Յուվեն ամուր կանգնած է․ Ռոմայի խաղը չստացվեց 🎥

Յուվեն ամուր կանգնած է․ Ռոմայի խաղը չստացվեց 🎥

06/02/2021 - 22:53

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»։

Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց․ 13-րդ րոպեին «բյանկոներիները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմաբրկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 16-րդ գոլը։

23-րդ րոպեին Ռոնալդուն կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «գայլերին» փրկեց հորիզոնական դարպասաձողը։

Ընդհանրապես, առաջին խաղակեսում «Ռոմայի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն հռոմեական ակումբի խաղն առանձնապես չէր ստացվում։


Պաուլու Ֆոնսեկայի սաները ողջ առաջին խաղակեսի ընթացքում այդպես էլ որևէ դիպուկ հարված չիրացրին Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասին, իսկ խաղակեսի ընթացքում «Ռոմայի» միակ իրական գոլային պահը գրանցվեց Բրայան Քրիստանտեի անվան դիմաց, երբ վերջինիս՝ ընթացքից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Երկրորդ խաղակեսում «գայլերն» ավելի ակտիվ էին, սական խաղադաշտում գրեթե նույն պատկերն էր ինչ առաջին կեսում․ «Ռոման» փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, բայց ոչինչ չէր ստացվում։ «Յուվենտուսը» անձնուրաց պաշտպանվում էր՝ թույլ չտալով նույնիսկ մոտենալ տուգանային հրապարակին, այդ պատճառով էլ հյուրերն իրենց երկու քիչ թե շատ վտանգավոր հարվածները կատարեցին տուգանային հրապարակի մատույցներից դուրս, սակայն Շյեսնին փրկեց իր թիմին։

Խաղն ակնհայտ ընթանում էր Անդրեա Պիռլոյի թիմի սցենարով, ինչն էլ արտացոլվեց 70-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Դեյան Կուլուսևսկին հարձակման աջ եզրով ներխուժեց «Ռոմայի» տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի Կրիշիտանու Ռոնալդուն, իսկ Ռոջեր Իբանյեսը, փորձելով փրկել իր թիմին, գնդակն ուղարկեց սեփական դարպասը, դառնալով ինքնագոլի հեղինակ։

Նախքան երկրորդ գոլը բաց թողնելը «Ռոմայի» կազմում փոխարինման էր դուրս եկել Էդին Ջեկոն, ինչից հետո հռոմեացիների խաղը շատ ավելի պարզունակ դարձավ․ վերևից բարձր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ, որոնք որևէ արդյունք չէին տալիս, քանի որ Լեոնարդո Բոնուչին ու Ջորջիո Կիելինին գերազանց էին գործում օդային մենապայքարներում։

«Ռոմային» ոչինչ անել չհաջողվեց, իսկ խաղն ավարտվեց «Յուվենտուսի»՝ 2։0 հաշվով հաղթանակով։

Ստացվեց այնպես, որ «Յուվենտուսը» երկրորդ խաղակեսում որևէ հարված չկատարեց Պաու Լոպեսի դարպասի ուղղությամբ, սակայն մեկ հաջող հակագրոհի շնորհիվ վճռեց հանդիպման ելքը։

Հավելենք, որ «գայլերի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով, ինչպես իր մյուս բոլոր թիմակիցները, միջինից ցածր հանդիպում անցկացրեց։

Այպսիսով, «ծեր սինյորան» վաստակեց 42 միավոր, շրջանցեց հենց «Ռոմային» և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Թուրինյան ակումը «Ռոմայի» համեմատ էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Գայլերն» էլ մնացին 40 միավորով՝ նահանջելով 4-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023