի միջոցով կաշառել է մրցավարներին, ապա կատալոնական ակումբին դաժան պատժամիջոցներ են սպառնում` Լա լիգայից հեռացումից մինչև միավորների հանում «Պրեմիերայի» ընթացիկ խաղարկությունից և բազմամիլիոնանոց տուգանոց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023