Թուրինյան կրքոտ դերբի․ Տորինոն լուրջ անախորժություններ պատճառեց Յուվենտուսին🎥

Թուրինյան կրքոտ դերբի․ Տորինոն լուրջ անախորժություններ պատճառեց Յուվենտուսին🎥

03/04/2021 - 21:58

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվնետուսի» դեմ։

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները խաղը բավական ակտիվ մեկնարկեցին և արդեն 13-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։

Արագ բաց թողած գոլը «Տորինոյի» ֆուտբոլիստներին չընկճեց, դեռ ավելին՝ նրանք 27-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվը, իսկ աչքի ընկավ Անտոնիո Սանաբրիան։

Բաց թողած գոլից հետո Անդրեա Պիռլոյի թիմը տիրել էր նախաձեռնությանը, սակայն առաջին կեսում այլևս գոլեր չեղան։

Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց անչափ անսպասելի, քանի որ արդեն 12-րդ վայրկյանին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ կրկին աչքի ընկավ Անտոնիո Սանաբրիան։

Հավելենք, որ բաց թողած գոլում մեծապես մեղավոր էին Դեյան Կուլուսևսկին և Վոյցեխ Շյեսնին․ շվեդ ֆուտբոլիստը սխալ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո Սանաբրիան դուրս եկավ հարվածային դիրք, իսկ Շյեսնին չկարողացավ փակել դարպասի մոտակա անկյունը։

Հայտնվելով պարտվողի դերում՝ «ծեր սինյորան» նետվեց առաջ՝ հանդիպումը փրկելու։

«Բյանկոներիները» երկրորդ խաղակեսի մեծ մասում ունեին առավելություն, սակայն միայն 81-րդ րոպեին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը․ տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալացի ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր 24-րդ գոլը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Ոգևորված ձեռքբերածով՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները պարազապես պաշարել էին «Տորինոյի» տուգանային հրապարակը և մի քանի անգամ կարող էին հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը, սակայն որոշ դրվագներում տանտերերի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն հրաշքներ էր գործում։

Հանդիպման 90-րդ րոպեին «Տորինոն» ինքը մոտ էր հաղթանակ կորզելուն, սակայն Սանաբրիայի կատարած գլխով հարվածը մոտ տարածությունից բարձր ստացվեց։

Ամեն դեպքում, կողմերին այդպես էլ չհաջողվեց պարզել հաղթողին, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո Անդրեա Պիռլոյի թիմը վաստակեց 56 միավոր և բարձացավ 4-րդ հորիզոնական։ Նույնքան միավոր ունի նաև «Նապոլին», սակայն հենց թուրինցիներն են 4-րդը։

Նշենք, որ «Յուվեն» ու «Նապոլին» ապրիլի 7-ին մրցեու են միմյանց միջև՝ անցկացնելով 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը։

Ինչ վերաբերում է «Տորինոյին», ապա Դավիդե Նիկոլայի սաները 24 միավորով 17-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023