Սիթին ոտքը չի հանում գազի ոտնակից․ Պեպը վրեժխնդիր է լինում Մոուրից 🎥

Սիթին ոտքը չի հանում գազի ոտնակից․ Պեպը վրեժխնդիր է լինում Մոուրից 🎥

13/02/2021 - 23:25

Շարունակում է անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Տոտենհեմի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «քաղաքաբնակների» առավելությամբ, ինչի արդյունքում 21-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։

Նշակետին մոտեցավ «Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերերն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Իլկայ Գյունդողանն ու Գաբի Ժեզուսը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Առաջին խաղակեսում «շնաձկները» առանձնապես ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին՝ կատարելով ընդամենը 2 հարված Էդերսոնի դարպասի ուղղությամբ, սակայն այդ սակավաթիվ հարվածներից մեկը քիչ էր մնում ավարտվեր գոլով, սակայն Հարի Քեյնի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 50-րդ րոպեին, Պեպ Գվարդիոլայի թիմը կրկնապատկեց հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը։

Անցավ ևս 15 րոպե և գերմանացի կիսապաշտպանը լուսատախտակին վառեց արդեն 3։0 հաշիվը։ Հետաքրքրական է, որ այդ դրվագում 30-ամյա ֆուտբոլիստին գոլային փոխանցում կատարեց «Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը։

Իլկայ Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում պարզապես փայլուն ֆուտբոլ է ցուցադրում։ Կիսապաշտպանն ԱՊԼ-ի շրջանակում խփած 11 գոլով մանկունյական ակումբի լավագույն ռմբարկուն է։

Երրորդ գոլից հետո «երկնագույնները» հանդարտեցրին խաղը և մոտեցրին այն իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Սիթին» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ, իսկ Պեպ Գվարդիոլան վրեժխնդիր եղավ Ժոզե Մոուրինիոյից՝ Պրեմիեր լիգայի առաջին շրջանում 0։2 հաշվով կրած պարտության համար։

«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցելով 7 միավոր։

«Տոտենհեմն» էլ 36 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023