Տորինոյի ֆանտաստիկ comeback-ը Ատալանտայի դեմ խաղում🎥

Տորինոյի ֆանտաստիկ comeback-ը Ատալանտայի դեմ խաղում🎥

06/02/2021 - 20:43

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։

Բերգամոսցիները հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեցին՝ 14-21-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով «Տորինոյի» դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենսի ու Լուիս Մուրիելի անվան դիմաց։

Թվում էր՝ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական փայլուն հաղթանակն են տոնելու, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ առաջնության հետնապահներից մեկին հաջողվելու է ընթացիկ մրցաշրջանի ամենատպավորիչ comeback-ներից մեկն իրականացնել։

Առաջին խաղակեսի վերջնամասից սկսած` «Ատալանտայի» խաղում ինչ-որ բան այն չգնաց, քանի որ թուրինյան ակումբը նախքան ընդմիջումը երկու գնդակ հետ բերեց։ Նախ 42-րդ րոպեին Անդրեա Բելոտին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրճատեց հաշիվը ապա՝ 45+1-րդ րոպեին Գեյսոն Բրեմեը՝ այն դարձրեց արդեն 3։2։

Շատերի համար անսպասելիորեն խաղի երկրորդ կեսում «Տորինոն» տարածքային և խաղային լուրջ առավելություն ուներ՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր, սակայն թուրինցիներին չէր հաջողվում խփել երրորդ պատասխան գնդակը։

84-րդ րոպեին, ամեն դեպքում, «Տորինոյի» տղաներին հաջողվեց փրկել հանդիպումը, իսկ փրկության գոլը խփեց Ֆեդերիկո Բոնացոլին։

Հատկանշական է, որ «Ատալանտան» երկրորդ խաղակեսում ընդամենը մեկ դիպուկ հարված կատարեց, ինչը, բնականաբար, բավարար չեղավ հաղթական հաշիվը պահելու համար։

Այսպիսով, թրիլլերային սցենարով ընթացած խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ «Ատալանտան» կարևոր միավորներ կորցրեց․ այժմ Բերգամոն ներկայացնող ակումբը, 37 միավորով, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունեն նաև «Նապոլին» ու «Լացիոն», սակայն լրացուցիչ ցուցանիշներով վերոնշյալ ակումբները համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականը։

«Տորինոն» 4-րդ անընդմեջ ոչ-ոքին է գրանցում, իսկ, ընդհանրապես, Դավիդե Նիկոլայի սաներն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 20 ակումբների շրջանակում ամենաշատն են խաղերն ավարտել ոչ-ոքի արդյունքում։ «Տորինոն» անցկացրած 21 խաղից 10-ն ավարտել է ոչ-ոքի։

Ընթացիկ տուրից հետո թուրինյան ակումբը վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023