Հոլանդացի անվանի ֆուտբոլիստին 9 տարվա ազատազրկում է սպառնում

Հոլանդացի անվանի ֆուտբոլիստին 9 տարվա ազատազրկում է սպառնում

24/01/2024 - 19:16

Մոսկվայի «Սպարտակի» և Նիդեռլանդների հավաքականի եզրային հարձակվող Քուինսի Պրոմեսը հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։

Ինչպես տեղեկացնում է Algemeen Dagblad-ը, 32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է ընդհանուր 1370 կգ կոկային տեսակի թմրամիջոցի տեղափոխման համար, որը հայտնաբերվել է 2020թ.` Բելգիայի Անտվերպեն քաղաքում։

Հաղորդվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը մաքսանենգ ճանապարհով կոկայինը տեղափոխելու համար ներդրել է 200 հազ. եվրո և մշտապես կապի մեջ է եղել հայտնի թմրավաճառ Փիթ Վորտելի հետ` հույս ունենալով դրա իրացումից աշխատել 6 մլն եվրո։

Այսօր` հունվարի 24-ին, Ամստերդամում տեղի է ունեցել այդ գործով հերթական դատավարությունը, որի ընթացքում դատախազը Պրոմեսի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում։

Դատախազի խոսքով՝ Պրոմեսը խոշոր հանցավոր խմբի անդամ է դարձել և ֆինանսավորել տվյալ կազմակերպությանը, որի պարագլուխներից մեկն է, ուստի նրա դեմ հարուցված գործն ամենալուրջն է։

Ընդ որում, Պրոմեսից բացի, երկրորդ կասկածյալը նրա հորեղբայր Մարիլիո Վ-ն է, ով գործել է ավելի հանգիստ` վախենալով իրավապահ մարմիններից։

Մարիլիո Վ-ին սպառնում է 8 տարվա ազատազրկում, ով մեղադրվում է նաև 17 հազ. եվրոյի չափով փողերի լվացման համար։

Նշվում է, որ Պրոմեսն այսօրվա դատավարությանը ներկա չի եղել։

Լրագրող Վիկտոր Շիլդկամպը հաստատում է, որ Նիդեռլանդների իշխանությունները մի քանի անհաջող փորձ են կատարել «Սպարտակի» կիսապաշտպանին արտահանձնելու համար։

Ավելացնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023