ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մանչեսթեր Սիթիի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մանչեսթեր Սիթիի նախագահին

20/08/2019 - 22:05

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ,- հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։ 

Լուսանկարը՝ President.am-ի

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023